ԿարևորՀասարակություն

Պրոթեզավորված հերոս տղաները Պրահայից վերադարձան Երեւան

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, պրոթեզավորման նպատակով Պրահայում  գտնվող  երեք հայ հերոս տղաները՝ Արամը, Սարգիսը եւ Նորայրը  երեքամսյա բուժումից հետո հաղթանակած վերադարձել են Երեւան։ Այս մասին հայտնում է Չեխիայում լույս տեսնող «Օրեր» ամսագիրը: Տղաները ոչ միայն հաղթահարել են անցյալ ամիսների դժվարություններն ու խոչընդոտները, այլեւ կարողացել են մի կողմ թողնել հաշմանդամի սալյակները եւ հաստատուն քայլերով մեկնել հայրենիք։

Այս նախագիծը իրականացրել է «Տուր ինձ հույս» հասարակական կազմակերպությունը՝ վարսահարդար Սոնա Վարդանյանի եւ լուսանկարիչ Մարինա Տեր-Ղազարյանի անձնվեր ղեկավարությամբ։ Անցած ամիսներին նրանց սատարել են նաեւ բազմաթիվ չեխահայեր, որոնք թե ֆինանսապես, թե ֆիզիկապես օգնել են հնարավորինս դյուրացնելու հայորդիների բուժումն ու վերականգնողական ընթացքը։ 70-ից ավելի հայ կանայք հերթագայությամբ ամեն օր տարբեր ճաշատեսակներ են պատրաստել եւ հյուրանոց տարել, որպեսզի տղաները սնվեն տնային կերակուրներով, նկատի ունենալով նաեւ, որ համավարակի պայմաններում բոլոր ռեստորանները փակ են։ 

Տղաները պատմել են իրենց անցկացրած օրերի, տպավորությունների եւ ապագա անելիքների մասին: Նրանք բարձր տրամադրությամբ են հրաժեշտ տվել Պրահային եւ չեխահայերին, որոնք եկել էին Վացլավ Հավելի անվան օդանավակայան։ Ճանապարհողների թվում է եղել նաեւ Չեխիայում Հայաստանի հյուպատոս Մանվել Ավետիսյանը՝ տիկնոջ հետ։ 

Back to top button