Ժամանակի վկան

Մենք հաղթեցինք, որովհետև ունեցանք Թաթուլ Կրպեյանի գաղափարախոսությունը․ Արկադի Տեր-Թադևոսյան․ «Ժամանակի վկան»

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը մեր ընտանիքի մտերիմներից էր։ Նա միշտ մեր կողքին էր և մասնակցում էր Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին վերաբերող գրեթե բոլոր միջոցառումներին։ Հանդիպումների ընթացքում շատ էինք քննարկում Արցախյան ազատամարտը և մեր հաղթանակները։

Թաթուլ Կրպեյան-45, Արկադի Տեր-Թադևոսյան և Իրինա Բարսեղյան-Կրպեյան

2009 թվականին ես նրան հրավիրեցի մասնակցելու իմ հաղորդմանը, այն ժամանակ հաղորդաշարի խորագիրը նոր էի փոխել՝ «Մեր պատմությունը» դարձնելով «Ժամանակի վկան»։ Նա սիրով համաձայնվեց։ Մեր զրույցից մի փոքր հատված այդ տարին եթեր հեռարձակվեց՝ Շուշիի ազատագրման հաղթական օրվա առթիվ։ Ձայնագրությունն առանց խմբագրման պահպանվում էր իմ արխիվում և Կոմանդոսի մահվանից հետո այն ամբողջությամբ հեռարձակելու անհրաժեշտությունն անառարկելի էր։ Այս հաղորդաժամին ռադիոլսողն ունի հնարավորություն լսելու իմ և Արկադի Տեր-Թադևոսյանի զրույցի հիման վրա պատաստված հաղորդումը։ Բացառիկ անկեղծություն, անբռնազբոս համեստություն, որով ականավոր ռազմական գործիչը պատմում է իր մասին, գնահատականներ տալիս մարտական ընկերներին, արժևորում հերոսներին, ուշագրավ դրվագներ պատմում պետական-ահաբեկչական «Կոլցո» գործողությունից ու Շուշիի ազատագրումից։

1․ Արցախյան շարժումը հայրենիք բերեց խորհրդային տարբեր հանրապետություններում բնակվող և զինվորական ծառայություն կատարող բազմաթիվ կադրային սպաների։ Նրանցից էր նաև Արկադի Տեր-Թադևոսյանը, որը վերադառնալով Հայաստան աշխատանքի անցավ գյուղատնտեսական ինստիտուտում։ Արկադի Տեր-Թադևոսյանը միացավ Արցախյան շարժմանը և իր ուժերը ներդրեց նոր-նոր ձևավորվող ինքնապաշտպանական ջոկատների կազմավորման, ազատամարտիկների ռազմական պատրաստության, զենք-զինամթերքով ջոկատները համալրելու, կազմակերպչական այլ գործերում և, իհարկե, ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն ունենալով։

2․ 1991 թվականի ապրիլի 30-ին Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն գյուղերի բռնագաղթով սկսվեց Խորհրդային Միության և Ադրբեջանի ղեկավարությունների համատեղ նախապես ծրագրած «Օղակ» («Կոլցո») պետական-ահաբեկչական գործողությունը, որը տևեց մինչև օգոստոս և այդ ընթացքում բռնագաղթի ենթարկվեցին ավելի քան 24, որոշ տվյալներով՝ 30, հայկական գյուղեր՝ Հյուսիսային Արցախի, Շուշիի, Հադրութի և այլ շրջաններից։

3․ «Օղակ» գործողությունը պետական ահաբեկչական, ցեղասպան գործողություն էր, որն իրականացվում էր ԽՍՀՄ ղեկավարության հսկողությամբ, ԽՍՀՄ կանոնավոր բանակի, ՆԳՆ Ներքին զորքերի տարբեր ստորաբաժանումների, հատուկ ջոկատայինների մասնակցությամբ։ Ակնհայտ կերպով Մոսկվան օժանդակում էր Ադրբեջանի ղեկավարությանը հայկական տարածքներից, որոնք հազարամյակից ավելի բնակեցված էին եղել հայերով, արտաքսել բնիկներին և ենթարկել ազգային հատկանիշով էթնիկ զտումների։

4․ Չէի կարող չհարցնել Հայաստանի ազգային հերոս (1996 թ․), Հայրենիքի բարձրագույն շքանշանակիր, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության կազմակերպիչ և ընդհանուր հրամանատար Թաթուլ Կրպեյանի գործոնի մասին, որպես ռազմական գործչի, հրամանատարի, ազատամարտիկի, մտավորականի։

5․Արկադի Տեր-Թադևոսյանը չի ուռճացնում, չի գերագնահատում Արցախյան առաջին պատերազմի հաղթանակները։ Ներկայացնում է այն, ինչը եղել է իրականում։

6․ Շուշիի մասին չխոսել պարզապես չէինք կարող Շուշիի ազատագրման գործողությունը ղեկավարած լեգենդար հրամանատարի հետ, որը բացառիկ մանրամասնություններ ներկայացրեց այդ գործողությունից։

7․ Հայ զինվորի կերպարի մասին հարցին պատասխանելիս՝ նա անդրադարձավ նաև մեր բանակում 11 տարի առաջ արդեն նկատելի դարձած կազմաքանդման միտումներին, որոնք անհանգստացնում էին Կոմանդոսին։

8․ Եվ կրկին վերադարձանք Թաթուլ Կրպեյանի ֆենոմենին՝ երևույթին։ Արկադի Տեր-Թադևոսյանը չթաքցրեց, որ վախի ժամանակներ էին 90-ականները, որովհետև մեր դիմաց խորհրդային հզոր բանակն էր կանգնած, սակայն Թաթուլ Կրպեյանի իդեոլոգիան՝ գաղափարախոսությունը հաղթեց, որովհետև նա, որպես ազգային գործիչ, պետական դերակատարություն ունեցավ, դառնալով այն հերոսը, որը համատարած վախի մթնոլորտում օրինակ հանդիսացավ՝ ասելով՝ մի՛ վախեցեք, պե՛տք է դիմադրենք։ Ու Շուշի տանող հաղթանակը սկսվեց Գետաշենից՝ այդ ճանապարհին թողնելով բազում զոհված հայորդիներ։

9․ Քանի որ մեր զրույցը Շուշիի ազատագրման օրվա առթիվ էր, հարցրեցի, թե ի՞նչ կցանկանա մաղթել մեր ժողովրդին համազգային տոնի կապակցությամբ։

Ավարտվեց «Ժամանակի վկան» հաղորդաշարի հերթական հաղորդումը։ Այս անգամ դուք հնարավորություն ունեցաք ունկնդրելու իմ անձնական արխիվից 2009 թվականի վաղեմության մի չհրապարակված ձայնագրություն, որին մասնակցում էր Արցախի հերոս, գերերալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։ Այս հաղորդումը հիշատակի տուրք էր լեգենդար հրամանատարին։

Back to top button