Սփյուռքի ձայնը

Ինչպես բաշխվեց ԱՄՆ Արևմտյան թեմի մարդասիրական օգնությունը․ «Սփյուռքի ձայնը»

Ամերիկահայ հասարակական գործիչ և ակտիվիստ Մալվինա Մխչյանը, որը Հայաստանում է մարդասիրական բեռը ժամանակին և ճիշտ բաշխելու համար, նշում է, որ մինչև Հայաստան գալը խնդիրներ եղել են հայաստանյան կառույցներից մի քանիսի հետ, որոնք, սակայն, լուծվել են տեղում։

«ԱՄՆ Արեւմտյան թեմը արցախյան պատերազմի օրերին Հայաստան մոտ 120 տոննա օգնություն էր ուղարկել, որի ճակատագիրն այսօր անորոշ է։

Ամիսներ առաջ օգնության նոր խմբաքանակ ուղարկեցինք Հայաստան։ Եվ այսօր ես այստեղ եմ, և ուրախ եմ, որ այստեղ եմ, որպեսզի ինքս զբաղվեմ այն գործով, որն ինձ հանձնարարել է ամերիկահայությունը»,- ասում է Մալվինա Մխչյանը:

Նա նշում է, որ հիասթափված լինելով նախորդ օգնության ճակատագրից, հայրենիք գալու ցանկություն չի ունեցել: Բայց թեմը և համայնքն էին կարևորել նրա՝ հայրենիքում ներկայությունը:

«Իսկապես մեծ հիասթափություն էինք ապրում բոլորս՝ տարաբնույթ ինֆորմացիայի առատությունից և մեր նպատակները անկատար տեսնելուց: Սակայն մի բան պարզ էր. պետք էր գալ հայրենիք ու բոլոր կասկածները փարատել:

Եվ, իհարկե, շատ բան փոխվեց ինձ մոտ՝ Հայաստանում տարբեր մարդկանց սրտացավ ու մարդկային վերաբերմունքից հետո»,- ավելացնում է Մալվինան:

Մալվինա Մխչյանը այնքան է լսել Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամ հասկացության մասին, որ երբ ժամանել է Հայաստան, ինքն էլ սկսել է ծանոթներ փնտրել՝ գործն ավելի արագ անելու համար:

«Երկար տարիներ ապրելով ամերիկյան հասարակությունում, որտեղ, կարծեք, նման հարաբերությունները բացակայում են, Հայաստանում հայտնվելով՝ ես էլ սկսեցի ծանոթի ծանոթներ փնտրել՝ ինչ-ինչ հարցեր լուծելու համար:

Սակայն, ի ուրախություն և ի զարմանս, գործնականում հանդիպածս մարդիկ, կազմակերպության պատասխանատուները և այլն, որոնց առաջին անգամ էի տեսնում, գործերի ընթացքն այնքան բարեսիրաբար ու անշահախնդիր իրականացրին, որ ես փոխեցի իմ, և կարծում եմ նաև շատ այլ սփյուռքահայերի տեսակետները»,- ուրախությամբ նշում է զրուցակիցս: ԱՄՆ-ից ուղարկված օգնության և Սփյուռքի տրամադրությունների մասին մանրամասները լսեք հաղորդման ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button