ԿարևորՄշակույթ

«Քարի ձայնն ու բույրը»․ բացվել է ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի ցուցահանդեսը

Ականավոր ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Մարգարյանի 120-ամյա հոբելյանի առթիվ մայիսի 12-ին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց «Քարի ձայնն ու բույրը. Հովհաննես Մարգարյան» խորագրով ցուցահանդեսը:Ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի աշխատանքների էսքիզները, լուսանկարները: Իրենց գեղեցկությամբ ու յուրահատկությամբ աչքի են ընկնում Ռադիոտան և Երևանի կոնյակի գործարանի շենքերը:

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում  ռադիոընդունիչ է միացված։ Ձայնը լսելի է այն անկյունից, որտեղ ցուցադրված են   Ռադիոտան շենքի էսքիզները․ դրանք մի ողջ պատ են ծածկում։ Ականավոր ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի նախագծած խոշորամասշտաբ շենքերից առանձնանում են Ռադիոտունը և Կոնյակի գործարանի շենքը։ Ու պատահական չէ, որ ցուցահանդեսը կրում է «Քարի ձայնն ու բույրը խորագիրը։  Ձայնը Ռադիոյինն է, բույրը՝ Կոնյակի գործարանինը։ Սակայն մինչ կոնյակի գործարանի «բույրին» հասնելը՝ թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը հաշվում է այն էսքիզները, որոնք հավակնում էին դառնալ ռադիոտան շենքը։ Այս ցուցահանդեսում ներկայացված է 20-ը, բայց էսքիզներն ավելի շատ էին՝ պատմում է Գրիգորյանը։

«Ռադիոյի տան գրեթե բոլոր էսքիզներում շենքի մեջտեղում կա մի աշտարակ: Երևանում պետք է լիներ երեք շենք, որոնք պետք է աշտարակներ ունենային՝ կայարանի շենքը, Ռադիոյի տունը և հրապարակի թանգարանների շենքը, բայց 1950-ականների սկզբին երեքն էլ արգելվել են: Ենթադրում եմ, որ դա կապված է եղել շինարարության գնի հետ: 1960-ականների երկրորդ կեսին կառուցվել է հրապարակի աշտարակը»,- ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Երևանի կոնյակի գործարանի էսքիզներն ու լուսանկարները ևս ցուցահանդեսում զբաղեցնում են մի ողջ անկյուն։ Կան էսքիզներ, որոնք գրեթե առնչություն չունեն այսօրվա շենքի հետ: Ցուցահանդեսում ներկայացված է նաև Կոնյակի գործարանի շենքի այն գծագիրը, որի վրա իր հաստատող ստորագրությունն է դրել Անաստաս Միկոյանը:

Ճարտարապետ Հովհաննես  Մարգարյանի նախագծերն անցյալ դարում կառուցված ամենայուրահատուկ շենքերի շարքն են համալրել։ Դեռ ուսանող տարիներին Մարգարյանը դարձել է ՕՊՐԱ-ի (Հայաստանի պրոլետարական ճարտարապետների կազմակերպություն) հիմնադիր-անդամներից մեկը: Նրանք ավանգարդիստներ էին՝  ճարտարապետական ժամանակակից մեթոդների ջատագովներ. փորձել են այդ մեթոդները զարգացնել Հայաստանում:

«Մարգարյանը եղել է Երևանի համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ամենաառաջին ուսանողներից ու առաջին շրջանավարտներից մեկը: Շրջանավարտները յոթն էին, որոնցից երեքը դարձել են մեր ճարտարապետության հպարտությունը՝ Հովհաննես Մարգարյանը, Սամվել Սաֆարյանը և Մարկ Գրիգորյանը»,-նշեց Գրիգորյանը:

Հետաքրքիր պատմություն  է  ունեցել նաև  «Դինամո» մարզադաշտը։ Մարզադաշտի  տրիբունաների էսքիզները եղել են,սակայն  տրիբունաները չեն կառուցվել։  Ճարտարապետի  դերը  մեծ է եղել   նաև  Երրորդ մասի կառուցման գործում, որի համահեղինակներն են Մազմանյանը, Քոչարը, Սաֆարյանը:  Ի դեպ ցուցահանդեսը մոտ 2 ամիս կգործի։

Back to top button