

44-օրյա պատերազմից հետո Քարվաճառում թշնամուն են անցել ոչ միայն Հայաստանի ու Արցախի բնակչության համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրահավաք կայանը, այլ նաև գիտական փորձերի ու հետազոտությունների համար կարևորագույն աղբյուրները։ Մեր երկրում ամենաբարձր ջերմաստիճան ունեցող երկրաջերմային աղբյուրը հենց Քարվաճառում է։ Պարզվում է՝ այստեղից բերված տիղմը գիտական կարևոր հետազոտական նշանակություն ունի։


ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի մոլեկուլային մանրէաբանության լաբորատորիայում լուսավոր է, մաքուր ու հագեցած ժամանակակից սարքավորումներով։ Այստեղ փորձեր անելու համար կարևոր նախապամաններից է սպիտակ խալաթն ու աշխատանքի նկատմամբ նվիրվածությունը։ Հետազոտական արդյունքներին սպասում են երկար, բայց դրանց մեծ մասը ոչ միայն առևտրայնացման պատրաստ առաջարկներ են, այլ նաև կարող են գիտության զարգացման համար առանցքային նշանակություն ունենալ։ Այստեղ ասում են, որ մանրէների հետ աշխատելը շատ հետաքրքիր է։


ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիյաի ամբիոնի մոլեկուլային մանրէաբանության լաբորատորիայի ղեկավար Հովիկ Փանոսյանն ասում է, որ հետազոտությունները ժամանակակից ու գերժամանակակից մեթոդներով են կատարում։ Սա արտասահամանցի գործընկերների շնորհիվ։ Մի քանի տասնյակ մանրէների ամբողջական գենոմները վերծանված ու սեքվենավորված են։ Դա հետազոտական խմբին օգնում է պարզելու, թե ի՞նչ հնարավոր կենսաբանական ակտիվ նյութերի կամ ֆերմենտների արտադրիչների աղբյուր կարող է մանրէն ծառայել։ Իսկ հետազոտությունները կատարվում են բարդ ու ժամանակակից սարքավորումների միջոցով։ Այստեղ սարքավորումներին առանձնահատուկ մոտեցում են ցուցաբերում։