ԿարևորՀասարակություն

Covid-19. երբ է անհրաժեշտ ունենալ «կանաչ անձնագիր»

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)  տարածման կանխարգելման միջոցառումների արդյունավետ իրականացնելու նպատակով:

Նախատեսվում է նաև ՀՀ մուտք գործող անձի կողմից ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)  դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ պատվաստման սերտիֆիկատ: Որոշումը կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը, տնտեսության որոշ ոլորտների ակտիվացմանը:

Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը՝ «կանաչ անձնագիրը», այսուհետև Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա:

«ՊՇՌ թեստի բացասական արդյունքը և պատվաստման «կանաչ անձնագիրը» հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ: Պետք է ուշադրություն դարձնել, որ սա մեր երկիր մուտք գործելու պահանջն է, այլ երկրների քաղաքականությունը ևս փոփոխվում է ժամանակի ընթացքում: Պետք է ուշադիր լինել  և երկրից մեկնելու համար պետք է նայել, թե տվյալ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։

Հանվել է նաև մինչև 1 տարեկան երեխաների երկիր մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է,  որ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս:

«Այսօր ունենք 425 դեպք, որը փոքր թիվ չէ, բայց եթե նայում ենք վերջին 10 օրվա դինամիկայի մեջ,  կարող ենք արձանագրել, որ վիճակը կայունանում է»,– ասել է Փաշինյանը:

Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ երեկվա դրությամբ ունենք 7100 պատվաստված:

Ցուցադրել ավելի
Back to top button