ԿարևորՀասարակություն

Եթե կա խախտում, կազմում ենք արձանագրություն․ տեսչական մարմինը ստուգում է՝ առանց նախկին-ներկա տարբերակելու

Արմավիրի գյուղերից մեկում ստուգումները պարզել են, որ համայնքի ղեկավարի անգործության և ծառայության շահերից չբխող գործողությունների հետևանքով  համայնքին 113մլն 305 հազար դրամի նյութական վնաս է հասցվել: «Ռադիոլուր»–ին դեպքի մասին հայտնել է քաղաքաշինական, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։ Հողերի օգտագործումն ու պահպանումը  տեսչական մարմնի առանցքային գործառույթներից է։ 

2019 թվականին տեսչական մարմինը Արմավիրի և Արարատի մարզերում  41 ստուգում է անցկացրել, 21–ը՝ ըստ անհրաժեշտության։ 2021թվականին կազմվել է 20 ակտ, 12 հաղորդում ուղարկվել է գլխավոր  դատախազություն։ Գեղամ Շախբազյանի պարզաբանմամբ՝ հաճախ համայնքներում հողերն օտարվում են առանց նշանակության փոփոխության ՝ չիմացության պատճառով։  Ըստ անհրաժեշտության՝ տեսչությունը նախատեսում է ստուգումներ անցկացնել նաև Սյունիքի մարզում։

«Սյունիքը տարեկան պլանով հաստատված մեր մարզերից է։ Անցյալ տարի, ըստ անհրաժեշտության, ստուգում էինք իրականացրել Կապանում։ Այժմ որոշեցինք պրոբլեմատիկ մարզերում ստուգումներ իրականացնել։Եթե տարեկան պլանով շարժվենք, չենք հասցնի»,– ասում է տեսչական մարմնի ղեկավարը։

Ստուգման նպատակով՝ մարզի կամ գյուղի ընտրությունը չի կարող պայմանավորված լինել համայնքապետի քաղաքական կեցվածքով, վստահեցնում է  Գեղամ Շախբազյանը: Ասում է՝ Սյունիքի՝ սահմանամերձ մարզ դառնալը չպետք է խանգարի իրենց աշխատանքներին։ Հողերի օտարումն իրականացվել է բիզնես գործունեություն՝ ջերմոցներ, ձկնաբուծական տնտեսություններ, արտադրական նշանակության օբյեկտներ կառուցելու համար։ Հիմնական խնդիրը հենց այստեղ է,- արձանագրում է տեսչական մարմնի ղեկավարը: Պարզաբանում է՝ բիզնես նպատակով հողերն օտարվել են առանց կատեգորիան փոխելու և  համայնքին էական վնաս պատճառելով: Տեսչական մարմինը պարզել է նաև, որ առանց հողերի նշանակությունը փոխելու տրամադրվել են նաև գերեզմանոցային տարածքներ:  Այժմ օրենսդրական փոփոխություններ են կատարում:

Տեսչական մարմինը որևէ մեկին չի թիրախավորում՝ լինի նախկին, թե ներկա,- վստահեցնում է Գեղամ Շախբազյանը,-խախտում արձանագրելիս՝  համապատասխան հաղորդում են  տալիս։

Back to top button