

«Լուսանկարչությունը միջազգային լեզու է և թարգմանչի կարիք չունի». այս խոսքերի հեղինակը հայ մեծագույն լուսանկարիչ Անդրանիկ Քոչարն է:
Արվեստագետ, որի արվեստով նոր էջ բացվեց հայ լուսանկարչության պատմության մեջ, տաղանդավոր լուսանկարիչ, որի ստեղծագործությամբ և կազմակերպչական գործունեությամբ են պայմանավորված գեղարվեստական լուսանկարչության հիմնադրումն ու զարգացումը Հայաստանում:
Քոչարի յուրաքանչյուր ստեղծագործություն արվեստագետի գեղանկարչական մտածողության ինքնատիպ դրսևորումն է: Ստեղծագործություններ, որոնք մինչ օրս չեն կորցրել իրենց գեղարվեստական նշանակությունն ու կարևորությունը:
Լուսանկարչի նուրբ աչքը, մտածողությունն ու հմտությունները ստեղծել են մեծ որակ, և վստահաբար կարելի է փաստել, որ Անդրանիկ Քոչարը սև ու սպիտակի, լույս ու ստվերի երանգավորման խոշոր վարպետ է, որը ողջ կյանքում աշխարհին նայեց արվեստագետի աչքերով:


«Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» գրքի հեղինակն է արվեստագիտության թեկնածու Գայանե Առաքելյանը: Գիրքը հեղինակի մեկ տասնամյակից ավելին տևած մանրամասն հետազոտությունների հանրագումարն է: Գրքում լուսաբանվում է Հայաստանում գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրը համարվող խոշոր վարպետի՝ Անդրանիկ Քոչարի, գեղագիտական ժառանգությունը՝ ցույց տալով նրա նշանակալի դերը հայ լուսանկարչության զարգացման ասպարեզում:
Զրույց արվեստագիտության թեկնածու, «Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» գրքի հեղինակ Գայանե Առաքելյանի հետ։