ԿարևորՀասարակություն

Սև լճի տարածքում կատարվողը սահմանների ճշգրտման գործընթացի կոպտագույն խախտում է․ քարտեզագիր

Անվտանգության խորհրդի երկու նիստ՝ 24 ժամում․ օրակարգում Սյունիքի իրավիճակն է։ Նախօրեին Սև լճի մերձակայքում  տեղի ունեցածը կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատարը ծրագրված սադրանք է որակել՝ ընդգծելով, որ իրավիճակը լուրջ վերաբերմունք է պահանջում։

Երեկ ուշ երեկոյան գումարված Անվտանգության խորհրդի նիստից հետո  վարչապետի պաշտոնակատարը հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և մինչև 3,5 կիլոմետր խորացել Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե ոչ՝ ճգնաժամային՝ ասել էր Փաշինյանը։

Սադրիչ գործողություն՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից, որի հետևանքը Հայաստանի  պետական սահմանի հատումն է  ու  Սև լճի տարածքում ադրբեջանական ուժերի  տեղակայումը․ վարչապետի պաշտոնակատարի արձագանքն է՝  նախօրեին Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին։ 

«Մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետև, ըստ էության, գործ ունենք ճգնաժամի հետ, որի հետագա զարգացման մի քանի սցենար է հնարավոր։ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի, և Ադրբեջանի զինված ուժերը պետք է ետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղ նրանք գտնվել են մայիսի 10-ի դրությամբ»։

Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանցիներն առաջնորդվում են կեղծ քարտեզներով և  փորձում են դրանցով հիմնավորել իրենց գործողությունները։

«Նրանք ունեն կեղծ քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմանից ներս, այդ քարտեզները կեղծված են և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում հաստատված քարտեզների հետ համեմատությամբ, իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ»։

Սահմանների ճշգրտումը կատարվում է բացառապես երկու կողմերի՝ այս դեպքում Հայաստանի և Ադրբեջանի  ներկայացուցիչների մասնակցությամբ՝ «Ռադիոլուր»–ին ասում է գեոդեզիստ, քարտեզագիր Շահեն Շահինյանը՝ պարզաբանելով՝ եթե կան  միջազգային միջնորդներ, ապա նաև նրանց մասնակցությամբ։ Այն, ինչ կատարվում է Սև լճի տարածքում, սահմանների ճշգրտման գործընթացի կոպտագույն խախտում է՝ ասում է Շահինյանը։

«Սա ոչ այնքան սահմանների ճշգրտման պրոցես է, որքան  հայկական պետական սահմանի խախտում։ Համաձայն խորհրդային ժամանակների քարտեզների՝ Սև լիճը բաժանվում է սահմանագծով։ Վերջերս մեր պատկան մարմինները հայտարարեցին, որ Սև լճի 70 տոկոսը գտնվում է հայկական, 30 տոկոսն ադրբեջանական կողմում, ուստի փաստաթղթի հիման վրա ընթացող բանակցությունները պետք է այս ուղղությամբ ընթանան։ Սև լճի հիմնական մասը ՀՀ –ում է, սակայն երեկվա միջադեպի արդյունքում փորձ է կատարվել Սև լիճն ամբողջությամբ ներառել Ադրբեջանի տարածքում և փաստացի մեր հանրապետության տարածքը ևս  մի քանի քառակուսի կիլոմետրով փոքրացնել»։

Մասնագետը պարզաբանում է՝ սահմաններին վերաբերող իրավական հիմքը երկու պետությունների միջև կնքված պայմանագիրն է, որը չկա։ Հիմք կարող է լինել եռակողմ հայտարարությունը, որը նոյեմբերի 9-ին  Ռուսաստանի, Հայաստանի և  Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են որպես համաձայնեցված   փաստաթուղթ։  Քննարկումներն, ըստ նրա,   ընթանում են բանավոր պայմանավորվածություններով, որոնց հիմքում խորհրդային տարիների քարտեզներն են։

«Մենք նախկինում ունեցել ենք բանավոր պայմանավորվածություն, որի հիման վրա պետք է աշխատանքները կատարվեն։ Եթե դուք խախտում եք անում, նշանակում է, որ այն պետք է իրավական հետևանքներ ունենա։ Սակայն հակառակորդը, այս դեպքում նաև թշնամին, հարցի իրավական կողմը դրել է մի կողմ ու գնում է ուժային լուծման։ Այսինքն՝ իրենք առաջ են գալիս՝ համարելով, որ մեր տարածքն իրենցն է» ։

Նախօրեին տեղեկություններ տարածվեցին նաև Գեղարքունիքի մարզում սահմանային   իրավիճակի սրման մասին։ Կառավարության նիստից հետո մարզպետը վստահեցրեց՝ այս հատվածում սահմանային խախտում չի արձանագրվել,  լարվածություն չկա: Գնել Սանոսյանը պարզաբանում է՝ ձմռան ընթացքում հակառակորդը դիրքերի տեղակայում չէր իրականացրել, հիմա եղանակային պայմանները  փոխվել են, իրենց տարածքում դիրքեր են տեղակայում:

«Սահմանագծով նստել են՝ իրենք էլ , մերոնք էլ։ Բացարձակապես լարվածություն չկա։ Երեկ մի քանի ժամ եղել եմ Վերին Շորժայում, որտեղ այդ աշխատանքներն են իրականացնում: Մեր զինված ուժերը ներկա են, աշխատում են: Նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին: Կարող եմ ասել, որ ամեն ինչ հանգիստ է, որևէ լարվածություն չկա»։

Շահեն Շահինյանը հիշեցնում է՝ Հայաստանի արտաքին սահմանն ավելացել է 500 կմ–ով։ Բազմաթիվ հատվածներում նոր դիրքերի տեղակայում չի իրականացվել։   Քանի դեռ այդ համալրումը չի կատարվել և  սահմանազատման գործընթացն էլ  չի ավարտվել, նմանատիպ խնդիրների, ասում է, հաճախ ենք բախվելու։

Back to top button