ԿարևորՏնտեսական

Ինչո՞ւ են թանկանում իրանական ապրանքները մինչ սպառողին հասնելը

Պետական Եկամուտների Կոմիտեն արհեստական խոչընդոտներ է ստեղծում Իրանի Իսլամական Հանրապետությունից ապրանքների ներկրման համար․ իրենց այս դժգոհություններն են ներկայացրել Իրանից  ներմուծմամբ զբաղվող որոշ գործարարներ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։  

ՊԵԿ նախագահը, սակայն, նախորդիվ լրագրողների հետ ճեպազրույցում խնդրի հետ կապված պարզաբանում է ներկայացրել՝ շեշտելով, որ Իրանից ներկրվող ապրանքների մասով որևէ խնդիր չկա։    

2015 թվականից իրանական ապրանքների ներմուծմամբ և դեպի Ռուսաստան արտահանմամբ զբաղվող գործարար, «Մարկ թրեյդինգ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Արտաշես Ակուլյանն ասում է՝ իրենց գործունեությամբ հայկական տնտեսությանը որևէ վնաս չեն տալիս, տեղական արտադրությանը չեն խոչընդոտում, սակայն բախվում են լուրջ խնդիրների։ Մասնավորապես, ներկրվող ապրանքները, օրինակ՝ սեխը, մաքսազերծելիս ՊԵԿ-ը պնդում է, որ Իրանում տվյալ ապրանքը արժե շատ ավելի թանկ, քան մենք գնել ենք իրականում՝ ասաց։  

«Կամայականորեն ՊԵԿ-ը տնտեսվարողներին ստիպում է վճարել մի քանի անգամ ավել բարձր մաքսատուրք, քան իրականում ապրանքն արժե»,-ասում է Ակուլյանը։      

Դրա հետևանքով ստացվում է, որ Իրանում մատչելի գնով վաճառվող ապրանքները Հայաստանի քաղաքացիների համար հասանելի են դառնում խիստ բարձր գներով, քանի որ բարձր մաքսատուրքը ազդում է արդեն սպառողին առաջակվող վերջնական գնի վրա՝ շեշտում է գործարարը։  

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, սակայն, նախորդիվ լրագրողներին ի պատասխան՝ շեշտել է, որ Իրանից ապրանքների ներկրման որևէ խնդիր չկա։

«Խնդիրներ չեն հարուցվել։ Իրանից ներկրվող ապրանքներն մաքսազերծվում են։ Որևէ խնդիր չկա»,-շեշտել է Հովհաննիսյանը։      

Գործարարներին, սակայն, չեն բավարարում ոչ վստահեցումը, ոչ էլ հիմնավորոմւները։  Արտաշես Ակուլյանը, որ ասուլիսի էր եկել  իրանցի գործարար-ընկերոջ՝ Աբդոլռեզա Աբբասիի հետ, պնդում է՝  «Մեր գրպանից գնում է ավել փող, ի դեպ, ոչ ՀՀ-ի բյուջե, այլ՝ ԵԱՏՄ մաքսային բյուջե։ Ընդ որում՝ մեր ՊԵԿ-ը մեզանից անօրինական է այդ գումարը պահանջում։ Մենք պարզապես ասում ենք՝ օրինական բերում ենք, իրատեսական գնով ինվոյսներն ընդունեք կամ, լավ՝ չեք ընդունում, ձերը հիմնավորեք»։   

Գործարարները շեշտեցին՝ իրենց նշած ոչ հիմնավոր՝ բարձր գնով ապօրինի մաքսազերծման խնդիր կա։ Դեմ են դրան և հետամուտ են լինելու խնդրի կարգավորմանը։ Ասացին նաև, որ ՊԵԿ-ն արհեսատականորեն դժվարացնում է և՛ գործարարների աշխատանքը, և՛ ոչ մատչելի է դարձնում շատ ապրանքներ ՀՀ քաղաքացիների համար։

«Ռադիոլուրը» ՊԵԿ-ից ակնկալում է բարձրացված խնդրին առնչվող որոշ պարզաբանումներ։

Back to top button