ԿարևորՀասարակություն

Մատչելի կյանք՝ բոլորի համար․ պարտադրում է օրենքը

Հաշմանդամության կարգի փոխարեն՝ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան, անհարմարավետ կառույցների փոխարեն՝ յուրաքանչյուրին  մատչելի շինություններ, հաշմանդամություն ունեցող անձանց խանգարելիս,  ամոթանքի փոխարեն, նյութական հարված գրպանին։ Այս փոփոխությունները սահմանվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» փոփոխված օրենքով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետԱննա Հակոբյանը ներկայացնում է օրենքի էությունը՝ ամփոփ.

«Ե՛վ ֆիզիկակական, և՛ իրավաբանական անձիք պարտավոր են գործել այնպես, որպեսզի հնարավորություն տան իրենց գործունեության մասնակից դարձնելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց։ Եվ սա ոչ թե բարի կամքի դրսևորում է լինելու, այլ օրենքով սահմանված են բոլոր պահանջները, նաև պատժի մեխանիզմներն այդ պահանջները չկատարելու դեպքում»։

Ազգային ժողովում ընդունված փաթեթի կարևոր բաղադրիչներից մեկը «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքն է, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1–ից։ Հաշմանդամություն ունեցող անձիք այդուհետ ոչ թե առաջին, երկրորդ կամ երրորդ կարգ կստանան, այլ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան՝ թեթև, միջին, ծանր և խոր։ Մանրամասնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»  ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը.

«Մեր իմացած բժշկասոցիալական փորձաքննությունն է, որով պետությունը գնահատում է հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալությունը, և դրա հիման վրա ճանաչում նրա հաշմանդամություն ունենալ–չուննալու հանգամանքը կամ ծառայությունների կարիք ունենալ– չունենալը։ Սա ընդամենը գործիք է, որը կօգնի ունենալ առավել ճշգրիտ տվյալներ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների վերաբերյալ և տրամադրել նրանց ծառայություններ»։

Փոփոխվել է նաև գնահատում կատարող թիմի կազմը։ Մինչև փոփոխությունները թիմը բաղկացած էր միայն բժիշկներից, այժմ կներգրավվեն  նաև ֆիզիոթերապիստներ, հոգեբաններ և այլ մասնագետներ:

Աննա Հակոբյանը նշում է, որ չեն մոռացել նաև պայքարը հնարավոր կոռուպցիոն ռիսկերի դեմ.

«Այստեղ ևս մեկ սկզբունքային փոփոխություն կա. այդ թիմը ձևավորվելու է պատահական ընտրությամբ։ Մասնագետների բազա է ձևավորվում, որտեղից հաշմանդամությունը գնահատվող մարդուն հրավիրելու օրվանից ընդամենը 1-2 օր առաջ ձևավորվում է գնահատող թիմը։ Սա նաև հակակոռուպցիոն քայլ է»։

Հաշմանդամություն ունեցող մարդիկ ամենուր են, բոլոր ոլորտները պետք է դառնան ներառական եթե ոչ նրանց օգնելու, ապա գոնե չխանգարելու համար։Այս նպատակով փոփոխությունները ենթադրում են նաև ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիության ապահովում.

«Կան սահմանված տույժ ու տուգանքներ, որոնք վերաբերում են ֆիզիկական մատչելիությանը և դրա հիմքը պետք է լինի ունիվերսալ դիզայնը։ Առաջին անգամ խնդիրը հայտնաբերելու դեպքում տուգանքը 250-300 հազարապատիկ է, յուրաքանչյուր հաջորդ դեպքում՝ 500-800 հազարապատիկի չափով»:

Ֆիզիկական մատչելիության նորմերը պետք է պահպանվեն նոր կառուցվող շենքերում, նաև՝ ավելի վաղ կառուցվածներում: Դրանք ամբողջությամբ  վերակառուցելու և հաշմանդամություն ունեցող անձանց համապատասխանեցնելու համար սահմանվել է եռամյա ժամկետ։

«Սա շատ կարևոր, պատմական  իրադարձություն է, որովհետև օրենքի համար պայքարել էին բազմաթիվ հկ–ներ երկար տարիներ, բայց, իհարկե, սա առաջին քայլն է։Կարևոր է, որ հետագա բոլոր գործողությունները, այդ թվում ենթաօրենսդրական նորմերի ընդունումը և մոնիթորինգի մեխանիզմների կիրառումը արդյունավետ լինի, որ ունենանք օրենսդրություն, որը գործնականում ազդեցություն է ունենում հաշմանդամություն ունեցող մարդու կյանքի վրա»:

Հայաստանում«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը ընդունվել է 1993 թվականին: Տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ է կրել, բայց, ըստ փորձագետների, լրացումների կարիք ուներ: Օրենքի շահառուները, նաև նրանց խնդիրներով զբաղվող պատասխանատուները հուսով են, որ դրական արդյունքները երկար չեն սպասեցնի:

Back to top button