ԿարևորՀասարակություն

Ինչպես պաշտպանել հայկական ջուրը ադրբեջանական սադրանքից

Հայաստանի ջրային պաշարների անվտանգության հարցը կրկին օրակարգում է։ Առիթը Սիսիանում արձանագրված  զանգվածային թունավորման վերջին դեպքն է։ Վարկածը, որ թունավորումը  կարող է, այսպես ասենք, ադրբեջանական ծագում ունենալ, հերքվել է։ Բայց մասնագետները նման  ռիսկեր տեսնում են։  Նրանց համոզմամբ՝   հնարավոր վտանգները  չեզոքացնելու համար անհրաժեշտ է ուժեղացնել ջրի մոնիթորինգի ինստիտուտը։

Ի՞նչ  է սպասվում  Հայաստանի ու Արցախի համար ռազմավարական նշանակություն ունեցող Քարվաճառի ջրահավաք կայանին։ Ջրային դոնորի ապագան անորոշ է։ Հստակ է, որ  ջրային այս կայանից են սկիզբ առնում  Արցախի այժմյան  տարածքի ջրային պաշարների 97 տոկոսը, Սևանա լիճը սնուցող Արփա ու Որոտան գետերը։

Տարածքի հատուկ պահպանության խնդրի մասին  Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը խոսում  է ավելի քան 20 տարի։ Հիշեցնում է՝ մինչև 1930-ականների երկրորդ կեսն այս տարածքը Խորհրդային Հայաստանինն էր, հետո  առանց որևէ պետական որոշման փոխանցվեց Ադրբեջանին։  

«Բնական է, որ այս տարածքն ունի ռազմաքաղաքական լուրջ նշանակություն։ 23 տարի խոսում ենք այդ մասին, դժբախտաբար,ապարդյուն։ Ասում էինք, որ պետք է տարածքին հատուկ կարգավիճակ տրվի։ Մինչդեռ տարածքը որևէ անգամ չի ներառվել Հայաստանի անվտանգության հայեցակարգում, ադ թվում ՝ վերջին, չնայած սա եղել է կարևորագույն թեմաներից։ Այժմ շատ կարևոր է, որ այդ ջրահավաք ավազանում ռուս խաղաղապահներ տեղակայվեն, քանի որ ավազանը  թունավորելու վտանգն է շատ մեծ։ Եթե դա տեղի ունեցավ, ողջ Հայաստանի համար աղետ է լինելու»։

Քարվաճառի  ջրհավաք կայանի ջուրը թունավորելու ռիսկ մասնագետները նույնպես տեսնում են։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը, սակայն,  «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ եթե Ադրբեջանը որոշի այդ քայլին գնալ, այն նաև իրեն է վնասելու։

«Դա ջրբաժան է, ջրի մի հոսքն  ուղղվում է Ադրբեջան, մյուսը՝ Հայաստան։ Մենք պետք է զգոն լինենք, մոնիթորինգի ինստիտուտը զարգացնենք։ Բայց ես չեմ կարծում, որ իրենք նման բան անեն» ։

Պաշտոնյան կարծում է, որ երրորդ երկրի մասնակցությամբ անհրաժեշտ է  պարբերաբար ջրի նմուշառում իրականացնել, երրորդ երկրում լաբորատոր փորձաքննություն անցկացնել։ Սևանա լճի արևելյան ափի գետերում այս պահին էլ մոնիտորինգ իրականացվում է, իրավիճակն օպերատիվ հսկվում է՝  վստահեցնում է զրուցակիցս՝ ընդգծելով՝  ջրի որակի փոփոխություն չի արձանագրվել։

«Ընդգրկել ենք նաև այնպիսի գետեր, որոնք չունեն մշտական հոսք, օպերատիվ հետևում ենք իրավիճակին։ Եթե շեղումներ լինեն, անպայման կբարձրաձայնենք։ Այս պահին անհանգստացնող շեղումներ չկան»։

«Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ինգա Զարաֆյանը մտահոգ է՝  ջրերի մոնիթորինգի ու կառավարման խնդիրները տարբեր են ու բազմաթիվ։ Զրուցակցիս կարծիքով՝ ջրերը կառավարել ու վերահսկել հնարավոր է, բայց դրանց արդյունքների նկատմամբ վստահության պակաս կա։ Ամենաթարմ օրինակը Սիսիանում թունավորման վերջին դեպքն է։  

«Հարցն այն է, որ մենք վստահություն չունենք ոչ մի տվյալի նկատմամբ։ Օրինակ՝ մարդիկ թունավորվել են, «Վեոլիա ջուր»-ն ասում է, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է։ Առողջապահության նախարարությունը հերքում է։ Պետք է ամեն ինչ ներկայացնել փաստերով»։

Նախօրեին առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշել էր՝ այս պահին որևէ բան չի հուշում, որ Ադրբեջանի կողմից մեր ջրային ռեսուրսների թունավորման փորձ է եղել։ Ըստ նախարարի՝  անձրևաջրերի և կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել։ «Վեոլիա ջուր» ընկերությունն էլ բացառել էր  թունավորումը  ջրից։  

Ջրի որակի մոնիթորինգը կատարվում է  շուրջ 40  ֆիզիկաքիմիական ցուցանիշերի  հետազոտությամբ։ Մասնագետներն ասում են, որ լիարժեք արդյունքների համար նաեւ օդի ռադիոաղտոտվածության մոնիտորինգ է անհրաժեշտ։ Վստահեցնում են, որ հուլիսից ներդրվելու են  մոնիթորինգի համար անհրաժեշտ դոզաչափերը։

Back to top button