Սփյուռքի ձայնը

Հիասթափված Սփյուռքում ձուլման վտանգն ավելի մեծ է. Ռազմիկ Հարությունյան-Թամրազյան․ «Սփյուռի ձայնը»

Երբ Սփյուռքն իր մտահոգություններն է հայտնում, որին հայրենիքում ընթացք չի տրվում, հիասթափության մեծ ալիք է բարձրանում, հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն հայտնեց ավստրո-հայկական մշակութային միության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրիո տեղական մարմնի ատենապետ, ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» մրցանակի լիազոր ներկայացուցիչ և համադրող վարիչ, մշակութային, հասարակական ճանաչված գործիչ Ռազմիկ Հարությունյան-Թամրազյանը։

Ըստ նրա, երբ Հայաստանում վիճակը վատ է, Սփյուռքում երիտասարդներն ավելի արագ են ձուլման վտանգի առաջ կանգնում: Դա, ըստ Ռազմիկ Թամրազյանի, ունի տարբեր բացատրություններ: «Նախ Սփյուռքի ձայնը քիչ է լսվում: Սփյուռքն իրեն անտեսված է համարում, ինչի պատճառով երիտասարդ սփյուռքահայերը օտարանում են»,- ցավով ավելացնում է Ռազմիկ Թամրազյան-Հարությունյանը:

Ավստրիայում և Եվրոպայի մյուս երկրների հայկական համայնքներում ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում, ի՞նչ տեղեկություններ են ստանում հայրենիքից. Ավստրո-հայկական մշակութային միության նախագահ Ռազմիկ Հարությունյան- Թամրազյանն նշում է, որ ինֆորմացիայի առատությունն ու դրանց իրականությունն իմանալը այնքան դժվար է, որը կամ մեկուսանալու, կամ հիասթափվելու, կամ էլ անտարբեր դառնալու մթնոլորտ է ստեղծում:

«Սփյուռքը բազմաշերտ ու բազմաբևեռ հասկացություն է: Այստեղ էլ կան անհատներ, որոնց հայրենիքում կատարվածը չի հետաքրքրում: Իրենք մտածում են միայն սեփական բարօրության մասին: Եվ կան սրտացավ անհատներ, որոնք օրուգիշեր հայրենիքի կյանքով ու խնդիրներով են ապրում, ամեն առիթ օգտագործելով՝ հայրենիքին աջակցելու համար»,- ասում է նա։

Միաժամանակ հավելում, որ երբ պետական տարբեր պաշտոնյաներից լսում են այս կամ այն տեղանքի մասին իրարամերժ կարծիքներ կամ դիրքորոշումներ, ավելի ու ավելի ենք հիասթափվում։ Ութ տասնամյակը բոլորած մշակութային գործիչը կարծում է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները վերակազմակերպելու համար պետք է լինեն հանդիպումներ, քննարկումներ և փորձի փոխանակում։

«Հայաստանին աշխարհում ճանաչում են մշակույթով: Ոչ ԱԺ–ից հնչած ելույթները, ոչ էլ այլ ամբիոններն այնքան հնարավորություն չեն տալիս երկրի մասին խոսելու և ճանաչելու, որքան՝ մշակույթը:
Սակայն մենք տեսանք, որ և՛ մշակույթի նախարարությունը, և՛ Սփյուռքի նախարարությունը փակվեցին: Այդ երկու գերատեսչություններն էլ կարևոր դեր կարող էին խաղալ այսօր՝ աշխարհի հետ մեր շփումներում»:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաիմաստավորման, սփյուռքի դժգոհությունների և առաջարկների մասին մանրամասները լսեք հաղորդման ընթացքում:

Back to top button