ԿարևորՏնտեսական

Տնտեսության անվտանգության բարձիկը․ հանքարդյունաբերության ներկան ու ապագան

2021թ․ 3 ամսվա ընթացքում Հայաստանի 100 խոշոր հարկատուները միասին վճարել են 150 միլիարդ դրամից ավելի հարկ։ Դրա շուրջ 14.5 տոկոսը՝ ավելի քան 22 միլիարդը, վճարել են միայն հանքարդյունաբերող ընկերությունները։ Վերջին եռամսյակի այս տվյալներն արտացոլում են Հայաստանի տնտեսության մեջ հանքարդյունաբերության դերը։ Տնտեսագետ Արմեն Քթոյանն այս ոլորտը բնորոշում է որպես մեր տնտեսության անվտանգության բարձիկ․

«Արդյունաբերական արտադրանքի 1/3–ը հանքահումքային արտադրանքն է, եթե արտահանման կտրվածքով ենք նայում, մասնաբաժինը 1/3-ից ավելին է։ Հանքարդյունաբերության դերը շարունակում է կարևոր մնալ Հայաստանի տնտեսության մեջ, ինչը ևս մեկ անգամ ապացուցվեց համավարակի՝ տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ համատարած անկումների ֆոնին հանքարդյունաբերությունը որոշակի կայունություն պահպանեց»։

Չնայած հարկային եկամուտներում հանքարդյունաբերության  ծանրակշիռ մասնաբաժնին, մասնագետները  ոլորտի «տվածն» ու ոլորտից ստացվածը համարժեք չեն համարում։ Երկրաբան Շահեն Խաչատրյանը պարզ հարց է տալիս՝ որքանով է ընդերքը ծառայում ժողովրդին ու պետությանը․

«Սա կախված է նրանից, թե ինչպիսի օրենքներ կմշակենք, պետականամե՞տ օրենքներ կմշակենք, պետության ու ժողովրդի համա՞ր կմշակենք։ Տեսեք, սահմանվել է, որ, ենթադրենք, 1 տոննա պղինձ կլինի, մոլիբդեն կլինի, ոսկի կլինի, վաճառքից X գումար պետությունը գանձելու է։  Հիմա էդ X գումարը էնքան նվազագույն է, ընդերքօգտագործողն ի՞նչ անի։ Էս մարդուն ինչ թիվ տվել ես, էդ թվով տանում, վճարումները կատարում է»։

Հանքարդյունաբերող ընկերությունները վճարում են ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, եկամտային հարկ։ Բնական ռեսուրսների օգտագործման իրավունքի դիմաց վճարում են նաև բնօգտագործման վճար և բնապահպանական հարկ։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը հասկանում է ընդերքի նկատմամբ սրտացավությունը, բայց չի անտեսում նաև բիզնես բաղադրիչը․

«Կարծում եմ՝ նրանք, ովքեր ադ առաջարկը անում են, զուտ բնապահպանական տեսնակյունից են նայում, այն առումով, որ ըստ էության երկրի հարստությունն է շահագործվում, նպատակահարմար է, որ հարստության դիմաց հանրությունը ու ի դեմս հանրության՝ պետությունը, ստանա ավելի շատ օգուտ, բայց մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ սա բիզնես գործունեություն է, և այս գործունեությունը պետք է նաև որոշակի շահութաբերություն ապահովի»։

Ընդերքին պետք է խնամքով վերաբերվել, դրա նկատմամբ հոգատարություն պահանջել հանքարդյունաբերողից․երկրաբան Շահեն Խաչատրյանի դիտարկումն է։ Հասկանում է՝ կտրուկ քայլերի դիմել չի կարելի, սակայն որոշակի խստացումներն անհրաժեշտ է համարում․

«Եկեք խստացնենք վերահսկողությունը, որ, ենթադրենք, եթե օդի արտանետումները այսքանով շատանան, այսքան տուգանքներ կլինեն, ընդհուպ մինչև լիցենզիայից զրկելը։ Մարդը եթե հասկացավ, որ այս խախտումներն անելու դեպքում լիցենզիայից կզրկվի, բնական է՝ ինքը չի գնա էդ քայլին»։

Եթե հումքը ընդերքից դուրս է գալիս, պետք է օգտագործվի առավելագույն պոտնցիալով։ Հարկերն ավելացնելը դա անելու միակ տարբերակը չէ։ Երկրաբանը իր աշխատասենյակում մետաղե մի կտոր ունի․

«Մենք փորձարկումներ արել ենք, Քաջարանի պոչերից ստացել ենք արմատուրա, կարող եմ նույնիսկ ցույց տալ ունեմ ես»։

Այս մետաղը հանքարդյունաբերության վնասից ստացված օգուտն է։ Խաչատրյանը վստահ է, որ այս ոլորտը դեռ ամբողջովին չի բացահայտվել․

«Գիտե՞ք ինչ, մենք շատ բանի պոտենցիալ ունենք, մենք կարող ենք տնտեսությունը իրար հետ կապենք։ Օրինակ՝ հանքավայրը շահագործեցինք, պոչերից կարելի է տարբեր շինանյութեր, ցեմենտ ստանալ։ Մենք էսօր երկաթի հանքեր էլ ունենք, մենք պիտի մեր երկաթով, քրոմով, բոլոր մետաղներով հանենք, տանկեր սարքենք, ինքնաթիռներ սարքենք։ Մենք հազվագյուտ մետաղներ էլ ունենք․ Քաջարանի հանքավայրում ինչ ասես կա, դրանք էսօր օգտագործվում են ռազմական տեխնիկաներում։ Ամեն ինչ կարելի է էս երկրում անել, հիմքը հանքարդյունաբերությունն է, միանշանակ»։

Երկրաբանը վստահ է՝ եթե իրենք, գյուղատնտեսները, մաթեմատիկոսները, ֆիզիկոսները միասին աշխատեն՝ հանքարդյունաբերությունը ապագայում ոչ միայն խոշոր հարկեր ապահովող ոլորտ, այլև տնտեսության զարգացման խթան կդառնա։

Տնտեսագետն էլ ոլորտի զարգացման իր նախապայմաններն է նշում՝ առավել արդյունավետ օգտագործել ռեսուրսները՝ խտանյութի փոխարեն պատրաստի արտադրանք իրացնելով և նվազեցնել շրջակա միջավայրին պատճառված վնասները՝ խախտումների դեպքում  պատասխանատվության ավելի խիստ միջոցներ կիրառելով։

Back to top button