ԿարևորՔաղաքական

Շուրջ 30 քաղաքական ուժ՝ արտահերթ խորհրդարանական ընտրապայքարում

Մայիսի 26-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերի փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետն էր։ Թեև  կուսակցություններն ու դաշինքները պետք է մինչև ժամը 18․00–ն այդ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեին, բայց հոսքն այնքան մեծ է եղել, որ ԿԸՀ–ն վերջնաժամկետից 2 ժամ անց էլ շարունակել է փաստաթղթեր ընդունել։

Վերջին շրջանում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերն ու դաշինքները մասնակիորեն հրապարակում էին ցուցակների առաջին տասնյակի անունները։ Մամուլի տեղեկությունները երբեմն հաստատվում էին, երբեմն  հերքվում։ Այսօր, այսպես ասենք, կուսակցությունները գաղտնազերծեցին իրենց  ցուցակները։

ՔՊ-ի ցուցակի առաջին քսանյակում գործարարներ Խաչատուր Սուքիասյանի ու Գուրգեն Արսենյանի անուններն են։ Նախկինում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գործարարները խորհրդարանում պետք է տեղ չունենան։

 «Ես չեմ պատկերացնում էնպիսի մի քաղաքական ուժ Հայաստանում, որի ընտրական ցուցակում երբեւէ չլինեն գործարարներ»։

ՔՊ-ի փաստաթղթերն ու 161 հոգանոց ցուցակը՝ ներառյալ 4 ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, ԿԸՀ-ին ներկայացրած պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էր։ Նա վստահեցրեց, թե իրենց ցուցակը բավականին ներառական է.

 «Միակ ակնկալիքն այն է, որ ժողովրդի իշխանությունը Հայաստանում վերահաստատվի, իսկ թե ում միջոցով կիրականացնի այդ իշխանությունը, ժողովրդի որոշելիքն է։ Պետք է սպասել ԱԺ ընտրությունների ավարտին, տեսնել, թե ամեն դեպքում ում են տալիս իրենց քվեն մեր քաղաքացիները»։ 

«Հանրապետություն» կուսակցության ցուցակում 103 թեկնածու է։ Այն գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, նրան հաջորդում է Արտակ Զեյնալյանը։ Առաջին 20-յակին ներկայացրեց Անի Խաչատրյանը։ 7-րդ համարն, ի դեպ, զբաղեցնում է Մանվել Ղազարյանը՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Վեդի Ալկոյի» սեփականատեր։ Գործարարնե՞ր՝  նայած ինչ եք հասկանում «գործարարներ» ասելով՝ ասաց Անի Խաչատրյանը։

«Չէ, չունենք։ Խոշոր գործարարներ չունենք։ ՔՊ-ի հետ համագործակցությու՞ն․ ամեն, ինչ կապխված է ընտրությունների արդյունքներից, ամեն ինչ կախված է հետագա ընթացքներից»։   

ՀՅԴ պաշտոնական էջում առավոտյան հրապարակվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին 20-յակը։ 153 թեկնածու կա ցուցակում, մրցունակության տեսանկյունից էլ շահեկան է՝ ԿԸՀ ներկայացնելով փաստաթղթերը մանրամասնեց դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը.  

 «Ներկա իշխանության եւ այն ներկայացնող քաղաքական միավորի հետ բացառվում է որեւէ  տեսակի համագործակցություն, որը, կարծում եմ, առավել ողջամիտ ու տրամաբանական արձագանք է՝ հաշվի առնելով, թե մենք ինչ ենք տեսնում այս երեք տարիների ընթացքում եւ հատկապես  2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, որը մինչ օրս շարունակվում է։ Բուն քարոզարշավը լիարժեք իր մասշտաբով չի սկսել, բայց մենք  արդեն ունենք նման պատկեր՝  իշխանության վարկանիշը ընկնում է, ընդդիմադիր դաշտում հանդես եկող «Հայաստան» դաշինքի վարկանիշը բարձրանում է»։

Մյուս  հարցերին հընթացս կանդրադառնանք, նաեւ զարգացումներն այդ ուղղությամբ գնան , ասաց Վարդեւանյանը՝ արձագանքելով հարցին, թե խորհրդարան անցնելուց հետո որ ուժի հետ է հնարավոր համարում կոլիցիա կազմելը «Հայաստան» դաշինքը։ «Պատիվ ունեմ» դաշինքը չի բացառում կոալիցիան ազգային ուժերի հետ, հայտարարվել են չափանիշները։ Այդ տեսանկյունից չեն բացառում համագործակցությունը «Հայաստան» դաշինքի հետ։ Էդմոն Մարուքյանի ղեկավարած ԼՀԿ-ն բացառում է կոալցիա Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նույնը՝ Ռոբերտ Քոչարյանի դեպքում։

ԲՀԿ–ն այս փուլում կոալիցիաների հարց չի դիտարկում։ Արման Աբովյանին լսենք.

 «ԲՀԿ-ն նույնիսկ չի դիտարկում ինչ-որ կոալցիաների ֆորմատներ եւ այլն։ Մենք դիտարկում ենք միայն եւ միայն շատ պարզ եւ հստակ իրողություն՝ մենք գնում ենք հաղթելու եւ մենք հաղթելու ենք»։

Խնդրում եմ սեւ կատու չփնտրել մութ սենյակում՝ ասաց Արման Աբովյանը՝ անդրադառնալով որոշ ԲՀԿ–ականների ցուցակում չներառվելու հարցին։ Հավելեց՝ ինտրիգներ չկան։ 100 հոգի է ցուցակում, սերնդափոխությունը նորմալ է՝ եզրափակեց Աբովյանը։

Քաղաքականության մեջ ոչինչ  չի բացառվում, բայց «Արդար Հայաստան» կուսակցությունն առանձին է մասնակցում՝ ասաց փաստաբան Նորայր Նորիկյանի գլխավորած ուժի ներկայացուցիչ Դավիթ Կարապետյանը։ Շանսերն ուղիղ համեմատական են ժողովրդի գիտակից ընտրությանը՝ ասում է, պարզաբանում, թե ինչու են մասնակցում ընտրությանը։    

 «Շատ պարզ պատճառով. այն ուժն ենք, որը կարող է եւ ի զորու է պետական շահը կարեւորել։ Պետք է այդ հնարավորությունը ունենա, որպեսզի ժողովրդի համար անի այն, ինչը ժողովուրդը ակնկալում է տեսնել իր ընտրածից»։

Ընտրություններին միայնակ է գնում նաեւ «Ազգային օրակարգ» կուսակցությունը՝ պատգամավորության 84 թեկնածուով։ Հայաստանը կործանման տանող ուժերի հետ որեւէ համագործակցություն բացառում ենք՝ առանց անուններ տալու ձեւակերպեց կուսակցության խորհրդի քարտուղար Արա Գասպարյանը։  

 «Պայմանական նախկիններ-ներկաներ չանենք, այսօրվա իշխանախումբը եւ նրա սատելիտները։ Ուրիշ ուժի հետ կոալիցիա՝ կգա ժամանակը, կքննարկենք։ Ակնկալիքները՝ հաղթելու ենք»։      

5 կուսակցություններ համախմբող «Ազատ հայրենիք» դաշինքն ընդհանրապես բացառում է որեւէ ուժի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը։ Այս մասին էլ  նշեց կուսակցության վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։

Նշենք նաեւ, որ վաղվանից սկսվում է գրանցման փուլը։ ԿԸՀ-ն կստուգի ներկայացված փաստաթղթերը եւ կգրանցի հայտատուին, եթե հայտը բավարարում է օրենքի պահանջներին։   

Back to top button