ԿարևորՎերլուծական

Ինչ քարտեզներով են տարվում բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանները հստակեցնելիս

Ի վերջո, ի՞նչ քարտեզներ պետք է օգտագործվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի համար։ Թեպետ Երևանի և Մոսկվայի ունեցած քարտեզները նույնն են, բայց այս հարցում կարծես միասնական մոտեցում  չկա մասնագիտական շրջանակներում։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը  նախորդիվ նշել էր, որ Մոսկվան պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամադրել և խորհրդատվական ծառայություններ մատուցել սահմանազատման ու սահմանագծման համար։ Թե ի՞նչ քարտեզների մասին է խոսքը՝ չէր հստակեցվել։ Մեր ձեռքում և Ռուսաստանի ձեռքում գտնվող քարտեզներով այդ ամբողջ տարածքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը՝ Հ1-ին տված հարցազրույցում ասել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Սյունիքում սահմանագծման և սահմանազատման միջազգային-իրավաչափ գործընթացի նախապատրաստման բանակցությունների հիմքում պետք է դրվեն ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանները, որոնք ճանաչվել են 1992-ի մարտի 2-ին ՄԱԿ-ին անդամակցությամբ՝ ասում է անվտանգության ռազմավարական հետազոտող, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանյանը։ Քարտեզագիր Շահեն Շահինյանը մինչդեռ  նկատում է, որ թեպետ ՄԱԿ-ին անդամակցելիս ՀՀ-ն և Ադ.Հ-ն պարտավորություն են ստանձնել ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն այդ գործընթացը կոնկրետ քարտեզներով հստակեցված չէ։

«Ցանկացած ոք եթե ուսումնասիրի ՄԱԿ-ի կայքը՝ կտեսնի, որ մտնելով տվյալ պետության բաժին, չի գտնի հստակ, մանրակրկիտ քարտեզ։ Օրինակ՝ ՀՀ քարտեզը մի փոքրիկ քարտեզ է, այսինքն՝ այն ընդամենը կողմնորոշիչ դեր ունի։ Այնտեղ սխալները կարող են լինել կիլոմետրերով»։

Սահմանազատման և սահմանագծման աշխատանքներում պետք է կիրառվեն այն քարտեզները, որոնք ունեն օրենքի ուժ։ Այդպիսիք են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի ղեկավարների  հաստատած և ընդունածները՝ շեշտեց քարտեզագիրը։

«Քանի որ այս պահին չկա հաստատված և ընդունված որևէ միջպետական պայմանագիր սահմանների վերաբերյալ, իրավական ուժ ունեցող քարտեզներ մենք չունենք։ Ունենք Սովետական ժամանակահատվածի քարտեզներ, որոնք պետք է վերահամաձայնեցվեն երկու կողմերի հետ և վերահաստատվեն պատկան մարմինների, այն է՝ ՀՀ ղեկավարության և ԱԺ-ի, ինչպես նաև՝ Ադրբեջանի նույն մարմինների կողմից»։   

Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով սահմանային իրավիճակին, նկատել էր, թե ադրբեջանական կողմը միջադեպը որակել է թյուրիմացություն, սահմանազատման ու սահմանագծման բացակայության հետևանք։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը  շեշտել էր՝ Մոսկվան պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամադրել և խորհրդատվական ծառայություններ մատուցել սահմանազատման ու սահմանագծման համար։ Բայց կոնկրետ ինչ քարտեզ նկատի ունի ռուսական կողմը՝ չի հստակեցվել։ Սահմանազատման մասին ԱԽ–ի նիստի ժամանակ խոսել էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը․սահմանների ճշգրտման գործում երրորդ կողմի ներգրավվածություն է պետք, քանի որ չկան հայ-ադրբեջանական պաշտոնական հարաբերություններ՝ ասել էր։

«Ինչպես կոմունիկացիաների բացման, այնպես էլ սահմանների ճշգրտման գործընթացն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը: Սահմանների ճշգրտման առումով կա մի այսպիսի նրբություն. վերջին օրերին ադրբեջանական պրոպագանդան փորձ է անում առաջ քաշել այն միտքը, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա երկկողմ ֆորմատով: Նման բան տեղի ունենալ չի կարող այն պարզ պատճառով, որ Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ, ըստ էության, չունեն հարաբերություններ: Եվ ինչպես կոմունիկացիաների բացման, նույնկերպ և սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով, ինչի շուրջ մի քանի անգամ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և այդ պայմանավորվածությունների խախտումը կամ խափանումն է նաև, իմ կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերի և ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների պատճառը»:

«Ռազմական տեղաշարժերը չսահմանագծված սահմանների մոտ անպատասխանատու են և սադրիչ»,-Ալիևին և Փաշինյանին առանձին հեռախոսազրույցների ժամանակ ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ մտահոգություն հայտնելով երկու երկրների միջև վերջին օրերի լարվածության առնչությամբ: Մեջբերում.

«Միջազգային սահմանը սահմանագծելու հարցով անհրաժեշտ է երկու երկրների ֆորմալ քննարկումներ անցկացնել», — ասված է հաղորդագրությունում:

Հայկական կողմը, պատրաստ լինելով սահմանների ճշգրտման աշխատանքներ սկսելուն, դրանք եռակողմ ֆորմատով է տեսնում՝ Հ1-ին հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարի ասածը վերահաստատել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սահմանը ամբողջովին հստակեցվի՝ գոյություն ունեցող քարտեզներով և բանակցությունների շնորհիվ կարող ենք հասնել այդ լուծմանը։ Ի դեպ, մենք այս լուծումը տեսնում ենք եռակողմ ֆորմատով, այսինքն՝ Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան։ Կարծում ենք, որ սա ամենաարդյունավետ ֆորմատն է, որի միջոցով մենք կարող ենք մեր սահմանները ճշգրտել»։    

Ի վերջո՝ ի՞նչ քարտեզների մասին է խոսքը, որոնցով հնարավոր են սահմանազատումը և սահմանագծումը․ԱԽ քարտուղարը հստակեցնում է։

«Ընդհանրապես գոյություն ունեն 1929 թվականի, 1976 թ.-ի և 1986 թ.-ի քարտեզներ, որոնք նաև ունի Ռուսաստանը։ Ռուսաստանի ԳՇ-ն տիրապետում է այդ քարտեզներին, և էստեղ կարևոր է, որ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի ձեռքում գտնվող բոլոր քարտեզներով այդ տարածքները գտնվում են մեր վերահսկողության տակ։ Դա է նաև պատճառը, որ բանակցությունների ընթացքում  մենք խնդիր ենք դրել և պահանջ ենք դրել, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան ելման կետ։ Այսինքն՝ մայիսի 10-ի ելման կետ։ Եվ այստեղ նաև շատ կարևոր է, որ, իսկապես,  սահմանների ճշգրտում վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև չի եղել՝ հասկանալի պատճառներով»։

Ի դեպ, վերջին անգամ 1985-1986 թթ.-ին է Հայաստանի և Ադրբեջանի միջև կատարվել սահմանանշում։ Ադրբեջանի հետ ստեղծված համատեղ հանձնաժողովը, օրինակ, Կապանի տարածաշրջանի գյուղերում իրականացրել է սահմանանշումներ հատուկ բետոնե սյուներով, որոնց վրա ԽՍՀՄ սիմվոլներից մուրճն ու մանգաղն էին:

Back to top button