ԿարևորՏնտեսական

Գործադիրը հաստատել է Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը

Գործադիրը հաստատել է Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը, որի նպատակն է մեղմել  ոռոգման համակարգի ընկերությունների ֆինանսական ճեղքվածքը: Ներկայումս ոռոգման համակարգի ընկերությունների ֆինանսական կենսունակության ապահովմանը սպառնացող հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ ոռոգման ջրամատակարարման մեջ մեխանիկական ջրի արտադրությամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի ծախսի բարձր մակարդակը:

2020 թ.-ին ՋՕԸ-երին պետբյուջեից հատկացվել է շուրջ 7451.8 մլն. դրամ գումար, որից 4505.3 մլն դրամ գումարը հատկացվել է միայն էլեկտրաէներգիայի պարտքերի մարմանը: Նախորդ տարիների պրակտիկան ցույց է տվել, որ էլեկտրաէներգիայի ծախսերի մասով ունեցած պարտավորությունները ՋՕԸ-երի մոտ առաջացրել են լրացուցիչ ֆինանսական բեռ՝ առևտրային բանկերից վարկերի ներգրավում, էլեկտրաէներգիայի չմարված պարտքերի մասով տույժերի կիրառումը:

Կառավարությունն ընդունել է «2021 թ. գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու ինչպես նաև ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին» որոշում: Հանրապետության որոշ տարածաշրջաններում դեռևս չի սկսվել գյուղատնտեսական մշակաբույսերի ինտենսիվ ոռոգումը, սակայն վեգետացիայից առաջ անհրաժեշտ է ջրօգտագործողների հողատարածքներին խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալված հողերի լվացում:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն` գետերի ջրհավաք ավազաններում առկա է ձնաշերտի բավարար հաստություն, ինչպես նաև գարնանային ինտենսիվ տեղումների և վարարումների հավանականություն: Ըստ այդմ՝ հնարավորություն կընձեռնի ջրօգտագործողների 85 հազ. հա հողատարածություններին, որից շուրջ 45 հազ. հա ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

Back to top button