ԿարևորՀասարակություն

«Քաղաքական կասկածամտությունից» մինչև «քաղաքական անհանդուրժողականություն»

Ներքաղաքական դաշտում լարվածության հերթական ալիքն է առաջացրել  Հայաստանի առաջին նախագահի առաջարկը։ Երկրորդ և երրորդ  նախագահներին Տեր–Պետրոսյանն առաջարկել էր միավորվել Ազգային համաձայնության դաշինքում։ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մերժել են  առաջարկը․ նրանից յուրաքանչյուրն  ընտրությունների է գնում  իր դաշինքով։ Թեև Հայաստանի  նախկին ղեկավարների միավորման տապալումն արդեն փաստ է, բայց թեման քննարկվում է տարբեր տեսանկյուններից։

2008–ը քաղաքական խա՞ղ էր, թե՞ ոչ․ սա հարցերից մեկն է, որն առաջացել է առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ երկրորդ և երրորդ նախագահներին ուղղված առաջարկից հետո։ Հատկապես այդ առաջարկին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձագանքի ֆոնին․  

 «Այս խոսակցությունները ենթադրում եմ, ավելի կակտիվանան և այդպես պնդող մարդիկ կասեն, նաև իմ և ոչ միայն իմ երեսով կտան, կասեն՝ տեսա՞ք, բա որ այն ժամանակ ասում էինք՝ էս ամեն ինչը թատրոն է, իզուր գնացիք այդ ամեն ինչի մեջ մտաք և այլն, և այդպես շարունակ։ Փաստորեն, միակ բանը, որ քաղաքական գործունեության ընթացքում Լևոն Տեր –Պետրոսյանին հաջողվել է, նախկինում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իշխանության բերելն է և իշխանության պահելը։ Ավազակապետական հեղափոխությունը չի ստացվի»։

Արտահերթ ընտրություններին միասնական դաշինքով գնալու առաջարկը Տեր–Պետրոսյանը հիմնավորել էր միասնականության և համերաշխության անհրաժեշտությամբ։ Ակնկալում էր, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կստորագրեն հայտարարությունը, որտեղ կար հետևյալ ձևակերպումը․

«Անկախ նախկինում ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով»:

Elections 2017

Առաջարկի հասցեատերերն այն արդեն մերժել են, փոխարենը գաղափարը պաշտպանել են  Հայաստանի նախկին վարչապետերից Արմեն Դարբինյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։ Այս գործիչներն առաջարկում ավելի խորը նպատակ և իմաստ են տեսնում ։   

«Չընդունել այն, նշանակում է գործող իշխանության հետ կիսել Հայաստանի նախ պետական, ապա և, հավանական է, տարածքային մասնատման, Արցախի վերջնական կորստի համար պատասխանատվությունը»,– ֆեյսբուքում գրել է Աթանեսյանը, իսկ Արմեն Դարբինյանը Թվիթերում խոստացել է՝ եթե 3 նախագահների միավորումը լինի, հրաժարական կտա Հայ–ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնից և կլծվի իշխող ռեժիմի քաղաքական տապալմանը:

«Այլապես կհամարեմ, որ դուք ամեն ինչ արեցիք՝ Փաշինյանի իշխանության վերարտադրման համար»,– գրել է Դարբինյանը։

Որևէ քաղաքական ուժ իշխանափոխության բավարար ռեսուրս չունի՝ հիմնավորում են այս գործիչները։ Նույն համատեքստում առաջարկը ողջունում է Թևան Պողոսյանը․

 «Քանի որ Լևոն Տեր– Պետրոսյանն ասել է, որ չի հավակնում որևէ պաշտոնի և առաջարկի հիմքում միավորման քաղաքական գաղափարն է, ապա դա նաև խոսում է այն մասին, որ բոլորս մեր  ջանքերը միավորում ենք մեկ առաջնահերթության շուրջ, որ գործող իշխանությունները վերարտադրություն չկարողանան ունենալ, որովհետև այդ վերարտադրությունն ավելի վտանգավոր է Հայաստանի համար, քան անվտանգության որևէ այլ մարտահրավեր»։

