Սփյուռքի ձայնը

Կրասնոդարի Արմավիր քաղաքի առաջին տիկնիկային թատրոնը` հայկական է․ «Սփյուռքի ձայնը»

Ռուս ուսանողները Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում հայկական մշակույթին նվիրված միջոցառումներում գլխավոր դեր են խաղում։ Ռուսաստանի հայերի միության Արմավիր քաղաքի մշակութային կենտրոնի մեթոդիստ Գայանե- Գիսանե Վարդանյանը պատմում է, որ կենտրոնում ապրիլի 24-ին նվիրված միջոցառման ներկայացման ժամանակ նաեւ ռուս ուսանողներ են մասնակցել դրան։

Կենտրոն գալիս են նաեւ հայ երեխաներ, որոնք մայրենի լեզուն չգիտեն։ «Նման իրավիճակներում փորձում ենք տարբերակներ գտնել՝ ասելիքը մատչելի և հասկանալի դարձնելու համար: Օրինակ՝ ռուսերեն տառերով գրում ենք հայերեն բառերը , ծանոթացնում տեքստի հետ, որպեսզի անտեղյակություն չլինի»,- ավելացնում է Գայանեն:

Գայանե-Գիսանե Վարդանյանը նաև Արմավիր քաղաքում ստեղծված առաջին տիկնիկային թատրոնի հիմնադիրներից է: Ասում է, որ տարիներ շարունակ ցանկություն է ունեցել նման թատրոն ստեղծել, որտեղ կներկայացվեն հայ հեքիաթագիրների գործերը: «Կրասնոդարի երկրամասի ղեկավարությունը, ռուսական լրատվամիջոցները շատ անդրադարձան մեր գործունեությանը: Նախ, որովհետև առաջին նման թատրոնն է Արմավիրում, և երկրորդ՝ հետաքրքիր գործեր են ներկայացվում»,- հպարտությամբ նշում է նա:

Ի դեպ, Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» տիկնիկային ներկայացումը նաեւ ռուս հասարակության շրջանում է մեծ ընդունելություն գտել։

Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում կիրակնօրյա դպրոցի կողքին կառուցվելու է նոր մասնաշենք, որտեղ ավելի շատ հայ երեխաներ սովորելու հնարավորություն կունենան: «Հայկական կրթությունը և մշակույթը՝ հատկապես Ռուսաստանում, կարևոր է, քանի որ այստեղ հայությունը շատ արագ է ձուլվում , քան այլուր»,- ցավով նշում է Գայանե -Գիասնե Վարդանյանը: Արմավիրի հայ համայնքի մասին մանրամասները հաղորդման մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button