ԿարևորՏնտեսական

Սոթքի հանքը՝ հակառակորդ դրոշների արանքում․ կվերականգնվի ստորգետնյա արդյունահանումը

Սոթքի հանքավայրի զգալի մասը հայտնվել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Ադրբեջանական զորքերը հանքավայրի «գլխավերեւում» տեղակայել են իրենց դիրքերը։ Ինչպես հանքավայրի աշխպատակիցներն են  բնորոշում՝ թեև հակառակորդի ափի մեջ, սակայն, վախերը մի կողմ թողած աշխատում են։

Սոթքի հանքավայրում ներկայում ընթանում են ստորգետնյա արդյունահանման վերականգնման և նախագծման գործընթացներ։ Այսպիսով կվերականգնվի խորհրդային տարիների փակ շահագործման մոտեցումը։ Այստեղ առաջին հերթին կաշխատեն այն աշխատակիցները, որոնք ազատվել են  պատերազմից հետո հանքավայրի տարածքների  կրճատման  պատճառով՝ «Ռադիոլուրին» տեղեկացնում է ընկերության մամուլի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։  Հանքավայրի կեսից ավելին այժմ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է, հանքը, սակայն, շարունակում է աշխատել բնականոն ընթացքով։

Բարձրանում ենք բաց հանքավայր։ «Ռադիոլուրի» լրատվական խմբին երկար բանակցելուց հետո են թույլատրում հասնել հանքավայր, թույլ է տրվում կադրեր անել բացառապես նախապես պայմանավորվածի եւ թույլատրելիի սահմաններում, քանի դեռ սահմանագծման, սահմանազատման շխատանքները այս հատվածներում չեն ավարտվել, ու խնդրահարույց հարցեր կան։  Հանքավայր բարձրանալն անվտանգ չէ․ հակառակորդից որոշ հատվածներում մետրեր են բաժանում։ Այս տարածքով ամեն օր աշխատանքի են գալիս հանքի աշխատակիցները։ Մեզ ուղեկցում է ռուսական  «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից շահագործվող հանքավայրի անվտանգության և բնապահպանության  բաժնի պետ  Գագիկ Ղազարյանը։

«Հիմա շեղվեցինք այն ճանապարհից, որը տանում էր Ստեփանակերտ։ Սա մեր կառուցած ճանապարհն է, որը տանում է հանք։ Մեր սեփական ճանապարհն է։ Սրանք էլ հին հանքի հետախուզական փորվածքներն են։  Ներկա պահին կոնսերվացված են, չեն գործում, առայժմ բաց հանքի հույսին ենք»։

Ըստ Գագիկ Ղազարյանի՝ ճանապարհի անվտանգությունը նորմալ է։ «Մեր զինվորականները հսկում են։ Ոչ մի արտառոց դեպք չի եղել»։

Հանք բարձրացող  ոլորաններից  արդեն նկատվում են  ադրբեջանական դրոշներն ու նրանց դիրքերը։ Մեզ ուղեկցող աշխատակիցը մատնացույց է անոււմ բարձունքում՝ հանքավայրից ոչ հեռու գտնվող գտնվող երկու խոշոր հողմակայաններն էլ, որոնք հայտնվել են երկու հակառակորդ պետությունների շփման գծին մոտիկ։ Դրանք շարունակում ենմնալ հայկական կողմի սեփականությունը, սակայն հսկայական ներդրումներ պահանջող այս հողմաղացները գործնականում շահագործել հնարավոր չէ։ Այժմ դրանց տակ ադրբեջանական զինված ուժերի՝ անվադողերով կառուցված կրակակետն է տեղակայված։ Թե ի՞նչ են տեղադրում, ի՞նչ նպատակով՝  անհայտ է՝ ասում է զրուցակիցս։

 «Մենք կարծես իրենց ափի մեջ շարժվենք։  Վտանգի ռիսկ կա, հնարավոր է պրովոկացիաների դիմել։ Քանի որ շարժ կա։ Նրանք փորձել են մոտենալ մեր այդ դիրքին։ Նկարվել են այդտեղ։ Բացառված չէ ոչ մի պրովոկացիա։  Բայց մենք շարունակում ենք բնականոն աշխատանքը»։

