ԿարևորՀասարակություն

Ընդլայնվող գերեզմանատուն, անհետացող հնավայր․ անկախ Հայաստանի ոչ մի կառավարություն չի զբաղվել խնդրով

«Խորհրդային տարիներին, թերևս, լավ էին հասկանում, որ Արտաշատ  հնավայրը պահպանելու համար գերեզմանոցը չպետք է շահագործել», — ասում է  Մկրտիչ Զարդարյանը: Նա Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի «Հին Հայաստանի հնագիտության»  բաժնի վարիչն է: Նրա խոսքով՝ անկախ Հայաստանի և ոչ մի կառավարություն չի զբաղվել այս հարցով.

«Խոր վիրապի բլրաշարքի ստորոտում այժմ գործում է խորհրդային ժամանակ արգելված գերեզմանոցը։ Գերեզմանոցն անընդհատ ընդլայնվում է,  և դրա պատճառով մենք արդեն կորցրել ենք  երկու պեղավայրային տեղամաս, որտեղ արդեն բացահայտել էինք ուրարտական շրջանի երկու վառարան: Դրանք բացարձակ ունիկալ էին, Հայաստանի որևէ բարձրավանդակում չէին հայտնաբերվել, մոտ 5 մետր տրամագծով հսկայական վառարաններ էին, իրար կողք տեղակայված»,-ասում է Մկրտիչ Զարդարյանը։

Խոր վիրապ վանական համալիրի հարևանությամբ 19-րդ դարի գերեզմանոց կա: Այսօր դեռ շահագործվում է։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի պետ Մարինե Ավանեսյանն ասում է՝ գերեզմանոցը ծառայում է մի քանի համայնքի.

«Այս գերեզմանոցում հուղարկավորություններ իրակացվում են Տափերական, Փոքր Վեդի, Լուսառատ, Նոր կյանք, Շահումյան համայքներից: Երևանից էլ են հանգուցյալին բերում այս գերեզմանոց»,-ասում է Մարինե Ավանեսյանը։

Մասնագետներն ահազանգում են՝ հողն անընդհատ փորելու հետևանքով վտանգված է Արտաշատի արժեքավոր հնավայրը. Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է մ.թ.ա. 176 թվականին: Հուշարձանը հսկողներ ունի, իրենց հարազատին հուղարկավորող քաղաքացիներն էլ ունեն իրենց հիմնավորումը՝ սա իրենց պապական, ընտանեկան  գերեզմանոցն է.  

«Սովորաբար, երբ քաղաքացուն ասում ենք, որ այստեղ չի կարելի հուղարկավորություն անել, նրանք հիմնավորում են, որ այստեղ իրենց պապն ու տատն են թաղված, և մյուս հարազատն էլ պետք է այստեղ թաղվի»,-նշում է Մարինե Ավանեսյանը։

 Վերջին հուղարկավորությունն այս գերեզմանոցում արվել է տասը օր առաջ, «Ռադիոլուր»-ին փոխանցում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը: Ասում է՝ խնդիրը կարելի է լուծել գերեզմանոցին շահագործման նոր տարածք տալով: Սա արդեն ՏԻՄ-ի խնդիրն է.

«Հուղարկավորությունները շարունակվում են, ոչ միայն մոտակա 5 համայնքներից են բերում հանգուցյալներին, լսել եմ, որ նաև Երևանից և Արտաշատից են բերում։ Մենք մի քանի օր առաջ կրկին նամակ ենք գրել ՊՈԱԿ գլխամաս, Տարածքային կառավարման նախարարությունով փորձենք դիմել ՏԻՄ-երին սա կանխելու համար: Թեպետ բազմիցս ենք դիմել, դատախազություն էլ ենք դիմել, բայց չի կանխվում փաստացի»,-ասում է Ռոման Կարապետյանը։

«Ռադիոլուր»-ը Արարատի մարզպետարանից տեղեկացավ, որ հարցով զբաղվում է Արտաշատի քաղաքապետարանը։ Արտաշատի քաղաքապետարանից էլ մեզ հայտնեցին, որ իրենց քաղաքացիները հուղարկավորություններ կազմակերպում են Արտաշատի երկու գերեզմանոցներում, իսկ Խոր վիրապի հարակից տարածքի գերեզմանոցը դուրս է իրենց վերահսկողությունից: Պարզեցինք, որ գերեզմանատունը պատկանում է Փոքր Վեդի համայնքին։ Համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանն ասաց՝ տեղյակ են խնդրից, սակայն այս պահին ոչինչ անել չեն կարող․

«Բայց ախր եթե մարդը մահացել է, տեղը եղել է, ես ոնց կարող եմ գերեզմանոցում տեղ չտրամադրեմ, բա ի՞նչ անենք»,-նշում է համայնքապետը։

6-7 տարի առաջ համայնքի ավագանին փորձել է լուծել խնդիրը՝ կառավարությունից խնդրելով իրենց տրամադրել գերեզմանոցից մի փոքր հեռու գտնվող տարածքը, սակայն մերժվել է: Պատճառաբանել են, որ այդ տարածքում կարող է ուրարատական թաղամաս լինել, սակայն այնտեղ պեղումներ ադպես էլ չեն իրականացել: Այժմ այդ տարածքը ավագանու որոշմամբ վարձակալել է գյուղացիներից մեկը և օգտագործում է այն գյուղատնտեսական նպատակներով: Ասել է՝ միակ տարածքը, որի շահագործմամբ կարելի է փրկել հնավայրը, այժմ գյուղացիներից մեկի օրվա հացի միջոցն է.

«Ավագանու որոշումը գնաց կառավարություն, կառավարությունը չհաստատեց, ներկայիս հնավայրի հետ կապ չուներ այդ տարածքը, հեռու էր գտնվում բավականին»,-ասում է Նարիկ Մարտիրոսյանը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ից հորդորում են հուշարձանի տարածքում հուղարկավորություն չիրականացնել: Հիշեցնում են, որ նման խնդիրներ կան Հայաստանի այլ մարզերում ևս: Դրանք բոլորն սպասում են կառավարության որոշմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button