ԿարևորՀասարակություն

«Մութ խաղեր»՝ «Վիվարոյում»․ Բուքմեյքերը քաղաքացու շահած խոշոր գումարը հետ է քաշել ու չի վերադարձնում

Արթուր Թումանյանն արդեն մեկ տարի է՝ դատական գործերով է․ «Վիվարո» բուքմեյքերական ընկերությունը չի վճարում նրա շահած 4 մլն դրամը։ «Վիվարոյի» քայլերն ու պատճառաբանություններն Արթուրը բնորոշում է որպես խաբեություն։ Իսկ «Վիվառոյից» ավելի քան 1 ամսվա ձգձգումից հետո այդպես էլ սպառիչ պատասխան չհնչեց։

Փոխարենը անստորագիր նամակով «Վիվարոյի» հետ ասոցացվող հասցեից պատասխան եկավ, թե հստակ չեն պատկերացնում բարձրացված խնդիրը, եւ որ, ըստ միջազգային վիճակագրության, «ծրագրային  սխալմունքը» հնարավոր է։

«Վիվարոյի» անցյալ տարվա փետրվարյան գովազդն Արթուր Թումանյանին գայթակղեց իր մրցանակային ֆոնդով։ Բուքմեյքերական խաղեր խաղում է արդեն մի քանի տարի։ Մշտապես պարտվել է՝ պատմում է։ Բայց գովազդվող այս խաղից առաջին անգամ Արթուրը շահեց որոշակի գումար ու նույն գումարն այլ խաղերի ուղղեց։

«Այդ նույն խաղով թիվս աճում է մոտավոր 1 մլն- 1.5 մլն։ Հետո տարբեր խաղեր եմ խաղում։  Ընդհանուր շահածս գումարը դառնում է 4 մլն քանի 100 հազար, էլ չեմ խաղում»։

Շահած ընդհանուր գումարը՝ շուրջ 4 մլն դրամ, կուտակվել էր իր անձնական, այսպես ասած՝ խաղային հաշվին։ Սակայն ինչ-որ պահի «Վիվարո» ընկերությունը օգտատիրոջ հաշվից հետ է քաշում կուտակված ողջ գումարը, ընդ որում՝ ոչ միայն առաջին, այլեւ մյուս խաղերից գոյացած։ Վրդովված օգտատիրոջը բացատրում են, թե խաղը խոտանվել է։ Մինչդեռ «Վիվարոյի» պատճառաբանություն-բացատրությունը օգտատերը որ միայն հիմնավոր չի համարում, այլեւ խաբեություն է որակում։ 

«Հիմա ասում է՝ այս խաղի հետ, որ դու սկզբից խաղացել ես, տեխնիկական խոտան է  տեղի ունեցել։ Տարբեր պատճառաբանություններ են բերում և ասում, որ այդ գումարը չենք տալու, իսկ էն մյուս խաղերն էլ, որ խաղացել ես, այս կրած գումարով ես խաղացել։ Քանի որ նրա հետ խոտան է տեղի ունեցել, ապա այս մյուսի գումարներն էլ չենք տալիս»։  

Մեկ տարուց ավելի է՝ Արթուրը դատարանի միջոցով փորձում է իր շահած գումարը «Վիվարոյից» հետ ստանալ։ Ընդ որում՝ «ինչո՞ւ է գումարը հետ գանձվել» հարցը միակը չէ, որ «Ռադիոլուրի» զրուցակիցը բարձրացնում է դատարանում։  Փորձում է պարզել, օրինակ, նույն այդ «խոտանված» խաղում պարտվողների գումարները «Վիվարոն» արդյո՞ք նույն արագությամբ եւ հետեւողականությամբ վերադարձրել է կամ երբեւէ վերադարձրե՞լ է։ Ինչո՞ւ խաղին մասնակցողին չի իրազեկվել, որ խաղը տեխնիկական խնդիր է ունեցել, եւ որ իր խաղային հաշվից գումար է հետ գանձվում։ Խաղացողը կարո՞ղ է եւ ե՞րբ կարող է տեղեկանալ, որ խաղի արդյունքը չեղյալ է հայտարարվել։   Քաշքշուկները սկսվել են ու չեն ավարտվում․ «Վիվարոյից» մեկ մի պատասխան են տվել, հետո կատեգորիկ՝ մեկ այլը՝ «չեն տալու գումարը»։

