Մոռացված ֆիլմերի ստվերները

«Եվս հինգ օր» կամ երբ շրջում են խորհրդային ուրվականները․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Անցյալին առերեսվելու բարդ խնդիրն էր փորձում բացահայտել բրեժնեւյան դարաշրջանում կինոռեժիսոր Արման Մանարյանը «Եվս հինգ օր» ֆիլմում։ Եվ որքան էլ, տարօրինակ է, չնայած խորհրդային գրաքննությանը, դա նրան հաջողվում է։ Բայց արդյո՞ք մարդը պատրաստ է լեգենդների փլուզմանը։ Սովետական ցենզուրան անցած ֆիլմը չհաղթահարեց հասարակական ցենզուրա

Արձակագիր Վահագն Գրիգորյանի՝ «Կարմիր ձյուն» վիպակը հետաքրքրել էր «Հայֆիլմ» կինոստուդիայի այն տարիների գլխավոր խմբագիր, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանին։ Խորհրդակցելով «Հայֆիլմում» նոր աշխատանքի անցած կինոգետ Դավիթ Մուրադյանի հետ` նրանք որոշեցին, որ ժամանակակից մարդու բարոյահոգեբանական խնդիրներին անդրադարձող այդ գրական ստեղծագործությունը կինոնկարի լավ թեմա է։ Կարճ ժամանակ անց Վահագն Գրիգորյանն այն վերածում է կինոսցենարի։

«Գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը միտք ուներ նոր սերնդի գրողների բերել կինո։ Արձակագիր Վահագն Գրիգորյանը համարվում էր ժամանակակից գրականության առաջատար, երիտասարդ անուներից մեկը»,- պատմում է Դավիթ Մուրադյանը։

Վահագն Գրիգորյանի «Կարմիր ձյունը»  վիպակը երիտասարդ լրագրողի մասին է, որը գտել էր հուշագրությունների մի տետր՝ 1920-ականների սկզբում քաղաքացիական կռիվներում զոհված իր պապի մասին։  Բայց այդ հուշերը չէին  համապատասխանում  պապի մասին հյուսված ընտանեկան լեգենդին, և երիտասարդը լրագրողական հետաքննությամբ փորձում է գտնել ճշմարտությունը։

Ֆիլմի նկարահանումները սկսվում են 1977 թվականին։  Գլխավոր հերոսի կերպարը մարմնավորում է դերասան Աշոտ Ադամյանը։ Վերհիշելով տարիներ առաջ տեղի ունացած իրադարձությունները` նա պատմում է, որ Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում սովորելիս մի օր  միջանցքում պատահաբար հանդիպում է Արման Մանարյանին և նրա ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանում։

Նկարահանմներն ընթանում էին Դիլիջան քաղաքում։ Աշոտ Ադամյանը հիշում է, որ մեկուկես ամիս օրվա ավարտին  Արման Մանարյանը ստեղծագործական խմբի հետ ամփոփում էր աշխատանքը, քննարկում հաջորդ օրվա անելիքները։

Դավիթ Մուրադյանը նշում է, որ այս ֆիլմի հետ է կապվում երկու երիտասարդների՝ դերասան Աշոտ Ադամյանի և կինոօպերոտոր Ռուդոլֆ Վաթինյանի մուտքը կինոաշխարհ։  

«Աշոտ Ադամյանը առաջին անգամ այդ ֆիլմում խաղաց գլխավոր դեր և բոլորիս համար հայտնություն էր։ Ի դեպ, երբ մենք Մոսկվայում հանձնոմ էինք ֆիլմը, հանձնաժողովի անդամները միահամուռ շնորհավորում էին մեզ այդպիսի դերասան գտնելու համար։  Շատ լավ նաև ընդունվեց այն ժամանակ դեռևս էլի երիտասարդ կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի տեսախցիկը»,- պատմում է Դավիթ Մուրադյանը։

Աշոտ Ադամյանն էլ իր հերթին փաստում է, որ Խորհրդային ժամանակներում նկարահանված այս ֆիլմում երկու բան չէին կարող խրախուսվել՝ առաջին անգամ  ներկայացվող  հետաքննող լրագրողի կերպարը և ֆիլմի թեման։

«Չմոռանանք, որ 70-ական թվականների երկրորդ կեսին է նկարահանվել  ֆիլմը, և այդ ժամանակ շատ քիչ էին նկարահանվում համակարգի դեմ ընդվզող կերպարների մասին ֆիլմեր։ Եվ ֆիլմը հեշտությամբ չընդունվեց, որովհետև նման թեմաները չէին խրախուսվում»,- նկատում է գլխավոր դերակատարը։

Նկարահանման և մոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո՝ առաջին դիտման ժամանակ մոսկովյան Պետկինոյի ընդունող հանձնաժողովի անդամներին մտահոգում է այն փաստը, որ ֆիլմի հերոսը օգնում է հակահեղափոխականներին։ Ստեղծագործական խմբի անդամները փորձում էին ցրել մտահոգությունները, բերում հիմնավորումներ, պատճառաբանություններ և կարծես հաջողվում է հանձնաժողովի անդամներին համոզել։ Էկրան բարձրացնելուց հետո, սակայն, ինչպես  փաստում է Դավիթ Մուրադյանը, ֆիլմը, ցավոք,  այդպես էլ չդարձավ «ընտանեկան»  ֆիլմ։ «Ես լավ չեմ հիշում «Եվս հինգ օր ֆիլմը»  երբևիցե հեռուստատեսությամբ ցուցադրվել է, թե` ոչ»,- ասում է Մուրադյանը։

«Եվս հինգ օր» խոհական, հոգեբանական ֆիլմում հավաստի և տիպական կերպարների միջոցով ռեժիսոր Արման Մանարյանը պատկերում է անցյալ դարի 70-ականների ժամանակաշրջանը, երբ մշակույթը, կինոն փորձում էր հրապարակ բերել նոր թեմաներ, ասել նոր խոսք։ Հասկանալի է, որ այդպիսի գործերի համար շատ արագ չէր կարող կանաչ ճանապարհ բացվել, ժամանակ էր պետք, որպեսզի մարդիկ իրենց վրայից  և իրենց մտքերից թոթափեին սովետական կապանքները։

Բայց անցել է շատ ժամանակ, վաղուց չկա խորհրդային երկիրը, սակայն չեն վերանայվում այդ տարիներին համարձակ խոսքի պատճառով կյանքի իրավունքից զրկված գործերը` դեռ սպասելով լուսավոր ժամանակների։ Արդյո՞ք մեր կողքին դեռ ապրում են խորհրդային ուրվականները։  

Back to top button