ԿարևորՀասարակություն

Հայ զինվորականը քողարկվել և գնացել էր Ադրբեջանի դեսպանատուն․ դավաճանության գործի մանրամասները

Պատերազմի ընթացքում ԶՈՒ-ում արձանագրվել է հանցագործության 3016 դեպք․ այս թիվը գլխավոր դատախազության 2020-ի տարեկան հաղորդումից է։ Ընդհանուր  հանցագործությունների մեջ են նաև դավաճանության և լրտեսության դեպքերը։ Պատերազմական հանցագործությունների առնչությամբ քննվող գործերը գերազանցում են 1600-ը։ Դրանցում ներառված են նաև Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։ Սակայն գործերի մի մասն էլ առնչվում է հենց դավաճանությանն ու լրտեսությանը։

ԱԱԾ քննչական դեպարտամենտն ավարտել է այս ուղղությամբ առաջին քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ ուղարկել նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու համար:

Գործով մեղադրյալը Հայաստանի զինված ուժերում նախկինում մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած զինվորական է, որն այժմ կալանավորված է։  

Ազգային անվտանգության ծառայության տրամադրած տեղեկությունից որևէ կերպ պարզ չի դառնում, թե ով կարող է լինել նախկին բարձրաստիճան զինվորականը, որը, հասանելիություն ունենալով գաղտնի փաստաթղթերին, դավաճանություն և լրտեսություն է կատարել Ադրբեջանի համար։ Անգամ անուն-ազգանվան սկզբնատառերը չեն հաղորդվում։ Հայաստանի ԶՈՒ-ից ում հետ են գործ ունեցել՝ տեղյակ չեն եղել նաև ադրբեջանցիները։ «Լրտեսական» ֆիլմերի մոտեցումներն անձը կիրառել է իրականում, երբ ասենք՝ հանդիպման էր գնում Վրաստանում Ադրբեջանի դեսպանատուն։ Այս դրվագն էլ է բացահայտել և ներկայացնում է ԱԱԾ–ն․

«Անձամբ մեկնել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատուն, չբացահայտվելու նպատակով քողարկել է արտաքինը, դեսպանատան տարածքում հանդիպել է հատուկ ծառայությունների աշխատակիցներին և նրանց փոխանցել իրենից պահանջված և իր կողմից հավաքած պետական, ծառայող գաղտնիք կազմող, ինչպես նաև ծառայության բերումով կամ անձնական կապերով իրեն հայտնի դարձած տեղեկությունները»։   

Սա ամբողջից ընդամենը մեկ դրվագ է, եղել են նաև այլ հանդիպումներ ու հեռախոսազանգեր։ Երբ է սկսվել և որքան է տևել՝ ժամկետեր հայտնի չեն։ Բայց հայտնի է, թե ֆինանսական խնդիրները լուծելու դիմաց մեղադրյալ զինվորականը թշնամուն ինչ տեղեկություններ է փոխանցել։

«Հավաքել և սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնատանը պահել է Հայաստանի և Արցախի զորամասերի, դրանց տեղակայման վայրերի, նշանակության, ստորաբաժանումների կազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակների ու տեսակների, մարտական զորավարժությունների անցկացման ռադիոտվյալների, պայմանականչերի, ռադիոցանցերի, ռադիոուղղությունների, կապի պլանների, հայկական բանակային կորպուսների դիմաց առկա թշնամական ուժերի, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, դրանց ընդհանուր թվաքանակի, թշնամու առաջնահերթ խոցվող օբյեկտների, դրանց կոորդինատների, չափերի, խոցման միջոցների, հրթիռների քանակի, ինչպես նաև հայկական կողմի մոտ առկա Ադրբեջանի ԶՈՒ, զորամասերի, միավորումների, ստորաբաժանումների, մարտական զրահամեքենաների, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենաների և զրահափոխադրիչների, հրետանու, ականանետերի, հակատանկային միջոցների, զորային հակաօդային պաշտպանության միջոցների, դրանց տեսակների, քանակի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր և տվյալներ»։

Օգտագործելով դիրքն ու անձնական կապերը՝ նույն տեղեկությունները փորձել է հավաքել նաև Արցախի Պաշտպանության բանակից։

Դավաճանության առաջին քրեական գործն արդեն ուղարկվում է դատարան։ Այս գործի մասին դեռ 6 ամիս առաջ խոսել էր այն ժամանակ ԱԱԾ տնօրենի տեղակալ, իսկ այժմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Պատերազմի ընթացքում դավաճանության ու լրտեսության գործերը բազմաթիվ են։ Այս հանցագործությունների քննությունն առհասարակ Գլխավոր դատախազությունը բաժանել է 4 մասի՝ ասում է դատախազ Արթուր Դավթյանը․

«Վարույթն իրականացնող մարմիններին հանձնարարվել է հետևողականություն ցուցաբերել հայկական ԶՈՒ ղեկավարման և ռազմական առաջադրանքների կատարման մակարդակներում կատարված հանցավոր արարքների բացահայտման հարցում, ըստ կոնկրետ դեպքերի, ռազմական գործողության ուղղությունների»։

Պետական դավաճանության և լրտեսության համար պատիժներն թարմացվել են և խստացվել։ Նախագծի հեղինակները «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից էին։ Պատգամավոր Վահե Էնֆիաջյան․ «Հատկապես պատերազմի ժամանակահատվածում, հետպատերազմական ժամանակահատվածում բազմիցս բարձրաձայնվել և հնչեցվել է պետական դավաճանության մասին, լրտեսության մասին, լրտեսական ցանցերի գործունեության մասին, ինչը չարիք է ՀՀ և մեր ժողովրդի նկատմամբ։ ՀՀ և մեր ժողովրդի նկատմամբ գործած հանցանքը ամենածանրն ենք համարում, ուստի և առաջարկում ենք ամենածանր պատիժը»։

Քրեական օրենսգրքում առաջարկված փոփոխությունները խորհրդարանն ընդունեց մարտի 25–ին։ 112 կողմ ձայնով պետական դավաճանության և լրտեսության համար սահմանվեց առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագանձմամբ։

Back to top button