ԿարևորՀասարակություն

Կարեն Վարդանյանի երազանքը՝ իրականություն․ առաջին ԱԹՍ-ները կփորձարկվեն սեպտեմբերին

Հայաստանում  կանցկացվի Կարեն Վարդանյանի անվան  անօդաչու թռչող սարքերի մրցույթ։ Այս մրցույթի կազմակերպիչներն են Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը, Արտակարգ իրավիճակների և Բարձր տեխնոլոգիական նախարարությունները, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն աշնանը՝ սեպտեմբերին։ Հայտերն ընդունվում են, վերջնաժամկետը մայիսի 26-ն է։

Անօդաչու թռչող սարքերի թռիչքուղին պատրաստ է, բազան ստեղծվում է. ԱԹՍ-ները կփորձարկվեն սեպտեմբերին։ Զարգացնել ՏՏ ու Բարձր տեխնոլոգիաների ոլորտը, շեշտը դնել ռազմարդյունաբերության վրա. ԱՏՁՄ երջանկահիշատակ գործադիր տնօրեն   նախագահ Կարեն Վարդանյանը խոսել է այս մասին տասնամյակներ շարունակ: Արցախյան  44-օրյա պատերազմն ապացուցեց՝ Կարեն Վարդանյանը մի քանի քայլ առաջ էր, նախապես տեսնում էր իրողությունները, որոնք ավելի ուշ դառնալու էին կարևոր ու որոշիչ:

Պատերազմից հետո՝ կես, Կարեն Վարդանյանի մահվանից հետո՝ մեկ տարի անց, ԱՏՁՄ-ն,  ԲՏԱ  ու  ԱԻ նախարարությունները և «Կարեն Վարդանյան» կրթական հիմնադրամը հայտարարում են ԱԹՍ–ների առաջին մրցույթը։ Այն անցկացվելու է երեք մակարդակում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ,  մասնագիտացած ընկերություններ։ Կարեն Վարդանյան հիմնադրամի ներկայացուցիչ Արման Պողոսյանը ներկայացնում է մրցույթի պայմանները.  

 «Մրցույթը մենք դասակարգել ենք ըստ մասնագիտացման։ Ներգրավված են լինելու նաև դպրոցականները։ Նրանց խումբն առանձին կմրցի։ Սիրողական ու սկսնակ ընկերությունները կմրցեն առանձին դասակարգմամբ, իսկ մասնագիտացված ընկերությունները՝ առանձին»։

 Մասնագիտական ու ոչ մասնագիտական խմբերի առջև հստակ պայմաններ են դրված, ակնկալիքները մեծ են։ Կազմակերպիչները հորդորում են լինել համարձակ ու չվախենալ նույնիսկ անհնար թվացող լուծումներից.

«Առաջարկում ենք հետևյալ խնդիրները՝ տուժածի հայտնաբերում, հետո՝ առաջին բուժօգնության կամ գոյատևման փաթեթի առաքում։ Երկրորդը կրակի կամ ծխի օջախի հայտնաբերումն է տրված տարածքում։ Կախված նրանից, թե ինչքան ավտոմատացված ես դու դա անում, այնքան ավելի բարդ կատեգորիայի տակ ես ընկնում։ Մասնագիտացված խմբերից սպասում ենք, որ ամբողջովին ավտոմատ կանեն։ Մեզ կփոխանցեն կրակի օջախները, նույնը վերաբերում է նաև փրկարար փաթեթին» ։

Դպրոցականներից ակնկալվում է չատոմատացված թռիչք, տեսախցիկի միջոցով հայտնաբերում ու կոորդինատների տեղորոշում։ ԲՏԱ նախարարի օգնական Հայկ Ասլանյանը կարծում է, որ դրոնները պետք է լայնորեն ընդգրկվեն  բոլոր ոլորտներում։ Նույն կարծիքին է նաև «Արմաթ» լաբորատորիայի տնօրեն Սեդրակ Վարդանյանը։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա զարգացած երկրների օրինակով է ներկայացնում, թե ինչ կարող են անել ԱԹՍ-ները խաղաղ պայմաններում.

«Խաղաղ պայմաններում նույն ԱԹՍ-ները կարելի է կիրառել բժշկության մեջ, ԱԻՆ-ում, քարտեզագրության, գյուղատնտեսության մեջ։ Շատերը տեսել են հիվանդ տեղափոխող ուղղաթիռները։ Դրանք կարելի է դարձնել անօդաչու։ Կարելի է բեռների տեղափոխում կազմակերպել»։

 Իսկ Նյու–Յորքում արդեն թռչող տրանպորտային հանգույցներ են նախագծում՝ հավելում է Սեդրակ Վարդանյանը:  

Back to top button