Մտքի ուժը

Հայաստանը նոր ատոմակայան կունենա, բայց ինչպիսի՞․ «Մտքի ուժը»

Հատկապես վերջին ամիսներին Մեծամորի ատոմակայանի մասին հաճախ ենք խոսում։ Որտե՞ղ են ատոմակայանների անվտանգության մասնագետներ պատրաստում հարցի պատասխանի փնտրտուքներն ինձ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ տարան։

Այստեղ էլ պարզեցի՝ ֆիզիկայի ֆակուլտետում հատուկ մասնագիտություն կա՝ միջուկային ռեակտորի ֆիզիկա։ Այս մասնագետներն են ատոմակայանների անվտանգության վերլուծությունների հարցերով զբաղվում։

Իսկ Երևանի ճարտարագիտական համալսարանը մասնագետներ է պատրաստում արդեն ատոմակայանի շահագործման համար։ Մոտ մեկ տարում պարզ կլինի, թե ևս քանի տարով կերկարացվի ՀԱԷԿ–ի շահագործումը։ Այս պահին դրա շահագործման հնարավոր տևողությունը մինչև 2036 թվականն է՝ «Մտքի ուժ»-ին ասում է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը․

«Ատոմակայանի շահագործման հնարավորությունը գնահատում է նախագծող ընկերությունը։ Ուսումնասիրությունները դեռ առջևում են, սակայն նմանատիպ ու նույն թվականներին կառուցված ատոմակայանների ռեակտորներն արդեն իսկ իրենց շահագործումը երկարացրել են 60 տարով»։

Այս պահին Հայաստանի էներգետիկ ապագան կապվում է միջուկային էներգետիկայի հետ՝ վստահեցնում է փոխնախարարը։ Միայն թե դեռ հստակ չէ՝ ինչպիսի՞ ատոմակայան է ծրագրում կառուցել Հայաստանը՝ ՀԱԷԿ–ի նման խոշոր ու հզո՞ր ռեակտորով, թե՞ նույն հզորությունը ստանալու է մոդուլային լուծումներով։

Աշխարհը հիմա գնում է մոդուլային ատոմակայանների կառուցման ճանապարհով՝ ասում է ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ Սուրեն Բզնունին։

Բացատրում է՝ դրանք չափերով փոքր են, կառուցվում են առանձին մոդուլներով՝ ըստ երկրի էներգետիկ պահանջների: ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտը Հայաստանի օրինակով պարզաբանում է․ «Մոդուլային ատոմակայանը մեկ մեծ ռեակտոր է՝ տասը փոքր մասի՝ մոդուլների բաժանված։ Սկզբում տեղերը բաց են թողնվում, հետո դրանք հավաքվում են՝ ըստ անհրաժեշտության ու պահանջարկի։

Ռեակտորն ու մոդուլը տարբեր բաներ են։ Եթե միավոր ծավալում էներգիայի ծավալը փոքր է, ապա վթարի ժամանակ եղած ռեսուրսով կարող ենք անգամ մեկ ամիս խնդիր չունենանք։ Իսկ մեծ ռեակտորի դեպքում մեկ վայրում կուտակված էներգիան հեռացնելու շատ մեծ խնդիր է առաջնալու»։ Իսկ քանի մոդուլից կազմված տարբերաkն է Հայաստանի համար նախընտրելի: Այս փուլը Հայաստանի էներգետիկ համակարգի համար ամենաբարդ ու պատասխանատու շրջանն է։ Պատասխանատուները վստահեցնում են՝ կկարողանան պատվով դուրս գալ դրանից։

Ցուցադրել ավելի
Back to top button