ԿարևորՄիջազգային

Թուրքական ընկերության կողմից ՀէԿ-ի կառուցումը Վրաստանի շահերից չի բխում․ ցույց Թբիլիսիում

Վրաստանում Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ակցիաները Քութայիսիից տեղափոխվել են Թբիլիսի։ «Ոչ Նամախվանի ՀԷԿ-ին», «ո՛չ թուրքերին» վանկարկումներով ցուցարարները կաթվածահար են արել մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, արգելափակել պետական շենքերը։ Պահանջը՝ խզել ՀԷԿ-ի կառուցման՝ թուրքական ընկերության հետ պայմանագիրը։

Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների վերջնագիրը  կառավարությունը կրկին անտեսել է։ Ցուցարարներն այսօր պայքարի նոր մարտավարության են անցնում՝ խոստանալով առաջիկա օրերին կաթվածահար վիճակում պահել մայրաքաղաքը, կենտրոնական փողոցները՝ պարբերաբար արգելափակելով պետական շենքերը։

«Իշխանությունների հետ բանակցությունների բոլոր հնարավորություններն արդեն սպառված են։ Սա ինքնաբուխ ակցիա է, նշանակում է օրենքի շրջանակում է»։

Երեկ ցուցարարները վերջնագիր էին ներկայացրել՝ խզել թուրքական ENKA ընկերության հետ Արևմտյան Վրաստանում՝ Իմերթիում, Ռիոնի կիրճում ՀԷԿ-ի կառուցման մասին պայմանգիրը, որով կիրճը (մոտ 600 հա) 99 տարով փոխանցվել է թուրքական ընկերությանը։

Կառավարության ներկայացուցիչներն արձագանքել են՝ «վերջնագրերով խոսելը մութ 90-ականներն է հիշեցնում»։ «ՀԷԿ-ի կառուցումն անհրաժեշտ է էնեգետիկ անկախության համար»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան, ում հրաժարականն են նաև պահանջում ցուցարարները։

Արդեն մեկ տարի ՀԵԿ-ի կառուցման դեմ հանդես եկող «Ռիոնի կիրճի պաշտպաններին» են միացել հազարավոր քաղաքացիներ, շարժումը մեծ թափ ստացավ հատկապես վերջերս, երբ պարզ դարձավ, որ պայմանագրով թուրքական ընկերությունը 99 տարով կդառնա կիրճի զգալի հատվածի սեփականատերը։ Դա, ըստ ցուցարարների, նշանակում է ընդմիշտ․  

«Վրաստանին պետք են փորք ՀԷԿ-եր, որպեսզի չոչնչանա կիրճը, չօտարվի մեր սեփական հողը։ Պետք է գիտակցել, եթե թուրքին հարյուր տարով տանք հողը, դա այլեւս մերը չի լինելու»։

«Ռիոնի պաշտպաններին» են միացել նաև հոգևորականները։ Վրաց պատրիարքարանին անհանգստացնում է «100 տարով օտարերկրյա ընկերությանը հողերի փոխանցումը»։

Հենց սա է հիմնական հարց, որ բողոքի ակցիաների ֆոնին ստեղծված փորձագիտական խորհրդի օրակարգում է։ Խորհրդի անդամ Ամիրան Սալուկվաձեն «Ռադիոլուրին» ասում է․

 «ՀԷԿ-ի ի կառուցմանը դեմ դուրս եկած քաղաքացիներին այս պահին հիմնականում հուզում է հողը օտարերկրյա ընկերությանը մոտ հարյուր տարով փոխանցման հարցը։ Մենք մանրամասն ուսումնասիրում ենք պայմանգիրը, քննարկումներ կազմակերպելով շահագրգիռ բոլոր կողմերի հետ, վերջում որոշում կլինի՝ շարունակվում է ՀԷԿ-ի կառուցումը, թե մեկընդմիշտ դադարեցվում»։ 

«ՀէԿ-ի կառուցման պայմանգրի խզումը Վրաստանի ազգային շահերից է բխում»,- ընդգծում է ակցիայի կազմակերպիչներից Վարլամ Գոլեթիանին՝ ի պատասխան հնչող այն հայտարարությունների, թե թուրքական ընկերության դեմ ակցիաները կազմակերպվում, ֆինանսավորվում են Ռուսաստանից։

Ցուցարարները վրաններ են տեղադրել քաղաքի կենտրոնում, որտեղ վաղն էլ փորձելու են խոչընդոտել երկրի անկախության տոնին նվիրված գլխավոր միջոցառումը։ 

Back to top button