Ժամանակի վկան

Այլախոհությունից մինչև Հայաստանի անկախություն․ Հենրիկ Աբրահամյան․ «Ժամանակի վկան»

2019 թվականին ԵՊՀ հրատարակությունը լույս ընծայեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Աբրահամյանի «Հայաստանի անկախացման հասարակական քաղաքական նախադրյալները և կայացման սկիզբը (1956 թ․ փետրվար-1991 թ․սեպտեմբեր» աշխատությունը, որտեղ հեղինակը նորովի և մանրամասն ներկայացնում է այլախոհական շարժման ձևավորման պատմությունը, ընդհատակյա կազմակերպությունների գործունեությունը, Հայաստանի անկախության համար մղված պայքարը։

Այսօր, քան երբևէ, երբ 2020 թվականի աշնանային պատերազմի և ապաշնորհ քաղաքականության հետևանքով վտանգված է Հայաստանի պետական անկախության և, ընդհանրապես, պետականության լինելիությունը, անհրաժեշտ է քննարկել 1956-1991 թվականների պատմական անցքերը, նաև այսօր տեղի ունեցող բազմաթիվ հասարակական-քաղաքական երևույթների պատճառներն ըմբռնելու համար։

Հաղորման հյուրն է պրոֆեսոր Հենրիկ Աբրահամյանը և առաջին հարցն այն է, թե ի՞նչ դրդապատճառներով էր պայմանավորված մենագրության թեմայի ընտրությունը։

Անցած երեսնամյակի շատ կնճռոտ հարցերի պատասխանները պրոֆեսորը փնտրում է 20-րդ դարի 50-90-ականների իրադարձություններում։ Ինչու՞։

Հեղինակը ոչ միայն բազմաթիվ արխիվներից, թեմատիկ գրականությունից և մամուլի հրապարակումներից է օգտվել, այլև գրքում ներառել է իր իսկ կյանքից որոշ դրվագներ՝ պատմելով քաղաքական-հասարակական գործիչների հետ ունեցած զրույցներից ու հանդիպումներից կարևոր մանրամասներ, որոնք նորովի են բացահայտում եղելությունները։

Առանձին ենթագլխով հեղինակն անդրադարձել է Արցախյան շարժմանը, «Ղարաբաղ կոմիտեի և «Հայոց համազգային շարժման» (ՀՀՇ) գործունեությանը՝ զուգահեռաբար ցույց տալով կոմունիստական կուսակցության և ձևավորվող անկախ հայկական պետականության ղեկավարների միջև եղած հարաբերությունների նրբությունները։

Պրոֆեսորը հատկապես կարևորում է առաջին նախագահի դերն անկախության գաղափարի կյանքի կոչման գործընթացներում և համեմատություն է անցկացնում Մերձբալթյան հանրապետությունների ու Հայաստանի անկախացման միջև։

Անդրադարձանք նաև «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալությանը և Մոսկվայում բանտարկվելուն։

Հետազոտությունում մի առանձին գլուխ նվիրված է հայկական սփյուռքում Արցախյան շարժման վերաբերյալ արձագանքներին։

Ամփոփելով հաղորդումը, նշեմ, որ խորհրդային պետության «երկաթե վարագույրով» նույնիսկ հնարավոր չեղավ փակել անկախության, ազատականության, ապագաղութացման թարմ գաղափարների հոսքը և պետություն ունենալու երազանքով ապրող սերունդների պայքարն ավարտվեց Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու և մեկ անկախ պետություն ստեղծելու միասնական որոշումով ու տեսլականով։ Ափսոս, որ հետագա քաղաքական զարգացումները մեր ժողովրդին շեղեցին այդ ճանապարհից։

Անկախությունը բացարձակ արժեք է, այն ազգի կենսագործունեության առանցք դարձնելն ազգային ինքնագիտակցության գերագույն դրսևորում է։ Ազգը հարատև ընթացք կունենա, եթե նրա առաջնորդներն օժտված լինեն այդ բարձր գիտակցությամբ։

Back to top button