Երկրորդ ճակատ

Ինձ թվում էր՝ եթե չգնայի, մենք չէինք հաղթի. Սենիկ Մուրադյան․ «Երկրորդ ճակատ»

Վաճառքի գծով մասնագետ Սենիկ Մուրադյանը պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է Արցախ որպես շտապօգնության վարորդ։ Առաջին բանը, որ իրենց իսկապես ցնցել էր, Ստեփանակերտի հոսպիտալի դիմաց դրված արյունոտ պատգարակների առատությունն էր: Սենիկը վիրավորներ է տեղափոխել Հադրութից, Մարտակերտից, Մարտունուց, Ստեփանակերտից:

Կես կատակ, կես լուրջ ասում է, որ բոլոր վիրավոր տղաների տրամադրությունը բարձրացնելու համար ասում էր, որ իր մեքենայում տեղավորվելու համար երկու պայման կա՝ ապարանցիների մասին հումորներ չանել, քանի որ ինքը ծնունդով Ապարանից է, և իրեն չհայհոյել ճանապարհի փոսերի պատճառով:

Հիմա էլ, երբ պատերազմից անցել է կես տարի, Սենիկը խաչմերուկները զգուշորեն է անցնում, որովհետև ենթագիտակցության մեջ դեռ պատերազմում է ու ձեռքերը, որոնք ենթարկվում են նրա էմոցիաներին, սկսում են դանդաղ վարել՝ հանկարծ հետևում պառկած վիրավոր զինվորի մի տեղը չցավի։

Back to top button