ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս տնտեսությունը դնել գիտելիքի «ռելսերի» վրա

Գիտելիքահեն տնտեսություն ունենալու համար ոչ թե խոսել է պետք, այլ գործել՝ կարծում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նրա համոզմամբ՝ փոքր ծավալով, բայց մեծ արժեքով արտադրանքը մրցունակ կդարձնի հայկական տնտեսությունը։

«Մեր տնտեսության մրցակցային հիմնական առավելությունը լինելու է փոքր ծավալով մեծ արժեքով ապրանքների արտադրությունը և արտահանումը։ Հայաստանից տրանսպորտային ծախսերը անհամեմատ ավելի բարձր են ստացվում, հետևաբար պետք է այնպիսի ապրանք արտադրենք և արտահանենք, որի արժեքը բավականին մեծ է և տրանսպորտային ծախսերի տեսակարար կշիռը գնի մեջ շատ փոքր կկազմի»,- ասում է Պարսյանը։

Այլընտրանք չկա՝ միակ լուծումը կրթության մեջ հեղափոխական ու կտրուկ քայլերն են։  Տնտեսագետի համոզմամբ՝ միայն այս դեպքում հնարավոր կլինի զարգացնել տնտեսությունը, ռազմաարդյունաբերությունը և լուծել անվտանգության խնդիրները։ Պետությունը պետք է ճիշտ ազդակներ տա բիզնեսին և գնահատի նրա կարիքները։

«Շղթա է, որը պետք է սկսվի կրթությունից և ավարտվի արտադրությունում, բայց այս շղթան պետք է ամբողջանա, քանի որ դրա առանձին օղակները  փոխադարձ կապերի մեջ։ Արտադրողը կրթական գործընթացին պետք է մասնակցություն ունենա, իր պահանջները ներկայացնի»,– նշում է Պարսյանը։

Տնտեսության գիտելիքահեն դարձնելու ճանապարհը կրթության զարգացմամբ է պայմանավորում նաև «YerevaNN» լաբորատորիայի տնօրեն, դասախոս Հրանտ Խաչատրյանը։ Մեծ ինտեգրացիա պետք է լինի կրթության և տնտեսության ճյուղերի միջև՝ կարծում է։ Նրա խոսքով՝  կրթությունը պետք է կարողանա կադրերով ապահովել ոչ միայն այսօրվա, այլև ապագայի տնտեսությանը․

«Դա նշանակում է, որ դասախոսները և կրթական համակարգի կազմակերպիչները պետք է ավելի լավ հասկանան՝ ինչպես է աշխատում տնտեսությունը։ Դա չի նշանակում, որ տնտեսությունը պետք է թելադրի կրթական պրոցեսները, դա էլ մյուս ծայրահեղությունն է, որի մեջ չի կարելի մտնել»,– ասում է Խաչատրյանը։

Հրանտ Խաչատրյանի դիտարկմամբ՝ տնտեսության մեջ կան հատվածներ, որոնք սպասարկում են Հայաստանի տեղական շուկան և կան հատվածներ, որոնք սպասարկում են համաշխարհային շուկան։ Երկուսն էլ տարբեր են խորհրդային շրջանում ստեղծվածից։ Նույն կերպ է գործում նաև գիտությունը, որի համակարգերը ստեղծվել են խորհրդային շրջանում՝ խորհրդային գիտության պահանջների համար, սակայն հետագայում չեն արդիականացվել։

«Կա կրթական համակարգ, որը խորհրդային շրջանի կրթական համակարգն է, բայց ՝ թերֆինանսավորված։ Այսինքն՝ ինքը չի կատարում ոչ միայն այսօրվա ֆունկցիաները, այսօրվա աշխարհի պահանջները, այլև նույնիսկ խորհրդային շրջանի պահանջները չի կատարում, քանի որ ավելի վատ է ֆինանսավորվում»,– նշում է Հրանտ Խաչատրյանը։

Գիտելիքահեն տնտեսության առանցքը կրթության ու գիտության բնագավառների զարգացումն է, ասում են մասնագետները։ Թեև ամեն տարի Հայաստանի IT ոլորտը գրեթե 10–20 տոկոսով աճում է, այդուհանդերձ, այս պահին ոլորտի ձեռնարկությունները տարբեր գնահատականներով մինչև 10 հազար աշխատողի կարիք ունեն։ 2020թ–ին Հայաստանի արտահանման 33 տոկոսը կազմել է հանքարդյունաբերությունը, իսկ նախորդ տարի՝ 28 տոկոսը։ Տնտեսագետի գնահատմամբ՝ այս թվերը վկայում են՝ տնտեսության կախվածությունը հանքաարդյունաբերությունից աճել է, իսկ գիտելիքահեն արտադրանքի արտահանումը՝ կրճատվել։

Back to top button