Ստարտափ Հայաստան

Նորաստեղծ բիզնեսը կարողանում է ապահովել նորաստեղծ ընտանիքին․ «Ստարտափ Հայաստան»

Ռաֆայելի արհեստանոցում կողք կողքի շարված են անհասկանալի գործիքներ, սեղանին փայտե դեռ չավարտած աշխատանքներ են, իսկ սոսնձի և փայտի հոտը հեռվից հեռու հասկացնում է՝ այստեղ փայտին նոր կյանք են տալիս։

Ռաֆայելի և Գոհարի նորաստեղծ ընտանիքում ծնվեց մի բիզնես գաղափար, որն արդեն մի քանի ամիս է ակտիվ կյանքով է ապրում։ Ռաֆայելը փայտի հանդեպ սերն օգտագործեց, Գոհարն էլ՝ նկարչական հմտությունները, երբ հասկացան, որ կարողանում են գեղեցիկ իրեր ստեղծել, որոշեցին հաճելի զբաղմունքը դարձնել բիզնես։

Բիզնեսում հաջողելու համար Գոհարն ու Ռաֆայելն օրվա մեծ մասն անցկացնում են իրենց արհեստանոցում։ Գոհարն ու Ռաֆայելն իրար փոխլրացնելով են ստեղծում իրենց ապրանքը։ Փայտե ժամացույցներ, բաժակի տակդիրներ և այլ իրեր ստեղծվում են հայկական մոտիվներով։

Բիզնեսը նոր են սկսել, բայց Ռաֆայելն արդեն փայտագործության մեջ մեծ փորձ ունի։ Փորձը մի կողմ, շուկայում պետք է տեղ ամրապնդվի։

Ռաֆայելն ու կինն ամբողջ օրը մտածում են իրենց արտադրանքի տեսքի, որակի և հարմարավետության մասին։ Կարդում են, սովորում, հետաքրքրվում դրսի աշխատանքներով, գեղեցիկն ու նորն օգտագործում իրենց աշխատանքներում։

Գոհարի գլխավոր նպատակը հայկականը տարածելն է։ Շուկան ուսումնասիրել է, գիտի, որ այսօր հայկականը նորաձև է։ Սեփական փորձով է ապացուցում՝ մենք ունենք այնպիսի հեղինակներ, որոնց աշխատանքները կամ հայտնի չեն, կամ էլ քիչ են հայտնի, սա լավ առիթ է նախ մեզ ծանոթացնելու մեր ունեցածը, հետո աշխարհին։

Ռաֆայելը փորձ արել է՝ ձեռքի աշխատանքները ցուցադրել է խանութներում, որպեսզի վաճառքի թվերը շատանան, բայց հիասթափություն է ունեցել։

Այդպես մարդիկ ավելի քիչ են գնում, պատճառը գուցե այն է, որ երբ խանութում ես դնում ստեղծածդ, գինն ավելանում է, մարդկանց համար դժվար է լինում գնելը։

Հայաստանում դեռ այդքան զարգացած չեն նման աշխատանքների համար ստեղծված օֆֆլայն հարթակները։ Հարմարը դեռ օնլայնն է։ Բիզնեսում ներդրումներ արել են։ Աշխատած գումարը դեռ ներդնում են գործի մեջ։

Գոհարն էլ այլ դժվարությունների է բախվել։ Ասում է, որ լավ կլիներ Հայաստանում էլ ձեռքի աշխատանքները գնահատվեին այնպես, ինչպես դրսում, բայց չի դժգոհում, գիտի, որ իրենց նմանների շնորհիվ վերաբերմունք է փոխվելու։

Գոհարի և Ռաֆայելի պատմությունը լավ օրինակ է. նախ սերը հաղթում է ամեն դժվարություն, հետո նորաստեղծ բիզնեսը կարողանում է ապահովել նորաստեղծ ընտանիքի պահանջները։ Հայաստանը սիրում է նպատակասլաց երիտասարդներին։

Back to top button