ԿարևորՏնտեսական

Արմավիրում ծիրանի բերքը քիչ է

Արմավիրի մարզում այս տարի ծիրանի բերքը քիչ է․ պատճառը մայիսյան ուժեղ քամիներն են։ Բերքի մեծ մասը ծառերի տակ է։ Գյուղացին հավաքում է հասունացած պտուղը: Գյուղատնտեսական ապահովագրությունը նախատեսված է կարկուտի, հրդեհի և ցրտահարության դեպքում, ապահովագրություն քամու վնասներից՝ չկա։ Վնասի չափը հաշելու համար մասնագիտական հանձնաժողովները արձանագրություններ են կազմում, որ ներկայացնեն կառավարություն։

Արմավիրի մարզում ծիրանն այս տարի ավելի քիչ կլինի․ ուժեղ քամիների հետևանքով բերքի մեծ մասը թափվել է: Այսօր գյուղացիները դեռ դժվարանում են հաշվել կորուստը, սպասում են, որ օրերը մի քիչ տաքանան։ Այգեվան գյուղից Անահիտ Մինասյանը 2 օր հավաքել է ծառերի տակ  թափված խակ պտուղները: Ափսոսում է իր չարչարանքի ու չհասունացած ծիրանի համար.

«Սկզբում վատ չէր, շատ լավ ծաղկել էր։ Հետո տեսանք, որ բերքն այդքան էլ շատ չի, ծաղկելուց հետո մանրը  շատ թափվեց: Հիմա էլ քամուց թափվեց, մի խոսքով՝ մինչև հասնում է, նոր  երևում է, թե ինչքան բերք ունես»:

Այգեվանը պտղաբուծական համայնք է, այստեղ ամենաշատը  ծիրանի այգիներ են՝ 175 հա, իսկ սալորի ու դեղձի ծառերն ավելի քիչ են՝ մոտ 50 հա: Անցած տարվա անձրևներից բերքի ապրանքային տեսքը շատ տուժեց, ամբողջությամբ պատվեց ծակոտկեններով, ցածր գնով վաճառեցին։ Այգիները նաև ցրտից են վնասվել։ Սամվել Այվազյանի այգում ենք.

«Անցած տարի շատ վատ էր, այս տարածքը մի քիչ ցածր է՝ ցուրտը խփեց, շատ քիչ բերք ունեցանք, բայց տարի է եղել, որ նույն տարածքից 12 տոննայից մինչև 15 տոննա բերք եմ ստացել»:

Ծառերը 30 տարեկան են: Այգին հիմնվել է 1991թ-ին: Սամվելն էլ է այդ ժամանակ մատղաշ ծիրանենիներ տնկել։ Դրանց բներն արդեն 2 մասի են բաժանվել: Հաստաբուն ծառերի ճյուղերի տակ հենակներ են դրված, մի մասն էլ երկաթե լարերով են կապել։ Այգետիրոջ խոսքով՝ ծիրանենին երկար կյանք ունի, բայց քամին շատ է վնասել, ճյուղերը՝ կոտրել: Համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանն ասում է, որ բերքը գրեթե կիսով չափ պակասել է.

«Բերքի 50 տոկոսից ավելին լցվել է ծառերի տակ: Մարդ կա՝ միայն դրանով է ապրում: Տեղ կա քիչ է, տեղ կա՝ ծառի տակը ոտք դնելու տեղ չկա, ի՞նչ է դա նշանակում»:

Համայնքում քչերն են բերքն ապահովագրել կարկուտից ու ցրտահարությունից, իսկ քամու  վնասների դեմ ընդհանրապես ապահովագրություն նախատեսված չէ.

 «Ապահովագրությունը եղել է հրդեհի, կարկուտի և ցրտահարության դեմ, հիմա դա ապահովագրել ենք։ Իսկ քամին արհավիրք չի՞, բայց ապահովագրության մեջ քամի անունը չկա: Իբր, ցուրտն անցավ, կարկուտն էլ դեռ չգիտենք՝ անցել ենք, թե չէ»:

Քամու պատճառած վնասի չափը ճշտելու համար կազմվել են հանձնաժողովներ։ Դրանց  ամփոփ արձանագրությունները ներկայացվում են կառավարություն: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան.

«Այգիների մասով գյուղվարչությունն այս պահին հաշվառում է իրականացնում, հստակ թիվ չեմ կարող ներկայացնել, թե ինչքան է բերքին վնաս հասել: Կարծում եմ՝ որոշ համայնքներ ծիրանի խնդիր կունենան»:

Գյուղում հակակարկտային կայաններ չկան։ Անցած ամռանն ու այս գարնանը նորատունկ այգիները տուժել են հրդեհից: Անահիտ Մինասյանը ցույց է տալիս վնասված  ծիրանենիները, դրանց կողքին նոր տնկիներ են դրել: Հաջորդ տարի նախատեսել են այգիներն  ապահովագրել.

«Մի հատ լուցկի են գցում, չոր խոտը բռնկվում, գնում է: Միայն անցած տարի 10 ծառ է վառվել: Այս ծառերը հիմա ավելի խոշոր պետք է լինեին, տարին հետ ընկավ, իսկ որ լավ ջրվի՝ դաշտը կանաչ կլինի: Ստիպված նոր տնկիներ ենք դրել, որ տեղը դատարկ չմնա»:

Այգեվանում ոռոգման ջուր կա, բայց օգոստոսին, ինչպես մյուս համայնքներում՝ ջուրը պակասում է, հերթով են ջրում, ուշացման դեպքում՝ հրդեհն անխուսափելի է: Այս տարի ոռոգման համակարգերի ծրագրերով հիմնանորոգելու են գլխամասից մինչև համայնք եկող մոտ 3 կմ ոռոգման ցանցը: Համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանն ասում է՝  համայնքն արդեն համաֆինանսավորել է ծրագրի արժեքի 10 տոկոսը.

«67 մլն դրամ է ծրագրի արժեքը, որի 10 տոկոսը պետք է համայնքը ներդնի: Արդեն քարտեզագրվել է, համայնքն էլ ներդրումն արել է, բայց մրցույթով անցած շինարարը չի հասցնի, որովհետև ունի 20 գյուղի շահած տենդեր»:

Որքա՞ն վնաս են կրել բերքն ու այգիները քամուց, ցրտից ու կարկուտից՝ Այգեվանի այգեգործները դեռ կհաշվարկեն։ Դրան կգումարեն նաև այն ծախսերը, որ արել են գարունը դեռ չսկսած։ Գյուղում ասում են՝ այգիները մշակելու համար պարտքեր են անում, բերքահավաքին՝ մարում:     

Back to top button