«Ռադիոլուրի» լրատվական թիմը նկատում է  դիրքեր բարձրացող ադրբեջանական զինվորական բեռնատար։  

«Սա էլ իրենց երևի հացի մեքենան է»։

Ողջ ընթացքում ադրբեջանցիներն ուշադիր հետևում են մեր աշխատանքին։ Նրանց դիտակետում է նաեւ հանքի աշխատանքը։ Քարվաճառի շրջանն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո Սոթքի հանքավայրից ոսկու արդյունահանումը կրճատվել է մոտ 60 տոկոսով։ «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից շահագործվող հանքավայրի անվտանգության և բնապահպանության  բաժնի պետ Գագիկ Ղազարյանի խոսքով՝ չնայած հանքավայրին ադրբեջանական զինվորների այսքան մոտ լինելուն՝ իրենց աշխատանքը շարունակվում է։

«Հանքը բնականոն աշխատում է, ինչպես ասում են, մարտական ենք։ Դժվարությունները հաղթահարելով՝ աշխատում ենք։ Մեր արտադրանքը կրճատվել է 60-70 տոկոսով, սակայն մենք աշխատում ենք։ Վախի զգացումը մի կողմ ենք թողել և աշխատում ենք»։ 

Հանքավայրի մի կողմում հայկական, մյուս կողմում ադրբեջանական դրոշներն են։ Հանքը հայտնվել է հակառակորդ երկրների շփման գծում։

«Սահմանագոտուց այն կողմ երևացող ճանապարհը նույնպես ադրբեջանական վերահսկողության տակ է։ Այդտեղ մուտք գործելու  հնարավորություն չունենք»։

Անդրադառնալով  հանքավայրի խնդիրներին ՝ ընկերության անվտանգության և բնապահպանության բաժնի պետն ասում է՝ հանաքի՝ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող հատվածում՝ մոտ 60 հեկտարի վրա,  նոր հանքավայրեր են բացում, նաեւ փորձում են մասամբ անցնել հանքի շահագործման՝ խորհրդային տարիներին կիրառված փակ եղանակին, երբ արդյունահանումը ստորգետյա ուղով էր կատարվում։ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը հիշեցնում է՝ խորհրդային տարիներին  հանքը շահագործվել է փակ եղանակով, ներկայում՝ բաց։ Փակ եղանակն ավելի ծախսատար է, բայց թերեւս ավելի անվտանգ։ Շահազիզյանի կարծիքով՝ պետք է վերականգնել այդ տարիների հանքարդյունաբերության ձևը։ Երկրագիտության ինտիտուտի ներկայացուցիչը հանքի հետագայի մասին իր պատկերացումն ունի։

 «Արդեն ժամանակն է, որ մտածենք Սոթքի փակ հանքավայրը վերականգնելու մասին այն ընդերքում մի հսկա կառույց էր՝ իր ճանապարհներով, պահեստներով, օդի մղման տեխնիկական կենտրոններով, ջրահեռացման սարքերով։ Բացի այդ՝ փակ եղանակն ավելի քիչ է վնասում շրջակա միջավայրը»։

Հանքի հատվածում պայթեցման աշխատանքներ էլ տարվում։ Դրա արևմտյան հատվածի վերգետնյա աշխատանքներն ավարտվել են: Ներկայում ընթանում են հանքի ստորգետնյա շահագործման լրացուցիչ հետախուզական-նախագծման աշխատանքներ։

Հանքի ստորգետնյա արդյունահանումը նոր աշխատատեղեր կստեղծի: Ընկերությունը մտադիր է առաջին հերթին վարձել աշխատողների, որոնք ավելի վաղ կորցրել են իրենց աշխատանքը վերջին իրադարձությունների պատճառով, սակայն ստորգետնյա աշխատանքը պահանջում է հատուկ որակավորում: Այսինքն՝ աշխատակիցները պետք է մասնագիտական վերապատրաստում անցնեն այս աշխատանքներին ընդգրկվելու համար համար:

Ցուցադրել ավելի
Back to top button