ԿարևորՎերլուծական

Ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում բանակցություններից, և ո՞րն է դրանց այլընտրանքը

Չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել՝ այսօր հայտնել  է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը՝ հիշեցնելով, որ դրանք պետք է վերսկսվեին այսօր ժամը 14-ին։

Ադրբեջանական  ԶՈՒ-ի սահմանային սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցություններն ընդհատվել էին մայիսի 16-ին , հայտարարվել էր, որ դրանք պետք է շարունակվեն մայիսի 19-ին ։ Ինչո՞ւ  է Ադրբեջանը հրաժարվում բանակցություններից,  և ո՞րն է դրանց այլընտրանքը։

Սահմանային սադրանքից  ուղիղ մեկ շաբաթ Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններից, իսկ մինչ այդ հեռախոսազրույց է տեղի ունենում Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատում է՝ գործընթացում հստակ  երևում են Թուրքիայի ականջները։

«Չենք կարող բացառել, որ հենց այս հանգամանքով է պայմանավորված ադրբեջանական կողմի՝ բանակցություններին չներկայանալը, համենայն դեպս,  քանի դեռ տրված չեն ավելի հստակ բացատրություններ։ Չի բացառվում, որ իրադարձությունների զարգացումը Բաքվի համար եղել է ոչ նպաստավոր, հետևաբար՝  նաև ոչ նպաստավոր Անկարայի համար, իսկ Ադրբեջանն այս սադրանքին չէր կարող գնալ՝ առանց Անկարայի աջակցության»։

Թուրքիան փորձում է անմիջականորեն ներգրավվել խաղի մեջ՝ Ադրբեջանին վատ վիճակից դուրս բերելու նկատառումով ու դրա հետևանքներն իրենից հեռու պահելով՝ ասում է վերլուծաբանը։ «Վատ վիճակ» ասելով Հակոբ Բադալյանը նկատի ունի միջազգային ընդլայնվող դիրքորոշումը, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի սահմանը և պետք է հետ քաշի իր զինուժը։   Այս շեշտադրումով հայտարարություններ արդեն արել են Ֆրանսիան, ԱՄՆ–ն, Իրանն ու  Հնդկաստանը։

 «Զուգահեռ նաև ՀԱՊԿ-ի առաջ խնդիրները դնելու Երևանի մոտեցումները  գուցե Բաքվի համար ձևավորում էին բավական բարդ միջավայր, և այլևս հնարավոր չէր իրավիճակը «ձգել»՝ առանց, այսպես ասած, Թուրքիայի ականջները բացահայտելու»։   

Անկախ ադրբեջանական կողմի պնդումներից՝ Ադրբեջանի ներխուժումը ՀՀ սուվերեն տարածք ագրեսիա է։ Այս հարցում հայկական փորձագիտական շրջանակներում տարակարծություն չկա։

Իսկ ի՞նչ սպասել երկարաժամկետ հեռանկարում։ Ադրբեջանական զինված ներխուժումը քաղաքագիտական-դիվանագիտական ճանապարհներով չեզոքացնելու հնարավորություն Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը չի տեսնում։ Այդպիսի հիմք կարող էին  դառնալ  նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ընդունված եռակողմ հայտարարությունները, որոնք, նրա գնահատմամբ, նման հիմք չդարձան։

«Ցավոք, այս ամիսների ընթացքում մենք համոզվել ենք, որ նրանք չեն հանդիսանում այն հիմքը, որը կարող է բերել կայունություն, խաղաղություն և որոնց վրա կարելի է հենել նաև դիվանագիտական ջանքեր»։   

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից  հետո Հայաստանը պետք է անմիջապես սկսեր սահմանների ամրապնդումը, ինչը տեղի չունեցավ, և այժմ  քաղում ենք դրա պտուղները՝ նկատում է Նավասարդյանը։ Նրա կարծիքով՝  պետք էր վաղուց բանակցել հնարավոր այլ խաղացողների հետ՝  հասկանալու, թե ինչ աջակցություն է հնարավոր։

 «Եթե մենք այդ գործողությունները չենք իրականացնում, նեղանալն  ու մեղադրելը հարգանք առաջացնող դիրքորոշում չէ»։  

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ այն տարածքները, որոնցում  Ադրբեջանն առաջացել է, Հայաստանին են պատկանում ԽՍՀՄ բոլոր հաստատված քարտեզներով՝ առնվազն սկսած 1932 թվականից։  

 «Այստեղ որևէ խնդիր չկա և չի կարող առաջանալ վիճելի համարվել կամ չհամարվելու շուրջ։ Այսինքն՝ դա խորհրդային վերջին քարտեզներով ստեղծված գծի շուրջ մի քանի մետր այս  կամ այն կողմ շարժ չէ։ Խոսքը մի քանի կմ-ի մասին է և հստակ բարձունքների մասին է, որոնք միայն քարտեզներում չեն  արձանագրված։ Այդ բլուրներն անուններով նշված են, որ խորհրդային Հայաստանի տարածքում են»։ 

Այդ քարտեզները կան ոչ միայն բաց աղբյուրներում։ Դրանց ստորագրված տարբերակներն ունի նաև Ռուսաստանը։ Ըստ փորձագետի՝ եթե այդքանից հետո կոշտ քայլեր չեն ձեռնարկվում, նշանակում է ցանկություն չկա գնալ իրավիճակի լարման՝ հաշվի առնելով նաև Թուրքիայի գործոնը։

Back to top button