ԿարևորՀասարակություն

Պարտադրել վերադարձնել հայ գերիներին՝ պատժամիջոցներ կիրառելով․ հայտարարություններից՝ գործնական քայլեր

Պատերազմից 6 ամիս անց՝ միջազգային հանրությունը Ադրբեջանին կոչ անում վերադարձնել բանտերում պահվող հայ գերիներին: Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի՝ խնդրով մտահոգ կառույցներն ու անհատները ամեն օր աշխատում են մեր հայերնակիցների՝ հայրենիք վերադառնալու համար: Քաղաքագետ, վերլուծաբան Թևան Պողոսյանի կարծիքով՝

միջազգային հանրության ակտիվացումը արևելքի և արևմուտքի առճակատման հետևանք է։

Միջազգային արձագանքը՝ վերադարձրե՛ք գերիներին

Տարածաշրջանային զարգացումներ, շահերի հստակեցում․ այս հարցերի պատճառով է միջազգային հանրությունը հայ գերիների վերադարձի կոչեր հնչեցնում,- «Ռադիոլուր»-ին ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը: Միջազգային հանրությունը բազմաբովանդակ հայտարարություններ շատ է արել, բայց դրանք, որպես վերջնարդյունք ամրագրելու համար, հարկավոր են գործողություններ, օրինակ՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում։ «Այն, ինչ տեղի է ունենում այսօր, Արևմուտքի և Ռուսաստանի առճակատման հետևանք է, նպատակը տարածաշրջան վերադարձի ապահովումն է՝ խնդիրը բարձրաձայնելու միջոցով»,–ասում է Թևան Պողոսյանը: Նա  ընդգծում է, որ կա Բաքվին հակազդելու երկու տարբերակ՝ հասնել պատժամիջոցների սահմանման՝ թուլացնելով տնտեսությունը, կամ էլ ունենալ նույնքան ադրբեջանական գերի՝ մեզ մոտ, ինչն իրատեսական չէ.

«Ամբողջ խնդրին այն է, որ հայտարարություններին պետք է հաջորդեն գործողություններ։ Հարցն այն է՝ խնդիրն արդյո՞ք բարձրացվելու է ազդեցիկ միջազգային կառույցներում պատժամիջոցներ կիրառելու համար՝ ՄԱԿ–ում, Համաշխարհային բանկում, ԵԱՀԿ–ում, ԱՀԿ–ում, լուրջ ճնշում ապահովելու համար։ Եթե պատժամիջոցներ չեն լինելու, ապա այցերից առաջ կամ այցերից հետո, ինչ–որ պահանջի իմաստով, կրկին իրենց շահերից ելնելով՝ կարող է հայտարարություներ արվեն, և Ադրբեջանը երեք կամ երկու հոգի ազատ արձակվի։ Հնչած հայտարարություններն ունեն գին, որը պետք է վճարի Հայաստանը։ Սանկցիաների պատճառով Ադրբեջանը կարող է այնքան կորցնել, որ մտածի՝ ավելի լավ է՝ տույժ ու տուգանք չունենալ»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը լիահույս է, որ միջազգային հանրության արձագանքը և հորդորը անարդյունք չեն մնա, և ճնշման ներքո Ադրբեջանը ազատ կարձակի մեր հայրենակիցներին։ Պատգամավորը ժամկետեր չի նշում՝ զգայուն հարց է, բայց «ամենօրյա, ամենժամյա աշխատանքը կտա իր դրական արդյունքը»: Տաթևիկ Հայրապետյանը ուշադրություն է հրավիրում ևս մեկ կարևոր հարցի վրա. «Երեք մեր հայրենակիցների վերադարձով Ադրբեջանը փաստեց և հերքեց ավելի վաղ արված  այն հայտարարությունները, որ իրենց մոտ այլևս չկան հայ ռազմագերիներ»:

