ԿարևորՏնտեսական

Ինչի՞ հաշվին է հարկային ռեկորդ գրանցվել. փակագծերը բացում են մասամբ

«Այս տարվա ապրիլին  հարկային եկամուտները, ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ: Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի Հանրապետության համար»,– կառավարության նիստն այս լուրով է  սկսել վարչապետի պաշտոնակատարը: Նա ասել է, որ սրանում կարևոր դեր են  խաղացել անցյալ տարի համավարակի պատճառով հետաձգված շահութահարկի գումարները, որոնք վճարվել են ապրիլին։

«Ռադիոլուր»–ը այս թեմայի շուրջ զրուցել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ։ Նա նշել է, որ որոշիչ է եղել  նաև գնաճը։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարկային քաղաքականության մի քանի ռեկորդի ևս:   

Ռեկորդային ցուցանիշեր՝ հարկային մուտքերի վիճակագրությունում։ 2021–ի ապրիլին արձանագրված հարկային հաջողություններին մայիսի 1–ին անդրադարձել էր նախ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը՝ Ֆեյսբուքյան գրառմամբ։ Հետո վարչապետի պաշտոնակատարը կառավարության նիստում հստակեցրեց՝ 2021 թվի ապրիլի հարկային եկամուտները, ներառյալ՝ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ։ Թե որ հարկատեսակների մասով որքան հարկ է հավաքվել՝ ՊԵԿ–ը դեռ չի հրապարակել։ Նիկոլ Փաշինյանն անկեղծանում է՝ թվերը ներկայացնելիս խորամանկության են դիմել.

«Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի Հանրապետության համար: Ճիշտ է, այստեղ կա մի փոքր, կոպիտ ասած, խորամանկություն՝ այն առումով, որ, հիշում եք, անցյալ տարի, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, մենք հետաձգեցինք, ավելի ճիշտ՝  կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել: Այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա, ինչը ոչ թե վատ է, այլ լավ, որովհետև արդարացվել է նախկինում կայացված մեր որոշումը, և դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել, որպեսզի այն գումարները, որոնք պետք է բիզնեսը վճարեր, այսինքն՝ իրենից օտարեր, մնան շրջանառության մեջ և օգնեն ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել»:

Այն, որ ռեկորդային հարկահավաքության ցուցանիշի վրա մեծապես ազդել է շահութահարկը, «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նշում է նաև Ազգային ժողովի  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա չի կարծում, որ աննախադեպ հարկահավաքությունը պայմանավորված է միայն տնտեսական աճի վերականգնմամբ. մինչ սպառողներն ամեն օր առաջին անհրաժեշտության ապրանքների  թանկացում են արձանագրում, պարզվում է՝ գնաճն օգնել է ռեկորդ սահմանել.

«Հարկային եկամուտների մեջ դեր է խաղում գնաճը, այն , որ մենք հետաձգել ենք շահութահարկի վճարումները, և այժմ այդ գումարները վերադառնում են բյուջե։ Այստեղ կարևոր է նաև ստվերի կրճատումը։ Փաստ է, որ հարկային եկամուտները հավաքագրվել են նախատեսված ծավալից ավելի»։

Պետբյուջե են վճարվում չվճարված շահութահարկի գումարները, սակայն, առաջին եռամսյակի տվյալներով ուղղակի հարկերի մասնաբաժինը նվազել է, անուղղակի հարկերինը՝ ավելացել։ Թունյանը բնական է համարում, որ շահութահարկը նվազել է, հիշեցնում է համավարակի ու համատարած լոքդաունի, ձեռնարկությունների՝ վնասով աշխատելու  մասին։ ԳՀՄՆ Գագիկ Մակարյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում  ընդգծում է՝ բիզնեսը անցայլ տարի  ոչ թե ներդրումներ է արել ,այլ՝ սպառել կուտակած գումարները.

«Աշխատավարձ  պետք է վճարեր, հիմնարկը պահեր։ Վերապրոֆիլավորեր ընկերությունը։ Պետական գործիքակազմը պետության վրա շատ քիչ է աշխատում, նվազել են նաև միջազգային ծրագերը»։

Հարկային եկամուտների կշռում եկամտային հարկի ավելացումը խորհրդարանական  մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ստվերի կրճատմամբ է  պայմանավորում։ Սա նաև վարչապետի պաշտոնակատարն է ընդգծում։ Ավելին՝ նա Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը  պատմական ռեկորդ է համարում,  Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է՝ եկամտային հարկի դրույքաչափի համահարթեցումից հետո աշխատատեղերն ավելացել են, միջին աշխատավարձը բարձրացել է: 

«Մենք ավելի ցածր եկամտային հարկի պայմաններում ունենք ավելի մեծ եկամտային հարկի բազա։ Այսինքն՝ ավելի ցածր հարկային դրույքով ավելի շատ հարկեր ենք հավաքում։ Այն, ինչ որ ես հիմա ասացի, դարակազմիկ բարեփոխումներ են ՀՀ–ի համար»։

Կառավարությունը մարում է նաև բիզնեսին ունեցած պարտքը։ Այստեղ էլ են ռեկորդ գրանցել՝ արձանագրելով  բիզնեսին վերադարձվող ԱԱՀ–ի ամենացածր ցուցանիշը՝ 67.4 մլրդ դրամ։ Երեք տարում տնտեսավարողներին 276 մլրդ դրամ է վերադարձվել։

Back to top button