ԿարևորՀասարակություն

Գյումրիի 2-րդ դպրոցի 5 հերոս զավակները

Գյումրիի թիվ 2 դպրոցի 5 հերոս շրջանավարտների պատվին այսօր  դասարան ու հիշատակի անկյուն է բացվել։ Արցախյան պատերազմում զոհված տղաների հարազատներին իրենց խոնարհումն ու հարգանքը մատուցելով՝  դպրոցում ևս մեկ անգամ հիշել են հերոսների սխրանքների ու անկատար երազանքների մասին։

3-ամյա Միքայելը երգիչ է դառնալու, արդեն դպրոցահասակ Մարիամը՝ նկարչուհի:  Երազանքների մասին խոսելիս հույզերը խեղդում են։ Եկել են հերոս հոր՝ մեր օդային արծիվ Վալերի Դանելինի և Գյումրու համար 2 դպրոցի մյուս 4 հերոսների հիշատակի միջոցառմանը։

Մանկավարժներից Էմմա Միրզախանյանը հիշում է սաների ամեն խոսքն ու բոլոր երազանքները։ «Երրորդ դասարանում շարադրություն էին գրել «Ինչ եմ ուզում դառնալ» թեմայով։ Վալերին գրել էր, որ ուզում է օդաչու դառնալ։ 10-րդ դասարանում դասղեկը, որ պահել էր այդ շարադրությունները, բերեց, Վալերին տեսավ ու ոգևորությամբ ասաց․ «Տեսեք, ես իրագործել եմ իմ երազանքը»։ Նա արդեն դիմել էր ռազմաավիացիոն ինստիտուտ։ Առաջին զոհը, որ ունեցանք, Վալերին էր Դանելին»։

Վալերին առաջին հերոսացողներից էր։ Մանկավարժները վշտի հետ չէին կարողանում  համակերպվել, իսկ  դպրոցի անկյունը համալրվում էր նոր հերոսների նկարներով։

«Մեր մյուս աշակերտը Էրիկն էր Ազատյան։ Միշտ տխուր էր, խելոք, համեստ, բարի, մարդասեր։ Բա Մարտինը, այնքան խոնարհ, այնքան խելոք, 10 տարի սովորել է մեր դպրոցում ու ոչ մի անգամ դիտողություն չի ստացել, մեր հպարտությունն էր։ Մինասը Հովհաննիսյան․․․ Եկել էր դպրոց, աշխատանք էր փնտրում․․․ Գնաց միացավ մահապարտների ջոկատին ու անմահացավ․․․  Սերգեյը Զաքյան, սպասում էինք նրա վերադարձին․․․»

Սերգեյին երկար փնտրեցին ու գտան հերոսացած տղաների շարքում։ Դպրոցի կանաչ անկյան կարմիր կրակը՝ տղաների նկարների մոտ, մուտքից ներս մտնողին կհիշեցնի հերոսական նվիրումի մասին։ 

Ցուցադրել ավելի
Back to top button