ԿարևորՏնտեսական

Մոտենում է էներգետիկ դժվար շրջանը․ պատասխանատուները վստահեցնում են՝ խնդիրներ չեն լինի

Մայիսի 15-ից Մեծամորի ատոմակայանը 141 օրով  դադարեցնելու է աշխատանքը։ Ժամկետները չեն փոխվել, ամեն ինչ ընթանում է նախատեսված սցենարով՝ «Ռադիոլուր»-ին հայտնել է ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը։ Դադարի ընթացքում անվտանգության բարձրացման միջոցառումներ են նախատեսվում՝ ներառյալ ռեակտորի իրանի թրծման աշխատանքները։

Մայիսի 15-ից մինչև հոկտեմբեր Հայաստանի էներգետիկ համակարգի համար ամենադժվար փուլն է լինելու՝ «Ռադիոլուր»-ին ասել է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ բացատրելով․  Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում։ Այս տարի  Արցախից Հայաստան 330 մլն կիլովատ ժամ հոսանք չենք ստանա։

Մեծամորի ատոմակայանն այս տարի սովորականից ավելի երկար՝ 141 օրով կդադարեցնի աշխատանքը։ ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց՝ ժամանացույցում փոփոխություններ չկան․

«141 օրով կանգնում ենք, մեր ծրագրերում որևէ բան չի փոխվել, ռուսական կողմի հետ բոլոր պայմանագրերը կնքված են, աշխատողները ժամանում են, սարքավորումների մի մասը եկել է, մյուսները գալիս են»։

Հայաստան կժամանի 400 մասնագետ։ Նրանք  30 տարբեր գործարանների աշխատակիցներ  են։ 141 օր հետո կունենանք ամբողջովին վերազինված ու արդիականացված ատոմակայան՝ ասում է Մովսես Վարդանյանը։ Մայիսի 15-ից մինչև հոկտեմբեր, սակայն, Հայաստանի համար  էներգետիկ առումով  դժվար  է լինելու՝ «Ռադիոլուր»-ին ասում է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Մովսես Վարդանյանը։ Հակոբ Վարդանյանը վերջին 20 տարում նման իրավիճակ չի հիշում, երբ էներգետիկ համակարգում հոսանք արտադրող հիմնական բոլոր կայանները միաժամանակ չաշխատեն։ Վարդանյանը Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի աշխատանքների դադարեցումն է հիշեցնում։    

«Մայիսից հոկտեմբերը բավականին լարված աշխատանք է սպասվում մեզ։ Այս ամիսներին մոտ  80 մգվտ հոսանք  պետք է Արցախից ստանայինք, մոտ 410 մգվտ պակասելու է ատոմակայանից, չկա նաև Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը։ Վերջին 20 տարիներին նման պայմաններ չեմ հիշում։ Բայց ամեն ինչ պլանավորված է, հովհարային անջատում՝ ոչ, չի լինի։ Օպերատորի համար դժվար է լինելու, բայց կարծում եմ՝ կապահովի» ։

Թե դեռ  որքան կշահագործվի ՀԱԷԿ-ը, այս պահին դժվար է ասել։ Պարզ կլինի մոտ մեկ տարի անց, երբ աշխատանքային խումբը կավարտի աշխատանքը։  Այս պահին Հայաստանի էներգետիկ ապագան կապվում է միջուկային էներգետիկայի հետ՝ վստահեցնում է փոխնախարարը։ Նոր ատմոկայանի կառուցումը պետք է համընկնի գործողը փակելու ժամկետների  հետ՝ ասում է  Վարդանյանը։

«Համակարգը փոքր է, երկուսը զուգահեռ չեն կարող աշխատել։ Այս պահին էներգետիկ ապագան ատոմայինն է, դա նաև էներգետիկ անվտանգության ռազմավարությունումէ  նշված։ Ես չգիտեմ,թե ինչ կլինի հինգ տարի հետո»։

Այս ատոմակայանի  շահագործման  հնարավոր տևողությունը մինչև 2036 թվականն է՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է  ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը․

«Ատոմակայանի շահագործման հնարավորությունը գնահատում է նախագծող ընկերությունը։ Ուսումնասիրությունները դեռ առջևում են։ Սակայն նմանատիպ ու նույն թվականներին կառուցված ատոմակայանների ռեակտորները արդեն իսկ իրենց շահագործումը երկարացրել են 60 տարով»։

Առայժմ  հստակ չէ՝ ինչպիսի ատոմակայան է ծրագրում կառուցել Հայաստանը՝ ՀԱԷԿ-ի նման խոշոր ու հզո՞ր  ռեակտորով, թե՞ նույն հզորությունը ստանալ մոդուլային լուծումներով։ Աշխարհը գնում է մոդուլային ատոմակայանների կառուցման ճանապարհով՝ «Ռադիոլուր»-ին ասում է   ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ Սուրեն Բզնունին։ Բացատրում է՝ դրանք չափերով փոքր են, կառուցվում են առանձին մոդուլներով՝ ըստ երկրի էներգետիկ պահանջների․


«Դրանք կառուցվում են մեծ երկրների ենթակառուցվածքներ չունեցող  հեռավոր երկրամասերում, օրինակ՝ Սիբիրում, որտեղ հնարավոր չէ հազարավոր կիլոմետրերով էլեկտրահաղորդման լարեր անցկացնել։ Կառուցվում են նաև փոքր երկրներում, որտեղ ցանցը փոքր է, փոքր ռեակտորի կարիք կա»։

Փորձագետը պարզաբանում է՝ մոդուլային ատոմակայանը կազմվում է մի քանի մոդուլներից։ Մինչդեռ  ՀԱԷԿ-ը մեկ մեծ ռեակտորով է աշխատում։ Փոքր հզորությամբ ռեակտոր կառուցելն ավելի շահավետ է, ուստի աշխարհում ատոմակայաններ նախագծող ընկերություններն այժմ նախապատվությունը տալիս են մոդուլային ատոմակայաններին։

Ցուցադրել ավելի
Back to top button