Հրամանը՝ ապրել

Մեր հարսանիքը սեպտեմբերի 26-ին էր, հաջորդ օրը ամուսնուս ճակատ էի ճանապարհում․ «Հրամանը՝ ապրել»

2020 թվականի սեպտեմբերի 26-ին Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի սեփական տների բակերից մեկում արտասովոր անցուդարձ էր: Տանտերերի աղջկա՝ Անգինի հետևից Երևանից խնամիններ էին գալիս. այդ օրը Վաղինակ Վարդանովի ու Անգին Խաչատրյանի հարսանիքն էր: Հարսը հիմա է հիշում, որ խնամինները եկան ու կատակեցին, թե շարասյունն առաջնորդում էր մի տանկ, որ ճամփի կեսին էր իրենց դիմաց դուրս եկել:

Անգինն ու Վաղինակը հաջորդ օրը պիտի Դիլիջան գնային մեղրամիսը վայելելու, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ:

Վաղինակը մեկնեց առաջնագիծ, քանի որ «ՈՄԱ» (Ողջ մնալու արվեստը) կազմակերպության փոխնախագահն էր, ու առաջնորդում էր նաև կամավորների խմբին, իսկ Անգինը մնաց թիկունքում՝ իր առաքելությունն իրականացնելու:

Սկեսուրը կատակում է, թե շատ օրիգինալ հարս դուրս եկավ. ո՞վ է տեսել, որ ամուսնանան ու սիրած տղային ճանապարհեն պատերազմ: Անգինը Վաղինակի հետ խոսում էր գրեթե ամեն օր, իսկ Երևանում համակարգում էր «ՈՄԱ»-ի՝ լրատվամիջոցների հետ աշխատանքը:

«ՈՄԱ»-ն պատերազմի ընթացքում 350 կամավոր ուղարկեց ճակատ, որոնցից տասը, ցավոք, զոհվեցին: ԱՆգինը տասնհինգ օր հետո Վաղինակին նամակ գրեց ու կամավորներից մեկի հետ ուղարկեց՝ գրել էր, որ իրենց հավաքած փողը կենցաղային մանր բաների վրա արդեն ծախսվել է ու սա յուրատեսակ մոտիվացիա էր ամուսնու համար, որ հետ գա:

Հիմա Անգինը շարունակում է կանգնել Վաղինակի կողքին, բայց ոչ մենակ, այլ ապագա բալիկի հետ, որի համար ամեն օր հայրենասիրական երգեր է երգում, բայց ոչ թե թախծոտ, այլ խրոխտ, որովհետև ինքը այս պատերազմում չի պարտվել։

Ցուցադրել ավելի
Back to top button