ԿարևորՀասարակություն

Աշխատանքի հնարավորություն գյուղոլորտի մասնագետների համար

Հայաստանում գյուղոլորտի մասնագետների մեծ պահանջարկ կա. վստահ են Ագրարային համալսարանում։ Գործատու-ուսանող- շրջանավարտ կապ ստեղծելու համար Համալսարանում կազմակերպվել  է աշխատանքի տոնավաճառ,  որտեղ կան  300 թափուր աշխատատեղ, 80 գործատու և նոր հնարավորություններ՝ սկսնակ մասնագետների համար։ Տոնավաճառին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունը։ Արցախից տեղահանված և աշխատանք փնտրող քաղաքացիներին աջակցելու համար հավաքագրվել է ինֆորմացիա՝ թափուր աշխատատեղերի վերաբերյալ:

Կենսագործունեության անվտանգության մասնագետ. այս մասնագիտությունն է ընտրել Ագրարային համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Բաբկեն Խաչատրյանը: Վստահ է բուհն ավարտելուց հետո հենց իր մասնագիտությամբ էլ աշխատելու է։

«Մոտավորապես 5 տաղավարի արդեն մոտեցել եմ, CV-ներ եմ թողել»,-ասում է Բաբկենը։

80 գործատու, 300 թափուր աշխատատեղ․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բակում աշխատանքի տոնավաճառ է: Նպատակը՝ օգնել ոլորտի մասնագետներին, բուհի ուսանողներին ու շրջանավարտներին՝ աշխատանք գտնել։ Պատմում է Ագրարային համալսարանի Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը.

«Ուզում ենք կապող օղակ հանդիսանալ գործատուների և շրջանավարտների միջև, որպեսի անգործ շրջանավարտներ չունենանք։ Զգում ենք, որ մեր մասնագետների պահանջարկը մեծ է, աշխատանք փնտրողները շատ են, սակայն հաճախ դժվարանում են աշխատանք գտնել»,– ասում է Լիանա Վարդանյանը։

«Երևանի Կոնյակի գործարան», «Բեկոն պրոդուկտ», «Կոկա Կոլա», «Վիոլա ջուր»․․․․ Ագրարային համալսարանի Կարիերայի զարգացման բաժնի վարիչ Լիանա Վարդանյանն ասում է՝ առաջին տարին չէ, որ աշխատանքի տոնավաճառ են կազմակերպում: Սովորաբար հրավիրում են բոլոր այն կազմակերպություններին, որոնք կարող են սկսնակ մասնագետների համար հեռանկարային լինել:

«Նախորդ տոնավաճառում 4 ուսանող հենց տեղում ընդունվեցին աշխատանքի: HR աշխատակիցները հարցազրույցն անցկացրին և ընդունեցին աշխատանքի։ Իսկ մեր գործատուները 1600 CV տարան այստեղից»։

Տոնավաճառին մասնակցում են նաև թափուր հաստիք չունեցող կազմակերպությունները. այս դեպքում տոնավաճառն օգտագործում են որպես կադրերի բազա ստեղծելու հնարավորություն` ասում է զրուցակիցս։ Այս նպատակով են տոնավաճառ եկել Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցները․ նրանք հավաքում են ինֆորմացիա թափուր աշխատատեղերի վերաբերյալ՝ արցախցիներին աջակցելու համար։

«Արցախից տեղահանված և այլևս վերադարձի հասցե չունեցող քաղաքացիները շուրջ 25000 են։ Այդ մարդկանցից քչերն են այս պահին ապահովված աշխատանքով։ Ցանկանում ենք ուղղորդել, միջնորդել՝ որտեղ, ինչ աշխատավարձով, ինչ աշխատանքի համար կորող են դիմել»,– ասում է մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը։

Մեր զրույցի պահին արցախցիների համար արդեն 10-15 թափուր հաստիք էին առանձնացրել, հուսով են՝ կկարողանան օգնել մարդկանց, որոնք աշխատանքի կարիք այս պահին շատ ունեն։ «Վիոլա ջուր» ընկերությունն էլ տոնավաճառին հատուկ առաջարկով է մասնակցում. աշխատանքի հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող անձանց։

«Հաշմանդամություն ունեցող անձանց նույնպես կարող ենք հնարավորություն տալ մեր թիմի անդամ դառնալու, ինչպես նաև՝ ուսուցում ենք կազմակերպում իրենց համար»,– ասում է ընկերության HR բաժնի աշխատակից Քրիստինա Հարությունյանը։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը դենդրոլոգի ու գյուղատնտեսի է փնտրում, «Բեկոն պրոդուկտը»՝ գնումների մասնագետի, արտադրության աշխատակիցների, մանրէաբանների։ Ընկերության HR մասնագետ Մարիաննա Առաքելյանն ասում է․

«Արդեն բավականին հետաքրքրվողներ կան, գալիս են, հարցնում են, արդեն մի քանի մանրէաբաններ են մոտեցել։ Կարծում եմ, որ մեզ կհաջողվի այստեղից մանրէաբան գտնել»։

Ինեկո Բանկն էլ հատուկ ուսանողների համար ճկուն գրաֆիկով աշխատանք է առաջարկում։ Իսկ կենսանվտանգության ապագա մասնագետ Գայանեին Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի տաղավարն է հետաքրքրել, իր տվյալները միայն այստեղ է թողնելու, իսկ ապագա ինժիներ–մեխանիկ Տիգրանը կորցրել է իրեն հետաքրքրած տաղավարների թիվը.

«Փնտրում եմ իմ մասնագիտությամբ աշխատանք, ցանկալի կլինի՝ որպես ինժիներ–մեխանիկ, արդեն երևի 8-13 տեղ դիմել եմ»։

Աշխատանքի տոնավաճառն արդեն ավարտվել է. գործատուները հավաքել են 1200 CV, 3 հոգի էլ տեղում աշխատանք է գտել:

Back to top button