ԿարևորՀասարակություն

«Ներմուծվող» գնաճ․ ինչքան են գները շարունակելու աճել

Հայաստանում գները շարունակում են աճել։ Այս տարվա մարտի տվյալներով՝  գնաճը 6 տոկոսի շրջակայքում է եղել, իսկ ապրիլին սննդամթերքն, օրինակ,  թանկացել է ավելի քան 9 տոկոսով։ Պետական կառույցներն ու փորձագետները գնաճի, այսպես ասենք, հիմնական մեղավոր համարում են համավարակն ու դրանով պայմանավորված սահմանափակումներն աշխարհում։ 

Գնաճը երկնիշ չէ, բայց նախատեսված միջակայքից բարձր է՝ արձանագրում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը՝ վստահեցնելով՝ գնաճի տեմպերն անհանգստացնող են, բայց՝ կառավարելի։ 

Ինչո՞ւ  են սպառողներն ամեն օր առևտրի կետերում առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացում արձանագրում։ Կենտրոնական բանկում հարցի պատասխանն ունեն՝ համաշխարհային շուկայում ձեթի և յուղերի գները բարձրացել են շուրջ 80, շաքարավազինը՝ 40 տոկոսով։ Գնաճային միջավայրը սպասվածից ավելի անբարենպաստ է Հայաստանի գործընկեր բոլոր երկրներում ՝ արձանագրում է ԿԲ նախագահ Մարտին Գաստյանը․

«Մենք ՝ որպես փոքր, ներմուծող երկիր, չենք կարող անտեսել այդ գները: Այսինքն՝ մենք չունենք ներքին արտադրություն, որը բացառապես միտված է հայրենական արտադրողի կողմից հայրենական սպառողի կարիքների բավարարմանը: Ուստի՝ մենք որպես ներմուծող երկիր, ներմուծում ենք գնաճ: Ու երբ ասում ենք առաջարկի գործոններով պայմանավորված գնաճ, նախ և առաջ սա նկատի ունենք»։

Հայաստանի սպառողական շուկայում 2021 թվականի ապրիլին 2020–ի ապրիլի համեմատ գրանցվել է 6.2% գնաճ։  Վիճակագրական կոմիտեի տվյալներն արձանագրում են՝   2021-ի հունվար-ապրիլին 2020-ի նույն ժամանակահատվածի  համեմատ գնաճը կազմել է 5.4%: 2020-ի դեկտեմբերից գնաճի տեմպերը Հայաստանում աստիճանաբար արագացել են: Մարտին այն 5.8%-ի շրջակայքում էր: Իսկ սննդամթերքը ապրիլին թանկացել է մոտ  8.5%-ով։ Մեկ ամսում ամենաշատը թանկացել են  յուղը, ձուն,  շաքարավազը, միրգը, բանջարեղենը, ձուկը,հացը, ալյուրը։

Համաշխարհային գնային վայրիվերումներին ավելացել են նաև փոխարժեքի տատանումները։ Գները բարձրանում են փոխարժեքի բարձրացմանը  զուգահեռ, բայց  երբ փոխարժեքը սկսում է նվազել, գները  նույն արագությամբ չեն իջնում։ Սա միջազգային ֆենոմեն է  ՝ ասում է  ԿԲ նախագահը։  Գնաճը երկնիշ չէ, բայց նախատեսված միջակայքից բարձր է՝ արձանագրում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը՝ վստահեցնելով՝  միտումն անհանգստացնող է, աշխատում են գնաճը  վերադարձնել բյուջեով թիրախավորված  4+-1 % միջակայք։  Վահան Քերոբյանը  ԿԲ–ի քայլերն է մատնանշում՝ հիշեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը։ Իսկ գնաճը մեղմելու հեռանկարը կապում  է գյուղատնտեսության հետ․

 «Որոշ ապրանքների հարցում մենք գուցե երկնիշ գնաճ ունենք, որոշների դեպքում այն  30–40 տոկոս է կազմում։ Ամեն ինչ կախված է այդ ապրանքների շուկայական կոնյուկտուրայից։ Դա պայմանավորված չէ միայն Հայաստանի ներքին  վիճակից։ Հիմա այնպիսի իրավիճակ է, որ սննդամթերքի գներն են բարձր։ Հույս ունենք, որ առաջիկա ամիսներին, նոր բերքի հետ շուկա մտնելուն զուգընթաց  ապրանքների գները կսկսեն նվազել»։


Գնաճից  ավելի վտանգավոր է անորոշությունը՝ շեշտում են  փորձագետները, հիշեցնելով  համավարակով, պատերազմով ու ներքաղաքական լարվածությամբ  պայմանավորված և դեռ չհաղթահարված  ճգնաժամի մասին։ ԳՀՄՆ Գագիկ Մակարյանը նույնպես աննորմալ գնաճի, այսպես ասենք,  գլխավոր մեղավոր համարում է համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակը։Բացատրում է՝ համավարակով ու լոքդաունով պայմանավորված  աշխարհում նվազել են արտադրության ծավալները, երկրներն իրենց կարիքները բավարարելու համար կամ ապրանք ընդհանրապես չեն արտահանում, կամ քիչ են արտահանում․

«Հայաստանում նույնպես ապրանքների դեֆիցիտ կա,ինչն առաջացել է կորոնավիրուսի կամ պատերազմի պատճառով։ Որպես օրինակ կարող եմ նշել հացահատիկի վերամշակումը, անասնապահության ոլորտը»։

Մակարյանն արձանագրում է նաև ներքին խնդիրները․ մարդիկ ծախսել են իրենց խնայողությունները, նրանց  գնողունակությունը նվազել է։ Սա էլ, իր հերթին, փորձագետի դիտարկմամբ, հանգեցնելու է  աղքատության մակարդակի արհեստական բարձրացման ։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանն ավելի լավատես է։ Համոզված է, որ գնաճն առաջիկայում կվերադառնա թիրախային միջակայք։  Լավատեսության հիմքում ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումն է․

«21–րդ դարում գյուղատնտեսական արտադրության նման  արտադրողականության պայմաններում, ինտենսիվության ու ինովացիաների պայմաններում պարենամթերքը երկար ժամանակ չի կարող բարձր գին ունենալ։ Ենթադրում եմ, որ սա կարճաժամկետ պրոցես է, առավելագույնը մեկ տարվա ընթացքում գներն իրենց բնականոն հունի մեջ կմտնեն»։

Գնաճի վերահսկման նպատակով ԿԲ–ն օրերս վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց՝ 5․5–ից սահմանելով 6 տոկոս։ Գլխավոր դրամատանն ասում են՝ եթե գնաճը չվերադառնա թիրախային միջակայք, տնտեսության հետագա զարգացումը,  հատկապես ներդրումները մեծ ռիսկի տակ կհայտնվեն ։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը խոստանում է․

«Եթե նույնիսկ այս տարի մենք ավարտենք բարձր գնաճով, քան մեր թիրախն է, ապա  հաջորդ տարիներին հետ ենք գալու մեր թիրախին անպայման ու աներկբա, քանի որ մենք մեր հասարակությանը տված խոստումը կատարելու ենք»։

Մինչ պատկան մարմինները  խոստանում են ու վստահեցնում, որ անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվում են, թանկացող ապրանքները շարունակում են դատարկել շարքային սպառողների գրպանները։

Back to top button