ԿարևորՏնտեսական

Ապահովել սեփական պարենը․ Հայաստանի գյուղոլորտի ապագան

Հայաստանը գյուղատնտեսական հսկա ներուժն օգտագործելու դեպքում պարենային անվտանգության խնդիր չի ունենա․ ավելին՝ բնակչությանն ապահովելուց բացի կկարողանա նաև մեծ ծավալով արտահանում իրականացնել․ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի դիտարկումն է։ Արդեն տասնյակ տարիներ  Հայաստանը կարտոֆիլ ներկրողից դարձել է արտահանող։

«Հսկայական քանակի պտուղ–բանջարեղեն է արտահանվում Հայաստանից, և այդ թվերը ապագայում կարելի է առնվազն կրկնապատկել։ Մի շարք մթերքների մասով մենք այսօր ինքնաբավ ենք․ դա կարտոֆիլն է, բանջարաբոստանային մշակաբույսերը, խաղողի բարձր ապահովվածություն ունենք։ Մանր եղջերավոր կենդանիների մսի միջին ապահովվածություն էլ կա»,– ասում է Գառնիկ Պետրոսյանը։

Սակայն պարենային ինքնաբավության մակարդակը ցածր է ամենակարևոր պարենի՝ ցորենի առումով։ Գառնիկ Պետրոսյանին մտահոգում է՝ ցորենի ինքնաբավության մակարդակը շարունակում է իջնել․

«Նախկինում ունեինք ցորենի 50 և ավելի տոկոս ինքնաբավության մակարդակ, իսկ հիմա դա ընդամենը 25 տոկոս է։ Շատ լուրջ խնդիրներ կան թռչնամսի մասով, ժամանակին մեր երկիրը 100 տոկոսով ապահովում էր ներքին սպառման պահանջարկը, իսկ հիմա ունենք ինքնաբավության ընդամենը 22-23 տոկոս մակարդակ»։

Թռչնամսի արտադրության հսկա ներուժ ունենք, ժամանակին մեծ ֆերմաներ են կառուցվել՝ հիշեցնում է նախկին փոխնախարարը։

Պարենային հաշվեկշռի պաշտոնական տվյալներով՝ կենսապես կարևորագույն պարենամթերքի ինք­նա­բավության մակարդակը 2019 թ․ տվյալներով շուրջ 52,5% է։  

«Մեր երկրի պարենային անվտանգությունը շատ կարևոր է, քանի որ գտնվում ենք շրջափակման մեջ, շարունակաբար պատերազմական լիավիճակում, և, բնականաբար, պետւթյունն այստեղ էլ խնդիրներ ունի։ Մի շարք կարևոր ապրանքատեսակների դեպքում որոշակի պաշարներ պետք է ունենալ»,– ասում է գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։

Հայաստանն այսօր գյուղատնտեսական իր ունեցած հնարավորությունների փոքր մասն է օգտագործում՝ արձանագրում է Պետրոսյանը։ Մտահոգիչ տվյալներ ունեն նաեւ էկոնոմիկայի նախարարությունում, որի գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը մանրամասնում է․

«ՀՀ–ում կա շուրջ 2 միլիոն հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, վարելահող է շուրջ 444 հազար հեկտարը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղատնտեսական նշանակության հողերը, մասնավորապես վարելահողերը, վերջին տարիներին արդյունավետ չեն օգտագործվում»։

Հողերն անմշակ թողնելու «առաջատարը» Վայոց ձորի մարզն է․ այստեղ հողերի շուրջ 76%-ը՝ ավելի քան 19 հազար հեկտար անմշակ է, գյուղացուն դրանով զբաղվելը հեռանկարային չի թվում։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության գնահատման՝ գյուղնշանակության հողերն արդյունավետ չեն օգտագործվում ոռոգման ջրի պատճառով․ այն կամ չկա, կամ շատ քիչ է․

«Ոռոգման ջրի հասանելիության մակարդակը բավականին ցածր է։ Փաստացի ոռոգելի տարածքները շուրջ 117 հազար հեկտար են։ Սա շատ փոքր թիվ է ընդհանուր գյուղատնտեսական նշանակության՝ մասնավորապես վարելահողերի կազմում»,– ասում է Իռա Փանոսյանը։

Խորհրդային տարիներին մեր երկրում ոռոգվել է 280 հազար հեկտար, հիմա՝ դրա կեսից պակաս՝ նշում է Գառնիկ Պետրոսյանը։

«Այս ուղղությամբ քայլեր են պետք․ հսկայական ջրային ռեսուրսներ ունենք, հատկապես գարնանը մակերեսային հոսքի ջրերը, որոնք հեռանում են մեր երկրից և բաժին են հասնում մեր հարևան՝ ոչ բարեկան մերկրներին։ Այդ ջուրը պետք է ամբարել, կուտակել և օգտագործել մեր կարիքների համար»։

Փորձագետները շեշտում են՝ արտադրողականության, բերքատվության և մեքենայացման մակարդակը բարձրացնելու  լուրջ քայլեր են անհրաժեշտ։  Հայաստանում հետբերքահավաքային կորուստը 30%-ի է հասնում։

«Ամենակարևոր հարցը Հայաստանում հետբերքահավաքային ենթակառուցվածքների ստեղծումն է՝ պահեստներ, սառնարաններ, որպեսզի գյուղացին ոչ թե սեզոնին շտապի բերքը հավաքել ու վաճառել, այլ իմանա, որ կարող է հավաքել, պահել և հետո հանգիստ վաճառել։ Արդյունքում գործարաններն էլ ավելի ռիթմիկ ու համաչափ կաշխատեն տարվա ընթացքում, ոչ թե մի սեզոնում՝ խեղդվելով»,– նշում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է գյուղատնտեսության զարգացման  2020-2030թթ ռազմավարություն։ Առաջնահերթ են դիտարկվել չօգտագործվող հողերին վերաբերող միջոցառումները։ Նախարարության ներկայացուցիչ Իռա Փանոսյանը կարևորում է նաև գյուղատնտեսական հողերի քարտեզագրումն ըստ որակի, որպեսզի, օրինակ,  ներդրում անողը նախապես տեսնի,  թե որ տարածքում ինչ տեսակի ու գույնի հողեր կան։

«էկոնոմիկայի նախարարության մյուս գործիքը գյուղատնտեսության պետական օժանդակության մեկ տասնյակից ավելի ծրագրերն են՝ նպատակաուղղված  ֆինանսական միջոցների հասանելիության միջոցով  հողերը մշակովի դարձնելուն»,– ասում է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը։

Պետական աջակցության ծրագրերը 3 հիմնական ուղղություն ունեն՝ վարկային, ծախսերի փոխհատուցման և սերմերի գնի մասնակի սուբսիդավորման։ Երկրի գյուղատնտեսական ապագան պարենային անվտանգության մակարդակի բարձրացումն է։ Երկիրն ամուր է, երբ գյուղացու համար իր իսկ հողը եկամտաբեր է:

Back to top button