ԿարևորՄշակույթ

Ինչպես խաղալ թատրոն՝չշահարկելով հասարակության ցավը

Ի՞նչ է ուզում տեսնել բեմին՝ պատերազմ անցած հասարակությունը, և ի՞նչ է ներկայացնում թատրոնը․ թատերական ազդագրերը թատերագետ Անուշ Ասլիբեկյանին չեն գոհացնում։  

«Չեմ տեսնում ընդհանուր քաղաքականություն, և երբևէ մեր խաղացանկերի վիճակը այսքան ողբերգական չի եղել։ Պատերազմից հետո մեր պատասխանատվությունը պիտի մեծանար, բայց հիմա շահարկում են օրվա վիշտը, որոնք հասարակական լայն շերտեր են տանում թատրոն  և ապակողմնորոշում այսօրվա հանդիսատեսին»,-ասում է Անուշ Ասլիբեկյանը:

Մյուս զրուցակիցս՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը, թատրոնի այսօրվա խնդիրը այսպես է ձևակերպում․թատրոնը պետք է հերքի պատերազմի գոյությունը, չշահարկի ցավը։ Արման Նավասարդյանը օրինակ է բերոմ հայտնի ֆիլմը․

«Հին օրերի երգը» պատերազմի մասին է, բայց պատերազմի մասին խոսք չկա, տեսարան չկա, ճակատագրեր կան,  և սա է հենց արվեստը, այս փոխհարաբերություններն են արվեստի նյութ, ոչ թե այն, ինչ արվում է հիմա»,-ասում է Արման Նավասարդյանը։

Երբ ժամանակները դժվար են, թատրոնը հատուկ անելիք ունի․ ցույց տալ այն, ինչի կարիքը ունի հանդիսատեսը։ Ծիծաղ․ Արման Նավասարդյանն ասում է՝  հասարակությունը հիմա ամենաշատը ծիծաղել է ուզում․

«Հայաստանի Սովետական Հանրապետությունում՝ 1942-ին կամ 43-ին, չեմ հիշում,  բացվեց Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոն և բեմադրվում էին կատակերգություններ, ինչի՞ համար ըհենց պատերազմից օրերին բացվեց, որովհետև թատրոնով մարդկանց շեղելու, ապրեցնելու անհրաժեշտություն կար, հիմա էլ կա»,-ասում է Արման Նավասարդյանը։

Պետություն-թատրոն-դրամատուրգ-հասարակություն․ այս շղթայի օղակների ներդաշնակ աշխատանքի մեջ է թատրոնի ապագան և հանդիսատեսի վերադարձը՝ թատրոն, -ասում է թատերագետ Անուշ Ասլիբեկյանը․

«Թատրոնի գեղարվեստական ղեկավարները պետք է քաջ գիտակցեն, որ մեծ դեր ունեն, խաղացանկային քաղաքակնություն պետք է ձևավորեն, ժամանակակից դրամատուրգի հետ խոսեն, պատերազմից հետո պետք է հետ նայել և հասկանալ, որ մեր սխալն է մշակույթին, կրթությանը, գիտությանը առաջնային դեր չտալը, մենք հիմա ժամանակ չունենք, պետք է ուղղենք սխալները»,-ասում է Անուշ Ասլիբեկյանը։

Զրուցակիցներս վստահ են՝ գալու են ժամանակներ, երբ մարդիկ թատրոն ավելի հաճախ են գալու։ Գալու են անհրաժեշտությունն զգալով ու ստանալու են այն, ինչի կարիքն իսկապես ունեն։

Back to top button