Սփյուռքի ձայնը

Հայերը Երուսաղեմը լքելու ցանկություն չունեն. Կորյուն վարդապետ․ «Սփյուռքի ձայնը»

Հակառակ իսրայելա-պաղեստինյան նոր բախմանը (այսօր արդեն ուժի մեջ է մտել Իսրայելի կառավարության ու ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարը), Իսրայելում հայերը շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով, համայնքի կենտրոնները գործում են սովորականի նման։ «Հայերը Երուսաղեմը լքելու ցանկություն չունեն, ապրելու են Սուրբ երկրում և շարունակելու իրենց գործունեությունը»,- Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

Ցավոք, օրերս հրեա երիտասարդները հարձակվել են Երուսաղեմում Սուրբ Հակոբյանց միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյանի վրա և մարմնական վնասվածքներ պատճառել։

«Մեր հոգևորականն իրեն ավելի լավ է զգում և հիվանդանոցից տեղափոխվել է տուն»,- հայտնել է Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Պատրիարքության դիվանապետը նշում է, որ նման դեպքեր պարբերաբար պատահում են հայ հոգևարականների հետ, պատճառը ծայրահեղականների անհանդուրժողականությունն է : «5-7 տղամարդ ուշ երեկոյան Հայոց վանքից դուրս եկող հոգևորականին տեսել են, մոտեցել և, հավանաբար, կամ թքել, կամ հայհոյել, որից էլ ծագել է վիճաբանությունը՝ վերածվելով ծեծկռտուքի: Նման երիտասարդներ մեր շուրջը կան, որոնք չեն հանդուրժում հայ քրիստոնյաներին իրնեց կողքին»,- նշում է վարդապետը:

Հայր Կորյունը նաև ասել է , որ մի քանի տարի առաջ նման միջադեպ եղել էր, գործը հասել դատարան, հանցագործներին տուգանել էին։ «Այս գործի առնչությամբ ևս դիմել ենք համապատասխան մարմիններին և արդեն մեր պատրիարքին տեղեկացրել են, որ վիճաբանություն հրահրած երիտասարդներից մի քանիսին հայտնաբերել են»,- ասել է Կորյուն Վարդապետը։ Ըստ նրա` հայկական կողմը հետեւողական կլինի` հարձակվներին օրենքի ուժով պատժելու հարցում։

Back to top button