ԿարևորՎերլուծական

Հայաստանը՝ այլընտրանք Իրանի համար․Երևանի ու Թեհրանի շահերը համընկնում են

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն մեկօրյա այցով Ադրբեջանում է, իսկ վաղը կժամանի Հայաստան: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Վերջին շրջանում  հայ–իրանական շփումներն ակտիվացել են։ Ի՞նչ օրակարգ են դրանք ընդգրկում  և որն է Իրանի արտգործնախարարի այս այցի  նպատակը։  

Հայ-իրանական շփումներն ակտիվանում են։ Վերլուծաբաններն այս միտումը պատահական չեն համարում՝ Իրանը մտահոգված է սահմանային իրավիճակով։ Հարցը Զարիֆի այցի օրակարգում առանցքային է՝ կարծում է իրանցի վերլուծաբան Պույա Հոսեյնին։

«Իրանի մեսիջն այն է, որ հարցը կարգավորվի և ադրբեջանական զինուժը դուրս գա Հայաստանի տարածքից»։

Ի դեպ, երեկ՝ մայիսի 24-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել էր Հայաստանում Իրանի դեսպանին: Նույն օրն աշխատանքային այցով Իրանում էր ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը։ Այցի մասին կառույցի հաղորդագրության մեջ շեշտվում էր, որ հրավերն իրանական կողմից է։

«Քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցը։  Արդիականացման ընթացքում հնարավորություն կընձեռվի նաև զարգացնելու և խթանելու Նուրդուզի և Մեղրիի ցամաքային սահմանային դարպասների համատեղ օգտագործումը, ինչպես նաև սահմանին ստեղծելու անհրաժեշտ ենթակառուցվածք: Երկրի հարավային դարպասների արդիականացումը նոր ազդակ կհաղորդի նաև Հայաստան-Իրան առևտրաշրջանառությանը», — ասված էրՊԵԿ-ի հաղորդագրությամբ։

ՊԵԿ նախագահը և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը կարևորել են Հայաստանի և Իրանի մաքսային մարմինների միջև հետագա փոխգործակցության անհրաժեշտությունը։ Դեռ ապրիլին Հայաստանի և Իրանի մաքսային կառույցների համագործակցությանն առնչվող արձանագրություն էր ստորագրվել։

Նախօրեին էլ Երևան էր ժամանել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպումներից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր.  «Կարողացանք պայմանավորվել մի այնպիսի խոչընդոտի վերացման մասին, որը երկու երկրների համագործակցությանն ու բեռնափոխադրումներին զգալի աճ կտա, ու կնպաստի երկու երկրների ժողովուրդների կյանքի բարելավմանը», — գրել էր Քերոբյանը։

Խոսքը դեպի Իրան հայկական բեռնափոխադրումների և դեպի Հայաստան իրանական բեռնափոխադրումների դյուրացման մասին է, նաև  նվազեցվել են մաքսային ծախսերը։ Մեզ հետ հեռախոսազրույցում Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր Պույա Հոսեյնին նկատեց, որ փոփոխություններն  առավել նախընտրելի են դարձնում իրանցիների համար Հայաստանի ճանապարհները եւ հակառակը։

«Իրանն ընտրել է Հայաստանը՝ որպես Պարսից ծոց-Սև ծով նախագծի մասնակից երկիր։ Հայաստանի ենթակառուցվածքները չեն  համապատասխանում, և Իրանը ցանկանում է օգնել,  որ Հյուսիս-հարավ ճանապարհը Հայաստանի տարածքում ավելի արագ իրագործվի, ինչու չէ, նաև երկաթուղային իրավիճակը բարելավվի»։  

Հեռանկարում Իրանը կցանկանա նաև Հայաստանի միջոցով դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանել՝ հավելեց իրանցի վերլուծաբանը։ Իրանն այդպիսով այլընտրանք է ստեղծում։

Իրանագետ Վարդան Ոսկանյանին լսենք. «Իրանցիները  թե՛ մաքսային, թե՛ սահմանային, թե՛ ճանապարհային, թե՛ տրանսպորտային խնդիրներն առաջ են մղում՝ ելնելով շատ կարևոր մի մեկնակետից։ Դա անվտանգային խնդիրն է։ Դրա նկատմամբ որևէ ոտնձգություն , որևէ ռիսկ անընդունելի է Իրանի համար»։

Իրանագետի դիտարկմամբ՝ Իրանի համար Հայաստանը բացառիկ նշանակություն ունի դեպի հյուսիս ելքի առումով, ինչն այլընտրանք է թուրք-ադրբեջանական կոմունիկացիաներին։

«Այդ ծրագրերի շրջանակում Պարսից ծոցը Սև ծովին կապող մուլտիմոդալ տրանսպորտային ուղու ծրագիրը իրանցիների համար չափազանց կարևորվել է՝ հաշվի առնելով նաև 44-օրյա պատերազմի հետևանքները, երբ, ըստ էության, ադրբեջանական կողմը բռնազավթեց արցախա-իրանական սահմանի մերձարաքսյան ողջ հատվածը»։  

Այսպիսով իր հնարավորության սահմաններում Իրանն ապահովում է իր ներկայությունը։ Հայտարարվել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար կարմիր գիծ է, և իրանցիներն աշխատելու են հենց այդ տրամաբանությամբ՝ շեշտեց իրանագետը։

Նրա դիտարկմամբ՝ բազմաթիվ կետերում հայ-իրանական շահերը համընկնում են և  կարող են օգտակար լինել. «Այդ շահերի համադրման արդյունքում կարող ենք ստանալ ամենաբարենպաստ օրակարգը, իսկ այդպիսի օրակարգ ստանալը և համագործակցություն սկսելը խիստ իրատեսական է, եթե տարվի ճիշտ աշխատանք,  և դա պահանջում է շատ նուրբ դիվանագիտական ջանքեր»։   

Գործընթացի վրա դրականորեն կարող է ազդել Իրանի նկատմամբ Արևմուտքի  սահմանած պատժամիջոցների չեղարկումը։ Դրա հավանականության մասին վերջերս Իրանի նախագահը հայտարարեց։ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ Իրանն ու ԱՄՆ-ն այդ համաձայնության կայացմանը շատ մոտ են։ Իրանցի վերլուծաբան Պույա Հոսեյնին, սակայն, նկատում է՝  մինչ այդ կարող է շատ բան փոխվել, քանի որ վերջնական համաձայնության կայացմանը խոչընդոտող ուժեր նույնպես կան։   

Back to top button