ԿարևորՀասարակություն

Հինգերո՞րդ, թե՞ վեցերորդ սերնդի պատերազմներ․ պատրա՞ստ ենք արդյոք

Աշխարհն արդեն  ոչ թե հինգերորդ, այլ վեցերորդ սերնդի պատերազմներին է պատրաստվում, իսկ ի՞ նչ ենք անում մենք՝ համաշխարհային ռազմարդյունաբերությունից հետ չմնալու համար։ Հայաստանում ապագայի զենքեր կարող են ստեղծվել՝ վստահեցնում  են գիտնականները։  Եթե ֆինանսներ ներդրվեն, Հայաստանը կկարողանա զարգացնել ռազմարդյունաբերությունը։ Բայց ֆինանսների սղությունից բացի՝ մեկ այլ խնդիր էլ կա ՝ գիտության առաջ հստակ խնդիրներ չդնելը։ 

Ինչպե՞ս  է աշխատում անoդաչու թռչող սարքը, ինչպե՞ս է կառավարվում նրա թռիչքը երկնքում  կամ  ի՞նչ կառուցվածք ունի  հինգերորդ սերնդի պատերազմի առաջատար զինատեսակը։ ԱԹՍ–ների  աշխատանքը պատկերացնելու համար պետք է լավ ֆիզիկա իմանալ՝ ասում է  «Արմաթ» լաբորատորիայի խմբավար Արտյոմ Դադունցը։

«Կարևոր է  աէրոդինամիկա իմանալ։  Ինքնաթիռը թռչում է իր թևերի միջոցով։ Երբ ձգողական ուժ է ստեղծվում, ԱԹՍ–ն կարողանում է օդ բարձրանալ։ Դրանից  հետո պետք է կարողանաս որոշել ծանրության կենտրոնը, որ կարողանաս բալանսի պահել, որպեսզի թռիչքի ժամանակ վեր ու վար չանի»։

Մեկ ամսում մասնագետը կարող է մեկ ԱԹՍ նախագծել, իսկ դրա հիմքում գիտական հաշվարկներն են։  ԱԹՍ-ն կառավարում է օպերատորը՝  նշելով կոորդինատները։ Որպես կանոն՝ այսպես աշխատում են հետախուզական ԱԹՍ–ները։ Հարձակողական ԱԹՍ-ների  դեպքում օպերատորի հետ աշխատում է նաև արհեստական բանականությունը, որի օգնությամբ տեղորոշվում են հարձակման ենթակա օբյեկտները։    

Հայ գիտնականներն ուշի ուշով հետևում էին  Արցախի երկնքում սահմանի ողջ երկայնքով  44 օր շարունակ թռչող ԱԹՍ-ներին, որոնք հաճախ նույն ուղղությամբ շարժվում էին խմբերով։ 

«Չորսը միասին էին գալիս, բայց տարբեր հեռավորությամբ ու բարձրությամբ մեկն ավելի բարձր էր թռչում, մյուսը՝ ավելի ցածր։ Գալիս էին , որ ՀՕՊ-ն իրենց  ոչնչացնի, ու այդպես կարողանում էին տեղորոշել»։

Ապագայի զենքերը կարող են  Հայաստանում ստեղծվել՝ վստահեցնում են մասնագետները։ «Արմաթ» լաբորատորիայի տնօրեն Սեդրակ Վարդանյանը «Ռադիոլուր»–ին պատմում է՝  ԱԹՍ կրթական լաբորատորիաներ են ստեղծում՝ առանց պետական աջակցության։

«65 լաբորատորիա ունենալով տարեկան մոտ 2000 երեխա կպատրաստենք։ Նրանք պատրաստ կլինեն գործող ձեռնարկություններում աշխատելուն, և  բանակին օգուտ կտան։  Յուրաքանչյուր երկու տարին մեկ 2500 պատրաստված տղա կտանք բանակին։ Պատկերացրեք, թե դա ինչ թիվ է, երբ պատերազմի ժամանակ մեզնից էին օպերատորներ խնդրում»։

Աշխարհն արդեն ոչ թե հինգերորդ, այլ վեցերորդ սերնդի պատերազմներին է պատրաստվում։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Վարդանյանը շեշտում է՝ ժամանակակից նանոտեխնոլոգիաները ռազմական արդյունաբերության մեջ կարող են ավելի կարևոր լինել, քան  միջուկային զենքը։ Փորձեք մեկ միլիմետր երկարությունը թեկուզ մտքում բաժանել մեկ միլիոն մասի ու պատկերացրեք, թե ինչ կստացվի արդյունքում։ Գիտնականները ոչ միայն պատկերացնում են, այլև պատկերացրածը կյանքի կոչում՝ նանոֆիզիկայի ու նանոտեխնոլոգիաների միջոցով։ Հենց գիտական այս ուղղությունն էլ առաջարկում է վեցերորդ սերնդի զինատեսակներ, որոնք էականորեն տարբերվելու են միջուկային զենքերից ու ԱԹՍ-ներից։

«Նանոմիջատները կարող են հայտնվել ցանկացած տեղում ու խափանել սարքերի աշխատանքը։  Այդ երկարություններում տեղի ունեցող երևույթների կառավարման միջոցով են հնարավոր դարձել և հնարավոր են դառնալու նորագույն ամենախելացի սարքերը բոլոր ոլորտներում»։  

Հայաստանում ապագայի զենքեր կարող են ստեղծվել։ Բայց ֆինանսների սղությունից բացի՝ մեկ այլ խնդիր էլ կա՝ գիտության առաջ հստակ խնդիրներ չդնելը։  Եթե գիտության առջև հստակ խնդիրներ դրվեն, ապա հնարավոր կլինի ռազմարդյունաբերությունը զարգացնել՝ ասում են զրուցակիցներս։ Տեսական գիտելիքները հնարավոր է գործնական դարձնել անգամ խաղաղ պայմաններում, դրանք   կիրառել նաև տնտեսության մեջ։ Սեդրակ Վարդանյանը զարգացած երկրների փորձն է  մատնանշում

«Խաղաղ պայմաններում նույն ԱԹՍ-ները կարելի է կիրառել բժշկության մեջ, ԱԻՆ-ում, քարտեզագրության, գյուղատնտեսության մեջ։ Շատերը տեսել են հիվանդ տեղափոխող ուղղաթիռները։ Դրանք կարելի է դարձնել անօդաչու։ Կարելի է բեռների տեղափոխում կազմակերպել»։   

Սեդրակ Վարդանյանը համեմատում է  Իսրայելն ու Հայաստանը, հիշեցնում, որ Իսրայելի ռազմական բյուջեն Թուրքիային համազոր է։ Հայաստանն էլ պետք է ամեն ինչ անի, որ Թուրքիայի մտքով անգամ չանցնի հարձակվել մեր երկրի վրա, իսկ դրա  համար պետք է ենթակառուցվածքները ոչնչացնելու ուղղությամբ մտածել։ Թե ինչպես, գիտենք ու կարող ենք, բայց նախընտրելին փակագծերը չբացելն է։

Ցուցադրել ավելի
Back to top button