ԿարևորՄշակույթ

Ավարտվեց «Երաժշտություն հանուն ապագայի» համերգաշարը

«Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում կայացած հաշվետու համերգով ավարտվեց մարտին մեկնարկած համերգաշարը։

11-ից 17-տարեկան պատանի կրթաթոշակառուներ՝ Դավիթ Բոյաջյանը (ջութակ), Ասյա Անիսիմովան (ջութակ), Մարի Հակոբյանը (թավջութակ), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Տիգրան Գասպարյանը (հոբոյ), Դավիթ Տոնոյանը (ֆագոտ), Սաթենիկ Գալստյանը (գալարափող), Միհրան Առաքելյանը (շեփոր), Սամվել Դավթյանը (տրոմբոն), Գուր Սարգսյանը (դաշնամուր) մեր հանրապետության լավագույն երաժշտական կրթօջախների սաներ են:

Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում կայացած երաժշտական երեկոների ընթացքում  հիմնադրամի կրթաթոշակառուները կատարել են Ք. Սեն-Սանսի, Վ. Մոցարտի, Ռ. Ֆարնաբիի, Գ․ Ֆարնաբիի, Ժ. Ռամոյի, Հ. Վենյավսկու, Է. Բոցցայի, Է. Լալոյի, Վ. Ուսպենսկու, Ռ․ Շումանի, Յ․ Հայդնի, Դ. Պոպպերի, Ֆ. Լիստի, Ս. Ռախմանինովի, Ժ. Արբանի, Պ. Սարասատեի, Կ. Դավիդովի, Յ.Բախի, Կ.Պիվոնկայի, Կ․ Նիլսենի, Կ․ Վեբերի ստեղծագործությունները:

Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի խոսքով՝ այսպիսի համերգները լավ առիթ են երեխաների համար, որպեսզի նրանք ևս մեկ քայլ անեն մասնագիտացման ճանապարհին, հմտանան թիմային աշխատանքում, հատկապես պատանի տարիքում: «Վստահեցնում եմ՝ համերգին մասնակցած երեխաներից շատերը հետագայում կդառնան սոլիստներ և իրենց տեղը կգտնեն երաժշտության ոլորտում: Եւ այս առումով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությանը ստեղծել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնարդամ, որը բացահայտում և աջակցում է տաղանդավոր պատանի երաժիշտներին, նպատակային է եւ արդարացված»:

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանի խոսքերով՝  հիմնադրամի գործունեության արդյունքը գոհացուցիչ է. «Համավարակի պայմաններում հիմնադրամն արել է առավելագույնը կրթաթոշակառուների համար, անցկացնելով վարպետության դասեր, կազմակերպելով համերգներ, մինչդեռ ողջ հանրապետությունում երեխաների շրջանում անցկացվող մրցույթներ և միջոցառումներ գրեթե չեն անցկացվում: Մշակութային կյանքը դանդաղել է, հատկապես երեխաների մասնակցությամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երաժշտական ուսումնական հաստատություններին, ուսուցիչներին, որոնք քրտնաջան աշխատանք են կատարել կրթաթոշակառուներին մասնագիտական առումով այս բարձր մակարդակին հասցնելու համար»:

Դիրիժոր, դաշնակահար, Աշկելոնի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, Թել Ավիվի երաժշտական համալսարանի պրոֆեսոր, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի անցկացրած մրցույթի ժյուրիի անդամ Վահագն Պապյանի գնահատմամբ՝ գրեթե մեկ տարվա ընթացքում կրթաթոշակառուների երաժշտական հմտությունները զարգացել են, աճն ակնհայտ է:

Պապյանը նշել է, որ մեծապես կարևորում է պատանի երաժիշտներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, բայց առավել անհրաժեշտ է համարում վարպետության դասերի անցկացումը. «Ֆինանսական աջակցությունը շատ կարևոր է, դա հնարավորություն է տալիս պատանի կատարողին չանհանգստանալ գումարի մասին, օրինակ, երիտասարդ կատարողը պետք է միջոց ունենա որևէ մրցույթի մեկնելու, եւ հիմնադրամն այդ առումով էլ իր աջակցությունն է ցուցաբերում: Բայց առավել կարևոր է նաեւ մասնագիտական առումով ուղղորդել եւ աջակցել պատանի կատարողին: Շատ ողջունելի է, որ Սերգեյ Սմբատյանը, լինելով երիտասարդ դիրիժոր, արդեն իսկ սկսել է մտահոգվել սերնդափոխության մասին եւ կյանքի կոչել մի հրաշալի գաղափար՝ օգնել տաղանդավոր պատանի երաժիշտներին, ստեղծելով հիմնադրամ: Եւ հիմա ես, նայելով հիմնադրամի կրթաթոշակառուներին, ուրախանում եմ, որ երաժշտությունը չի ավարտվի մեր սերնդով, որ կունենանք մեր գործի արժանի շարունակողներ: Ես փարատեցի իմ մտահոգությունն այդ առումով, մենք ունենք փայլուն երեխաներ, որոնցից լավագույններին աջակցում է Սերգեյ Սմբատյանի ստեղծած հիմնադրամը»:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանի խոսքով՝  կրթաթոշակառուների մասնակցությամբ համերգները հնարավորություն են ստեղծում նրանց համար աճել որպես երաժիշտ, հմտանալ.  «Ամեն անգամ բեմ դուրս գալով՝ երեխաները աճում են: Մրցութային կարգող ընտրվել  են լավագույն, փայլուն երեխաներին: Հիմնադրամն անում է հնարավորինը, որպեսզի կրթաթոշակառուները գնահատված լինեն, և երեխաները դա հասկանում են, դա շատ մեծ խթան է, որպեսզի հետագայում նրանք ավելի շատ պարապեն, ավելի հմուտ լինեն: Այս հիմնադրամը մեծ գործունեություն է ծավալում հօգուտ ապագա երաժիշտների, մոտեցումը տարբերվում է այլ հիմնադրամներից, քանի որ չի սահմանափակվում կրթաթոշակ տրամադրելով, այլ անում է հնարավորը, հատկապես համավարակի պայմաններում, որպեսզի նպաստի կրթաթոշակառուների մասնագիտական աճին»:

Առաջիկայում «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը կրկին կհայտարարի մրցույթ երաժշտական հաստատությունների սաների շրջանում: Առավել տաղանդավորները կստանան տարեկան անվանական կրթաթոշակ, ինչպես նաեւ հնարավորություն կունենան մասնակցելու լավագույն մասնագետների կողմից անցկացվող վարպետության դասերին:

Ցուցադրել ավելի
Back to top button