ԿարևորՄշակույթ

Հայկական մշակույթն արհամարհողը չի կարող ընտրվել Ճարտարապետների միջազգային միության նախագահ․ հայկական կողմն առարկում է

Միջազգային հեղինակավոր Ճարտարապետների միջազգային միության նախագահի պաշտոնին հավակնում է Ադրբեջանի Ճարտարապետների միության նախագահը։ Մինչդեռ հայկական մտավորական, ճարտարագիտական շրջանակներում մտահոգված շեշտում են՝ պետք է ամեն կերպ բացառել այլ ազգի մշակութային ժառանգության հանդեպ արհամարհանքով ու մասնագետին ոչ բնորոշ ոչ կոռեկտ պահվածքով աչքի ընկնող մարդու նշանակումն այդ պաշտոնում։

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը կոչով դիմել  է միջազգային հանրությանն ու ճարտարապետներին՝ ակնկալելով, որ այդ շրջանակում հայկական փաստարկները լսելի կդառնան։

Թույլ չտալ, որ Ճարտարապետների միջազգային միության նախագահ ընտրվի Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահ Էլբայ Գասիմզադեն․ հարցի կարեւորությունն ընդգծում է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանն ու շեշտում՝ սա այն մարդն է, որը ողջունել է Արցախի հայկական հուշարձանների ոչնչացումը։

 «Դադիվանքն անվանել է աղվանական հուշարձան, պնդում է, թե հայկական հետք գոյություն չունի, թե հայերը «քոչվոր ժողովուրդ» են եւ որեւէ պատմական հուշարձանի իրավունք չունեն»,- ասում է Մարկ Գրիգորյանը:

Առաջիկայում Ճարտարապետների միջազգային միության նախագահի ընտրությունն է։ Ինչու է կարեւոր, որ դրա ղեկավարի պաշտոնում չլինի Ադրբեջանի ներկայացուցիչ։ Միությունը միջազգային հասարակական կազմակերպություն է, որը ներկայացնում է ավելի քան մեկ միլիոն ճարտարապետի 124 երկրից։ Բաղկացած է հինգ կառույցից։ Հետխորհրդային երկրների կառույցում ընդգրկված է նաև Հայաստանը։

Հնարավոր թեկնածուներից մեկն Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահ Էլբայ Գասիմզադեն  է։  Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը համակարծիք է՝ պետք է կանխվի այս մարդու ներկայությունը կառույցի ադմինիստրատիվ մակարդակում։ «Ռադիոլուրի»  հետ զրույցում Մինասյանը տեղեկացնում է՝ Ճարտարապետների միությունն ԱԳՆ մակարդակով իր առարկությունները ներկայացրել է ընտրող հանձնաժողովին։

«ՀՀ ԱԳՆ աշխատակից, մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանը  հեռավար մասնակցել է այդ նիստին ու ներկայացրել այն ավերածությունները, որոնք կատարվել են Արցախում 44-օրյա պատերազմից հետո։ Ներկայացրել ենք մեր առարկություններն Էլմարի ընտրության առումով՝ պարզաբանելով, որ վերջինս բացահայտ հայտարարել է, որ պետք է ջնջվի հայկական հետքը։ Իսկ դա վայել չէ ճարտարապետին։ Մասնագիտական առումով նման հայտարարություններ չպետք է արվեն»։

Մինասյանը,  սակայն, միաժամանակ  նկատում է, որ  երկու տարի առաջ Ճարտարապետների միջազգային կոնգրեսը հենց Բաքվում անցկացրեց իր  համաժողովը։ Հետևաբար պատահական չէ, որ առաջադրվել է Էլբայ Գասիմզադեի թեկնածությունը, ընդ որում՝ նրա ընտրվելու շանսերը մեծ են։ Որքանո՞վ Հայաստանի առարկությունները կազդեն ընտրության արդյունքի վրա՝ Մինասյանը դժվարանում  է  պատասխանել։

«Միջազգային հարթակներում այդպես չէ, որ հենց Հայաստանի անունը լսեն,  միանգամից կողմ քվեարկեն մեզ»,–
ասում է Մինասյանը։

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանն իր հերթին նկատում է՝ մինչև ընտրությունների ելքը պետք է այս մասին բարձրաձայնել միջազգային բոլոր հարթակներում։ «Որևէ դեպքում նա չպետքէ  ընտրվի այդ միության նախագահ»․ Գրիգորյանի դիրքորոշումն է։

«Էդ մարդն իրեն թույլ  է տալիս հայատյաց ծանր հայտարություններ, որոնք համեմատելի են նացիզմի  հետ»,–ասում է Գրիգորյանը։

ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը Ճարտարապետների միջազգային միությունը ճանաչում են որպես բնագավառի միակ ընկերությունը։ Ու պատահական չէ, որ մեծապես կարեւովում է միջազգային այսպիսի կառույցի նախագահի պաշտոնում ճարտարապետին ոչ վայել, մշակութային ժառանգության արժեքների հանդեպ մասնագիտորեն ոչ կոռեկտ մոտեցում ունեցող մարդու նշանակումը։

Back to top button