2008–ի պայքարում Լևոն Տեր–Պետրոսյանի կողքին պայքարող Լիլիթ Մակունցն այսօր արդեն՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի կարգավիճակում տարակուսում է Տեր–Պետրոսյանի գնահատականներից։ Վերջին տարիների պետական կառավարումը  «աղետ» որակելու առաջին նախագահի մոտեցումը  և հայտարարության բովանդակությունը հարուցում են  խորհրդարանական մեծամասնության ղեկավարի տարակուսանքը։  

 «Շատերը սովոր են առաջին նախագահից լսել բոլորովին այլ տեքստեր։ Ինձ համար՝ որպես նախկինում առաջին նախագահի հետ նույն թիմի անդամ, շարժման մաս եղած մարդ, ինչը արժեքաբանական հիմք է ունեցել, այդ հայտարարությունը տարակուսելի է»։

Ոչ թե նախկին նախագահների հայտարարություններն ու արձագանքները, այլ արդեն  նրանց հանդիպումները կլինեն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ուշադրության կենտրոնում։

 «Նախ՝ հետաքրքիր է, որ պատերազմի ընթացքում էլ է նման հանդիպման ֆորմատ եղել, և իրենք ցանկացել են համատեղ ինչ–որ նախաձեռնություն անեին։ Եթե հիշում եք՝ այն ժամանակ և հետո մեղադրեցին վարչապետին, որ չստացվեց իրենց համագործակցությունը։ Ես կարծում եմ, որ այդ հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել։ Ի դեպ, հիշում եք չէ՞, մարտի 25–ին, երբ հանդիպել են հայտարարել են, որ Արցախի համար են հանդիպել, բայց վերջում պարզվում է, որ հանդիպել են ցուցակ ճշգրտելու համար։ Ու նույնիսկ այդ պայմաններում չստացվեց իրենց համագործակցությունը, ու կարծում եմ, որ խնդիրը որևէ անձ չի այդ եռյակից, այլ՝ հենց իրենք են»։

Նախընտրական շրջանը դեռ չսկսված՝ քաղաքական ուժերի կասկածամտությունը և անհանդուրժողականությունը միմյանց հանդեպ ավելի է մեծացել ու դժվարացրել ընտրողի վիճակը։ «Քաղաքական անհանդուրժողականության» մասին վերջին շրջանում պարբերաբար  խոսում է նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրան մտահոգում է հասարակության խորացող բևեռացումը։ Ամենամեղմը  նոր ու նախկին, սև ու սպիտակ ձևակերպումներն են․

 «Դատապարտելի է ընդդիմության առանձին շրջանակների կողմից գործածվող բառապաշարով Հայաստանը խմբերի բաժանելու, մարդկանց վիրավորելու օրակարգի զարգացումն ու նույնիսկ դրա խրախուսումը։ Օրինակ՝ անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող առանձին գործիչների կողմից հասարակության մի մասին վիրավորող արտահայտությունների այնպիսի օգտագործումը, ինչպիսիք են «ժեխ», «զոմբիներ» և այլն։ Նույն սկզբունքով դատապարտելի է նաև իշխանական շրջանակների կողմից հանրային լայն կիրառություն ստացած այնպիսի բառապաշարի գործածումը, որն ավելի է նպաստում երկրում անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը։ Օրինակ՝ «պիցայակեր», «ծախված» և այլն»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր հանդես է եկել նախաձեռնությամբ․ ընտրապայքարի մեջ մտնող բոլոր քաղաքական ուժերին առաջարկում են ստորագրել հայտարարության տեքստ՝ բացառելու նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ տեղեկացնելով, որ փաստաթուղթը բաց է քաղաքական բոլոր ուժերի համար։

Միանալով փաստաթղթին՝ քաղաքական ուժերը պարտավորվում են նախընտրական պայքարի շրջանում հանրային խոսքում զերծ մնալ վիրավորանքից ու զրպարտությունից, այնպիսի բառապաշարից, որը կխարխլի  «հայ ժողովրդի միասնականությունը» կամ բացասաբար կազդի հանրության բարեկրթության վրա։

Back to top button