Պատգամավորն ասում է. «Միջազգային ճնշման և ուժեղացման արդյունքում հնարավոր կլինի հետ ընդունել մեր հայրենակիցներին։ Հասկանում եմ ծնողների հույզերը, բայց հավատացեք, մեր աշխատանքն այդ ուղղությամբ ամենօրյա  է, և ջանք չենք խնայում միջազգային ճնշումը ուժեղացնելու և մեր հայրենակիցների անվտանգ վերադարձը ապահովելու համար»։ 

Ի՞նչ գին է վճարելու Հայաստանի Հանրապետությունը

Ադրբեջանը բացահայտ խոսել և խոսում է այն մասին, թե ինչ է ակնկալում մեր տղաների վերադարձի դիմաց: Ըստ քաղաքագետ Թևան Պողոսյանի՝ Ադրբեջանը Հայաստանի վրա հոգեբանական և քաղաքական ճնշում է գործադրում՝

կտտանքների ենթարկելով մեր հայրենակիցներին։ «Ադրբեջանը նույն թշնամին է, մեզ ընդունում է որպես թշնամի, Թուրքիայի հետ քայլեր է անում՝ դառնալու մեկ միասնություն։ Եվ այս համատեքստում, ինչո՞ւ պետք է Ադրբեջանը հրաժարվի իր ճնշման գործիքակազմից»,–հարց է բարձրացնում Թևան Պողոսյանը՝ թվարկելով Բաքվի սպասումները։

Ասում է. «Այդ գինը ճանապարհների ապաշրջափակումն է, Տավուշի անկլավների հարցը:  Ադրբեջանի ցանկություններին եթե հետևենք, ապա ցանկանում է Զանգեզուրը, Սևանը։ Ասված նախադասություններում էլ ակնհայտ է դառնում այդ գինը։ Անվստահելի երևույթ է Ադրբեջանը, որը պայքարում է ՀՀ–ի դեմ՝ առանց իր շահերը ոտնատակ տալու։ Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ է զբաղված մեր իշխանությունը։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մեր շահերը առաջ տանալու համար։ Նոյեմբերի 10-ից սկսած՝ գործող իշխանությունը պարտության է տանում Հայաստանը։

ՀՀ–ՌԴ համագործակցություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի փոխանցմամբ, ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձի համար տարվող աշխատանքներում։

Ըստ Դավթյանի՝ այդ խողովակն օգտագործելով կարևոր քայլեր են իրականացվում.

«Հաջողվում է ճշգրտել ցուցակները և հատկապես գերիների նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկություն փոխանցել՝ դնելով հստակ պահանջ, որ դրան պետք է հաջորդի իրավական գործընթաց, որպեսզի Ադրբեջանը գիտակցի դրա բարձր պատասխանատվությունը»։

Դատախազը նշում է, որ պատերազմին առնչվող քրգործերով կան բազմաթիվ հետապնդումներ, սակայն, դրանց մասին հրապարակային խոսելն արդարացված չէ: «Մենք խնդրին վերաբերվում ենք իրավական հարթության մեջ և մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելով՝ գտնում ենք, որ դա չի օգնի, այլ կվնասի գործընթացին»,- ասաց գլխավոր դատախազը:    

Մայիսի 6-ին Երևանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահեցրեց, որ առաջիկայում կլուծվի Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ գերեվարված անձանց վերադարձի հարցը: Լավրովն ընդգծեց, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների հետ կողմ է հումանիտար խնդիրների լուծմանը, այդ թվում՝ պահվող անձանց վերադարձի գործընթացն ավարտին հասցնելուն: «Հասկանում ենք այդ քայլի խորհրդանշական, հուզական նշանակությունը և վստահ ենք, որ կկարողանանք առաջիկայում լուծել խնդիրը: Դա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի մյուս բոլոր խնդիրների վերջնական կարգավորման հարցում: Աջակցելու ենք այդ հարցերի կարգավորմանը»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Վերջին ինքնաթիռը Բաքվից Երևան ժամանել է մայիսի 4–ին՝ երեք հայ ռազմագերիներով։ Մինչև այսօր հայրենիք է վերադարձել 72 ռազմագերի։ Տարբեր տվյալներով՝ Ադրբեջանի բանտերում դեռ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ է պահվում:

Back to top button