ԿարևորՀասարակություն

11486 դիմորդ ՀՀ-ից ու Արցախից․ բուհերի ընդունելության հայտագրման առաջին փուլն ավարտվել է

ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնն ավարտել է բուհերի ընդունելության հայտագրման առաջին փուլը:  Քննությունների համար այս տարի առաջին փուլով հայտագրվել է 11 486 դիմորդ: Նախընտրելի մասնագիտությունների ցանկն առանձնապես չի փոխվել: Ամենից շատ դիմորդները դիմել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» մասնագիտության համար, երկրորդ տեղում ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա ուղղությունն է, ապա՝ համալսարանի  իրավագիտության ֆակուլտետը։                                                                                           

Բուհերի ընդունելության քննության հայտերի ընդունման առաջին փուլն ավարտվել է, դիմորդներն ու բուհերն արդեն պատրաստվում են քննություններին: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի փոխանցմամբ՝ հայտերի ընդունման ժամանակ որևէ խնդիր կամ դժգոհություն չի եղել:  24-ժամյա ռեժիմով դիմորդները կարողացել են առցանց հայտագրվել:  Քննությունները կազմակերպվելու են երկու փուլով:

«Ի՞նչ է իրենից ենթադրում հայտագրման առաջին փուլը. մենք ներառել ենք բուհի, մասնագիտության ընտրությունը և այդ մասնագիտության համար պահանջվող քննությունների հայտագրումը, ինչպես նաև քննությունների հանձնումը: Միայն նախորդ տարի ընդունելության քննությունները կազմակերպվեցին մեկ փուլով, այս տարի լինելու է երկու փուլով: Ե՛վ առաջին փուլը, և՛ երկրորդ փուլը հավասարազոր ընթացակարգեր են պարունակում»:

Երկրորդ փուլը նախատեսվում է բանակից զորացրվածների, Սփյուռքի մեր հայրենակիցների, նաև այն դիմորդների համար, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողացել հայտագրվել առաջին փուլում: Երկրորդ փուլի հայտագրումն ընթանալու է հունիսի 26-ից հուլիսի 1-ը։

Ընդունելության կարգում այս տարի ևս մեկ կարևոր նորամուծություն կա․ դիմորդները մեկ քննություն են հանձնելու։  Ընտրվել են այն առարկաները, որոնք առավել անհրաժեշտ են տվյալ մասնագիտությամբ սովորելու համար:

Ըստ առաջին փուլի արդյունքների՝ Հայաստանում միասնական քննություն հանձնողների թիվը 10 հազար 957 է, Արցախում՝ 529: Ամենամեծ թվով դիմորդները հայտագրվել են «Մաթեմատիկա» առարկայից քննություն հանձնելու համար։ Բացառություն են Արցախի և Տավուշի մարզերը, որտեղ ամենամեծը «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն հանձնողների թիվն է։ Երկրորդ տեղում «Անգլերեն»–ն է, երրորդում՝ «Հայոց լեզուն և գրականություն»–ը:

«Այս տարի 2019 թվականի և նախորդ տարիներ նման չէ, միասնական 3 քննությունից հանձնում են 2-ը: Դիմորդներին տրված է հնարավորություն՝ ընտրելու «Օտար լեզու» կամ «Հայոց լեզու»: Դիմորդների զգալի մասն ընտրել է «Օտար լեզու»:

Նախորդ տարիների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ դիմորդներն  «Օտար լեզու» առարկայից, մասնավորապես «Անգլերենից», ավելի բարձր գնահատական են ստանում, քան «Հայոց լեզվից»: Օտար լեզվի քննությունն ավելի հեշտ են հանձնում, այդ իսկ պատճառով գնացել են հեշտ ճանապարհով՝ պարզաբանում է ԳԹԿ փոխտնօրենը: Ըստ նրա՝ բացը կլրացվի, երբ «Հայոց լեզուն» պարտադիր առարկա դառնա բոլոր ընդունվողների համար: «Բարձրագույն կրթության» մասին օրենքով այդ փոփոխությունը նախատեսվում է։ Դիմորդների շրջանում նախընտրելի մասնագիտությունների կառուցվածքում էական փոփոխություններ չկան։

«Ամենից շատ դիմորդները դիմել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» մասնագիտության համար, երկրորդ տեղում ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա ուղղությունն է, որին հաջորդում է ԵՊՀ-ի «Իրավագիտությունը», ՀՊՏՀ-ի ֆինանսները, Բրյուսովի անվան պետական համալսարանի ծառայությունների բաժինը»:

Դիմորդների շրջանում պահանջված բուհերը շարունակում են մնալ ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

Ցուցադրել ավելի
Back to top button