ԿարևորՀասարակություն

Արևային կայանները՝ էներգետիկ ռազմավարության մաս

Ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են կառուցել ինքնավար կայաններ և արտադրված էլեկտրոէներգիայի ավելցուկը վաճառել էլցանցերին։  Ֆիզիկական անձինք մինչև 150, իրավաբանականը՝ մինչև 500 կիլովատ։ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանի խոսքով՝ պետություն–մասնավոր  համագործակցության մեջ որոշիչ դեր է ունենալու առաջարկվող էլեկտրոէներգիայի սակագինը.

«Դա, բնականաբար,  բերելու է էլեկտրոէներգիայի սակագնի նվազմանը: Այդ նոր օրենսդրությունը նախատեսում է, որ յուրաքանչյուր գրանցված արտադրող հնարավորություն է ունենալու վաճառել իր էլեկտրոէներգիան սպառողներին»,- ասում է Ասատրյանը։

էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրն ընդունվել է հունվարի 18–ին։ Նախատեսվում է մինչև 2030թ. կառուցել արևային ֆոտովոլտային կայաններ՝ մինչև 1000 մեգավատ  հզորության: Կայաններից հոսանքի առաքման միջոցով արտադրված էլեկտրոնէներգիայի քանակը կազմելու է ընդհանուր արտադրված էլեկտրոէներգիայի քանակի մինչև 15 տոկոսը։

Կարեն Ասատրյանի խոսքով՝ հաշվի առնելով վերջին տարիների միջազգային փորձը և հաշվարկները՝ Հայաստանում օգտագործող տեխնոլոգիաներով կարողացել են  մինչև 30–40 տոկոս էներգախնայողություն ապահովել։ Խնայված յուրաքանչյուր կիլովատը երկու անգամ ավելի էժան է, քան նույն էլեկտրոէներգիան արտադրելու համար ծախսված գումարը:

«Այսինքն՝ էներգախնայողության համար ծախսված գումարը շատ ավելի էժան է, քան այդ էլեկտրոէներգիան առաքելու համար արտահանված և մատակարարված գումարը։ Այդ տեսանկյունից կարելի է համարել, որ էներգախնայողությունը վերականգնող էներգետիկայի ռեսուրսի տեսակ է, որ երկուսից երեք անգամ էժան է», բացատրում է Կարեն Ասատրյանը:

Բացի արևային կայաններից, նախատեսվում է նաև հողմային էներգետիկայի զարգացում։ Ակնկալվում է, որ 2040թվականին ընդառաջ՝ կունենանք մինչև 500 մեգավատ համակարգային նշանակության հողմային կայաններ։ Ջանքեր են ներդրվում՝  էներգախնայողությունը մշտապես կարևորելու ուղղությամբ։

«Հայաստանում  բոլոր ոլորտները ունեն էներգախնայողության պոտենցիալ, օրինակ՝ Հայաստանում բազմաբնակարան տներում և շենքերում օգտագործվում է սպառվող էլեկտրոէներգիայի 33 տոկոսը, որը բավականին մեծ գումար է կազմում, և փոքր ներդրումով հնարավոր է սպառվող էլեկտրոէներգիայի քանակը իջեցնել մինչև 40 տոկոս»,– նշում է Կարեն Ասատրյանը։

Արևային էներգիայի զարգացումը խթանելու նպատակով Գեղարքունիքի մարզում կառուցվում է Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանը։ Շահագործումը նախատեսված է 2024–ին։ Ծրագրվում է «Այգ–1» 200 ՄՎտ հզորությամբ  արևային կայանի կառուցումը՝ Թալին և Դաշտադեմ համայնքներում, այնուհետև՝«Այգ– 2» կայանը՝ Կոտայքի մարզում։

Back to top button