ԿարևորՀասարակություն

Արդարադատությունը չի հասցնում սպասարկել քաղաքացիներին․ դատավորները քիչ են, գործերը՝ շատ

Դատական գործերը շատ են, դատավորները՝ քիչ․ արդյունքում՝ արդարադատությունը ուշանում է, իսկ գործերի քննությունը ձգվում տարիներով։ Պատճառը դատավորների գերծանրաբեռնվածությունն է, որը պետք է հասցնել միջինի՝ ասում է արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը։ Նրա խոսքով՝ սայլը տեղից շարժելու համար նախարարությունը քայլեր  ձեռնարկել է։  Մասնավորապես՝ ներդրվել է էլեկտրոնային արդարադատության գործիքակազմը, ինչը մի քանի անգամ արագացրել է դատավորների աշխատանքը։ Ներդրվել է նաև պարզեցված վարույթի ինստիտուտը, որի արդյունքում  գումարի բռնագանձման գործերը քննվում են ավելի կարճ ժամկետներում։ Դատական գործերի ձգձգման պատճառներից մեկն էլ առնչվում է հայցադիմումը վերադարձնելու պրակտիկային։

«Այս խնդիրը ևս անդրադարձ կա դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունում։ Ուսումնասիրություններ են արվում, թե ինչպես կարելի է այս մեխանիզմը վերցնել դատավորից և, օրինակ, փոխանցել նրա գրասենյակին, որ պրոցեսը դառնա ոչ թե առանձին գործ անելու պարտականություն կամ անհրաժեշտություն, այլ  օրինակ սխալները շտկելու սովորական ընթացակարգ»,-ասում է Դադունցը։

Փաստաբան Կարեն Թումանյանը դատական գործերի քննության ձգձգումը պայմանավորում է , նախ,  դրանց մեծ ծավալով, ապա նաև  հայցադիմումները վերադարձնելու   պրակտիկայով։ Փաստաբանի  կարծիքով՝  դրանք հաճախ «ձևական» պատճառաբանություններով են հետ վերադարձվում։

«Դատավորներից շատերը ներկայացված հայցադիմումները վերադարձնում են ձևական նկատառումներով՝ ամենաչնչին սխալների պատճառով։ Դրանով ձգձգում են գործընթացը և մեծացնում գործերի ծավալները»,– նշում է Թումանյանը։

«Պետական տուրքի մասին»   օրենքում վերջերս կատարված փոփոխություններով դատարան ներկայացվող դիմումների համար պետական տուրքի դրույքաչափերը  բարձրացան 2-ից մինչև 10 անգամ: Փաստաբանն այս փոփոխությունը խնդրահարույց է համարում,  կարծում է, որ այն սահմանափակում է  դատական պաշտպանության և   դատարանի մատչելիության իրավունքները։   Կառավարությունը փոփոխությունները հիմնավորել էր տնտեսական հաշվարկներով՝ նշելով, որ դատարանների ծախսերը վերջին տարիներին  մի քանի անգամ ավելին են եղել, քան տուրքերից հավաքագրված գումարը։ Կարեն Թումանյանի  խոսքով՝ դատարանները բիզնեսի սկզբունքներով չպետք է գործեն․

«Նախագծի հիմնավորումներում գրված չի բիզնես, բայց գրված է, որ դատարանի ծախսը չի համապատասխանում պետական տուրքին։ Անդրադարձ կատարված է ծախսերի և ստացված միջոցների միջև, ինչը բիզնեսին բնորոշ հաշվարկ է», – ասում է փաստաբանը։

«Պետտուրքերի մասով՝ դատարանը չի կարող լինել բիզնես, դատարանը երբեք չի կարող չակերտավոր աշխատել շահույթով և իր ծախսերը հանել, դրա մասին խոսք էլ չկա և դա դրված չի նախագծի հիմնավորումներում»,– նշում է Տիգրան Դադունցը։

Պետտուրքի դրույքաչափերի  ավելացումը խնդրահարույց են համարում նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։ Կառույցի  աշխատակազմի Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյան․

 «Գործնականում դատարանի մատչելիություն և այն բոլոր գործոնները, որոնք որ դրվել են նախագծի հիմնավորումներում այսինքն՝ ծանրաբեռնվածության թեթևացումը, դատական ակտերի և դատարաններին ծանրաբեռնել միայն ենթադրյալ հիմնավոր դիմումներով,  հավասարակշված չեն։ Ըստ մեր դիտարկման՝ պետտուրքերի դրույքաչափերի մի քանի անգամ բարձրացման առումով ևս անհամաչափության խնդիր կա», – ասում ՄԻՊ–ի գրասենյակի ներկայացուցիչը։

Ըստ Փիրումյանի՝ միջազգային մոտեցումները հուշում են՝ ավելի լավ է կանխարգելել ողջամիտ ժամկետների խախտումը, քան հետագայում ապահովել անձի փոխհատուցման իրավունքը՝ ողջամիտ ժամկետների խախտման համար։ Այսինքն՝ կանխարգելիչ միջոցառումները գերադասելի են։

Back to top button