«Սկզբից հաշիվս արգելափակել են, չէի կարողանում մտնել։  Զանգել եմ իրենց գլխամաս, ինձ ասել են մեր մոտ կարգավորումներ են կատարվում,  կարգավորումից հետո կկարողանաք կանխիկացնել։  Մի ամբողջ օր նույնիսկ իմ սայտ չեմ կարողացել մտնել, դիմացն էլ հանգստյան օրեր էին, չկարողացա այդ հարցը լուծել։ Հետո ասացին՝ մոտենամ գլխամաս։ Երկուշաբթի մոտեցել եմ գլխամաս, ինձ տվել են հետևյալ պատասխանը, թե սեփականատեր Վիգեն Բադալյանն ասել է՝ այդ գումարը չտան»։

Ինչպե՞ս է ընկերությունը մուտք գործել իր անձնական հաշիվ՝ սա էլ է անհասկանալի Արթուրի համար։ 10 տարվա ընթացքում «Վիվարոյի» խաղերում Արթուրը մեծ գումարներ է պարտվել, սակայն ընկերությունը երբեք որևէ պարտություն խոտան չի համարել և կորցրած գումարը չի վերադարձրել։ 

«Հաղթելուց իրենք ասում են՝ տեխնիկական խոտան է։ Այսինքն՝ եթե խոտան է, իրենց մեղավորությամբ է եղել, իրենց համակարգիչներն են կախել։ Ես ի՞նչ իմանամ պարտվելուց կոմպերը չեն կախել։  Այսինքն՝ մարդիկ էլ կան այդ խաղի ընթացքում պարտվել են, բայց համոզված եմ՝ չեն կանչել էդ մարդկանց ասել, որ պարտվել եք»։

«Վիվարո» ընկերության, իր ձևակերպմամբ, խաբեության գործով օգտատերը դիմել է իրավապահ մարմիններին։ Հարուցվել է քրեական գործ, նյութերն էլ ուղարկվել են ոստիկանություն։ Արթուրի խոսքով՝ գործի քննության սկզբից կասկած է ունեցել, որ քննիչը գործը քննում է ի շահ «Վիվարո» ընկերության։

«Գործով զբաղվում էր քննիչ Մանուկ Կարապետյանը։ Ինքն այդ գործը կարճեց, ասեց՝ ես այդ գործի հավեսը չունեմ։ Սկզբից էլ հասկացել էի, որ ինքը չի ուզում այդ գործով զբաղվի, ինձ էլ ասեց՝ ո՞ւր ես խորացել, «Վիվարոյի» հետ ո՞տ ես գցում»։

Գործն այդ օղակում կարճվել է՝ շահում ապահոված խաղը խոտանված դիտարկելու հիմքով։ Արթուր Թումանյանի նոր փաստաբանը, սակայն,  հիմնավոր չի համարում որոշումն ու այն վիճարկում է առաջին ատյանի դատարանում։ Քաղաքացու մեղադրանքների ու խնդրի մասով «Ռադիոլուրը» փորձեց պարզաբանում ստանալ «մեղադրվող կողմից»։ Ավելի քան մեկ ամիս ձգձգվող պարզաբանումն այդպես էլ սպառիչ պատասխան չտվեց հարցերին։ Գերադասեցին հարցի բուն էությունը մի կողմ թողած գրավոր պատասխանում մի քանի անգամ շեշտել, թե «խոտան խաղ» ձեւակերպումը ճիշտ չէ։ Չբացառեցին, որ, այո, ծրագրային սխալմունք հնարավոր է։ Մեջբերում։

Տեխնիկական կամ ծրագրային խափանումների դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի չեղյալ հայտարարել  մասնակցության վճարները, շահումները, բոնուսները, ջեքփոթները, ցանկացած այլ շահում կամ մրցանակ: Վերը նշված դեպքերում չեղյալ հայտարարված մասնակցության վճարները (խաղադրույքները) վերադարձվում են օգտատերերի հատուկ խաղային հաշիվներին։

«Վիվարոյից» գրեցին, որ խաղի մասնակցին տեղեկացնում են տվյալ խաղի ծրագրային խափանման մասին։ Մինչդեռ մեզ դիմած քաղաքացու պնդմամբ՝ իրեն որեւէ նման իրազեկում չի տրվել, երբեւէ նախորդ պարտված խաղերից գումար չի վերադարձվել։ Քաղաքացին պնդում է՝ «Վիվարոն»  խաբում է։

Ի դեպ, «Դատալեքս» իրավական ակտերի տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Վիվարոյի» դեմ մի քանի տասնյակ այլ դատական հայցեր էլ կան՝ գրեթե առանց բացառության՝ գումարի բռնագանձման հարցերով։

Օգտատեր Արթուր Թումանյանը դեռ ակնկալում է ստանալ իր շահած գումարը դատարանի միջոցով։ Այս ընթացքում հասցրել է նաեւ «Վիվարոյի» տնօրենի ֆեյսբուքյան ընկերների «սեւ ցանկում» հայտնվել։

Ցուցադրել ավելի
Back to top button